Աղվան Վարդանյանին ԱԳՆ-ից չեն տրամադրել հասարակ տեղեկանք Սաֆարովի դեպքի վերաբերյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 13, 2012 16:38

Խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ սեպտեմբերի 5-ին ԱԺ-ում արտգործնախարար Է. Նալբանդյանի այն  հայտարարությանը, թե իբր բազմաթիվ անգամներ հունգարական կողմից ստացվել են միանշանակ հավաստիացումներ, որ նման քայլը՝ Սաֆարովի արտահանձնումը, բացառված է:

«Այդ հավաստիացումները տրվել են մեր հարցումներին ի պատասխան նաև օգոստոսի երկրորդ կեսին՝ ներառյալ օգոստոսի 22-ին, 23-ին, 24-ին՝ Հունգարիայի արտաքին գործերի, արդարադատության նախարարություններից, նաև՝ խորհրդարանից»,-ասաց պատգամավորը:

Աղվան Վարդանյանը խնդրել է արտգործնախարարին՝ տրամադրել այդ շփումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, սեպտեմբերի 9-ին նամակ է գրել ԱԳՆ և հրավիրվել նախարարություն ծանոթանալու: «Գնացի, կարդացի Եվրոպայի վարչության սեպտեմբերի 4-ին պատրաստած ծառայողական օգտագործման տեղեկանքը: Խնդրեցի մի օրինակ տրամադրել: Ասացին՝ չենք կարող: Վերադարձա, նոր նամակ գրեցի՝ խնդրելով տեղեկանքի կրկնօրինակը՝ ԱԳՆ աշխատանքն ավելի օբյեկտիվ գնահատելու համար: Պատասխան՝ չենք կարող տալ, նորից համեցեք, նշումներ արեք: Համբերատար այսօր նորից գնացի»:

Պատգամավորը իր հայտարարության ժամանակ նշեց, որ ակնկալում է ԱԺ նախագահի, կառավարության ղեկավարի պարզաբանումը, թե ինչ հիմքով պատգամավորին չեն տրամադրում մի պարզ տեղեկանք, որի մեջ պետական գաղտնիքի որևէ նշույլ անգամ չկա: «Այդ ինչո՞ւ նախարարը, նրա տեղակալները, վարչության պետերը, բաժնի պետերը կարող են այդ տեղեկանքը ունենալ, պատգամավորը՝ ոչ»,-զարմանում է նա:

ՀՅԴ ներկայացուցիչը ներկայացրեց տեղեկանքի բովանդակությունը, ըստ որի օգոստոսի 21-ին հունգարահայ Նիկողոս Հակոբյանից լուր է ստացվել, որ Հունգարիայի Արդարադատության նախարարությունը պատրաստել է Սաֆարովի արտահանձնման նախագիծ, որը քննարկվելու է խորհրդարանում: «Ամսի 22-ին Վիեննայում մեր դեսպանատնից զանգում են Հունգարիայի ԱԺ երեք պատգամավորի: Արձակուրդում են: 23-ին զանգում են Հունգարիայի ԱԳՆ մի բաժնի պետի: Մարդը տեղյակ չէ: Նույն օրը զանգում են Արդարադատության նախարարի խորհրդականին: Խոստանում է պարզել: 24-ին Արդարադատության նախարարությունից ասում են գրավոր գրեք՝ կպատասխանենք: Դեսպանատնից նամակ են գրում: 27-ին զանգում են Արդարադատության նախարարի օգնականին՝ խնդրում ենք հանդիպում նախարարի հետ: Պատասխան՝ նախարարը խիստ զբաղված է, չի կարող: 28-ին մեր դեսպանատան մի աշխատակիցը գնում է Բուդապեշտ: ԱԳՆ-ում ասում են՝ լուր չունենք, ԱԺ-ում՝ մեր օրակարգում նման հարց չկա: Կապվում են Արդարադատության նախարարի խորհրդականին: Նախարարը զբաղված է, մոտ ժամանակներս գրավոր կպատասխանենք: Գրավոր պատասխանում են սեպտեմբերի 31-ին, երբ Սաֆարովը Բաքվում էր: Ահա սա է մեր արտաքին գերատեսչության կատարած աշխատանքը»:

Աղվան Վարդանյանը հարց բարձրացրեց՝ կա՞ այս ամենի մեջ հավաստիացում Հունգարիայի ԱԳՆ-ից, Արդարադատության նախարարությունից կամ ի՞նչ իմաստ ուներ օրեր ծախսել՝ պարզելու Հունգարիայի Աժ-ում նման հարց կա, թե ոչ: Պատգամավորը կարծում է, որ մեր ԱԳՆ նախազգուշացնող հայտարարություն պետք է աներ, մեր Արդարադատության նախարարը, մեր կառավարության ղեկավարը կարող էին դիմել իրենց գործընկերներին, վերջապես կարող էր մեր արտգործնախարարը հրապարակային դիմել Մինսկի խմբի համանախագահներին և զգուշացնել հետևանքների մասին: «Չեն արել: Իրականում ոչինչ չեն արել, բայց այս ամբիոնից Էդվարդ Նալբանդյանը հակառակն էր պնդում: Դուք դատեք՝ որքան է մեր պետության օգուտը կռվից հետո սուր ճոճողներից»,-ամփոփեց Աղվան Վարդանյանը:

Դիտվել է 1128 անգամ:
Print Friendly

Leave a Reply