«Ֆեոդալացման հեղինակներից մեկն էլ Դուք եք». Փոստանջյանը՝ Քոչարյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 13, 2012 16:59

«Ժառանգություն խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը ԱԺ ամբիոնից հնչեցրած իր ելույթը սկսեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությամբ, թե ՀՀ-ում գործող այսօրվա համակարգը բերում է ֆեոդալացման:

«Հարգելի պարոն Քոչարյաան,-դիմեց նրան պատգամավորը,-ֆեոդալացման հեղինակներից մեկն էլ Դուք եք, և այդ ֆեոդալներից մեկին էլ Դուք եք ուղարկել Ազգային ժողով, որը մշտապես բացակայում է ԱԺ նիստերից»:

Պատգամավորը նաև հիշեց այլ «ֆեոդալների» անուններ, որոնցից մեկն էլ Սյունիքի մարզպետն է, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, որը Հարսնաքարի դեպքի առթիվ վայր դրեց մանդատը և հայտարարեց, որ շատ է զղջում այդ դեպքի համար. «Սակայն մենք հասկանում ենք, որ մինչ այսօր այն արդարադատությունը, որը պետք է տեղի ունենար մեր երկրում, տեղի չի ունենում, ինչը բարձրաձայնում են նաև Վահե Ավետյանի իրավահաջորդների ներկայացուցիչներն ու փաստաբանները, և այն համակարգի ֆեոդալական մաս կազմող Ազգային ժողովը մի քանի օր առաջ մերժեց այն ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, որը պետք է Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացներ»:

Փոստանջյանը նաև հիշեցրեց, որ դեկտեմբերի 2-ին տեղի են ունենալու ԱԺ թիվ 1 ընտրատարածքի ընտրություններ: Ըստ նրա՝ այդ ընտրություններով պետք է պարզել՝ ֆեոդալական համակարգը ևս մեկ անգամ աշխատելո՞ւ է, թե՞ ոչ:

«Շատ տխուր է, որ այդ ֆեոդալացման մասին խոսում է մի պաշտոնյա, որը 10 տարի ղեկավարել է հանրապետությունը: Ուրեմն մենք, ունենալով հանրապետություն, ասում ենք, որ ֆեոդալական կարգերով ենք ապրում: Բայց այս ամենը գիտակցելով՝ յուրաքանչյուրս ի՞նչ ենք անում, որպեսզի այս ֆեոդալացումը, որի մեջ մխրճվել ենք, նահանջի»:

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply