Պատգամավորն առաջարկում է ԿԲ-ի ծախսերը կրճատել՝ որոշակի գումար տրամադրելով գիտությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 13, 2012 15:25

Խորհրդարանում  2013-ի բյուջեի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին հարցրեց, թե որքանո՞վ են նպատակահարմար ԿԲ-ի հետևյալ ծախսերը. «Միջին աշխատավարձը 500 000 դրամ է, 390 միլիոն դրամ նախատեսված է առողջության ապահովման և սոցիալական ծախսերի համար, 432 միլիոն դրամ՝ անձնակազմի գործուղումների համար, 64 միլիոն դրամ՝ լրատվական-տեղեկատվական նյութերի համար, 54 միլիոն դրամ՝ ներկայացուցչական ծախսերի համար և այլն: Լավ, հնարավոր չէ՞ արդյոք խնայողություններ անել, և օրինակ ձեր ներկայացուցչական և անձնակազմի գործուղումների գումարից մի 200 միլիոն դրամ տրամադրել գիտության ոլորտին, որ մեր 60 000 դրամ ստացող գիտնականները թեմատիկ ծրագրի ֆինանսավորման առումով ֆինանսավորում ստանան»:

Ներսես Երիցյանը չընդունեց ծախսերը կրճատելու պատգամավորի առաջարկը, ընդհակառակը,նա հավատացնում է, որ այդ ծախսերը նվազագույնն են: Ավելին, նա կարող  է բերել մի շարք հիմնավորումներ, որոնք կփաստեն, որ դեռ մի բան էլ պետք է ավելացնել ԿԲ-ի բյուջեն: «Այս ծախսերը կրճատելով՝ մենք կունենանք հեղինակային ռիսկ, որը մեզ մոտ ուղղակիորեն կառաջացնի գործառնական ռիսկեր»,-ասաց Երիցյանը:

Նա համոզված է, որ այն գիտելիքը, որ ԿԲ-ի աշխատակիցները ստանում են դրսում և տեղափոխում Հայաստան, օգտակար է Հայաստանի ողջ ֆինանսական և ոչ ֆինանսական հատվածի համար:

Պատգամավոր Մարուքյանը, սակայն կարծում է, որ Կենտրոնական բանկում աշխատում են բազմաթիվ բարձր մասնագիտական պատրաստվածությամբ անձիք, և եթե այս տարի ոչ թե 170 հոգի արտերկրում վերապատրաստվի, այլ ավելի քիչ, դրանից ԿԲ-ի գործունեությունը չի թուլանա:

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply