Դեսպան Մանուկյանի հանդիպումները Վրաստանի կառավարության նորանշանակ անդամների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 13, 2012 16:06

Նոյեմբերի 8-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպումներ ունեցավ Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլիի, Եվրոպայի, Եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքս Պետրիաշվիլիի եւ պատիժների կատարման, պայմանական դատապարտման եւ իրավական օգնության հարցերի նախարար Սոզար Սուբարիի հետ:
Դեսպան Մանուկյանը, շնորհավորելով նորանշանակ նախարարներին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում նոր քաղաքական ուժի հաղթանակի եւ կառավարության ձեւավորման կապակցությամբ, հույս հայտնեց Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների շարունակականության ապահովման եւ առավել սերտ գործակցության վերաբերյալ:
Պետնախարարար Պաատա Զաքարեիշվիլիի հետ հանդիպման ընթացքում վերջինս ընդգծեց, որ վրացական կողմը շահագրգռիռ է ազգային փոքրամասնությունների, այդ թվում` հայ համայնքի արդյունավետ ներգրավմամբ Վրաստանի քաղաքական եւ հասարակական կյանքում, ինչպես նաեւ անհրաժեշտ է համարում գործուն մեխանիզմներ ապահովել համայնքային հիմնախնդիրների արդյունավետ լուծման համար:
Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային ինտեգրա-ցիոն խնդիրներին: Դեսպան Մանուկյանը նշեց հայկական կողմի հետաքրքրվածությունը վրացական տրանսպորտային ենթակառուցվածք-ների ընդլայնման եւ վերաշահագործման հարցում, որը հնարավորություն կտա տարածաշրջանի երկրներին դիվերսիֆիկացնել սեփական հաղորդակցման եւ ենթակառուցվածքային հնարավորությունները:
Պետնախարար Ալեքս Պետրիաշվիլիի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Վրաստանի նոր կառավարության հետ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես` եվրոպական կառույցներում համագործակցության եղանակները:
Վրաց պետնախարարը, կարեւորելով հայ-վրացական համագործակցությունը եվրոպական տարբեր կառույցներում, համոզմունք հայտնեց, որ առաջիկայում կընդլայնվի առկա փոխգործակցությունը ինչպես բազմակողմ, այնպես էլ պատվիրակությունների փոխայցելությունների եւ ընթացիկ գործնական շփումների ձեւաչափերում:
Դեսպան Մանուկյանն ու պետնախարար Պետրիաշվիլին անդրադարձան նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների:
ՀՀ դեսպանի հաջորդ հանդիպումը Վրաստանի պատիժների կատարման, պայմանական դատապարտման եւ իրավական օգնության հարցերի նախարար Սոզար Սուբարիի հետ էր:
Հայաստանի դեսպանն ու նորանշանակ նախարարը քննարկեցին Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցությանն առնչվող բազմաբնույթ խնդիրներ:
***
Դեսպան Մանուկյանը նույն օրը հանդիպեց նաեւ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալ Դիմիտրի Քումսիշվիլիին, որի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին Փոթիի նավահանգստում տիրող իրավիճակը, երկու երկրների երկաթուղիների համագործակցության վերաբերյալ խնդիրներ, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջեւ ձևավորված գործնական հարաբերությունների շարունակականության վերաբերյալ հարցեր:

Դիտվել է 859 անգամ:
Print Friendly

Leave a Reply