Մարիամ Սուխուդյանի գործը կարճվեց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 11, 2010 18:11

Քիչ առաջ  հայտնի դարձավ, որ կարճվել է  Մարիամ Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործը,  որը  հարուցվել էր 2009թ., որ նա իբր  շահադիտական նպատակներով սուտ մատնություն է արել:

Այդ մասին տեղեկացնում է  ՀՀ դատախազության պաշտոնական կայքէջը. «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների տեղեկացնում ենք, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումով կարճվել է ուսուցչի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդված) Էրեբունու քննչական բաժնի կողմից հարուցված քրեական գործի վարույթը, իսկ նշված հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել, ընտրված խափանման միջոցը վերացվել»:

Այդ գործի նախապատմությունն ու մանրամասնությունները  տես այստեղ:

Իսկ  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է Նուբարաշենի թիվ 11 հատուկ օժանդակ դպրոցի ուսուցիչ Լ.Ս.-ի կողմից նույն կրթահամալիրի սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրով 13.11.2008թ. հեռարձակված նյութում մատնանշված հանգամանքների ստուգումը:

Իսկ երեկ Մարիամ Սուխուդյանին «Խիզախ կնոջ» մրցանակով պարգևատրեց  ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:

Դիտվել է 2099 անգամ:
Print Friendly

Leave a Reply