ՀՅԴ-ն առաջարկում է փոփոխել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 13, 2012 14:21

Խորհրդարանը քննարկում է ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը: Այն ներկայացրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ  նախագծի փոփոխությունների հիմքում դրված են նաև կառավարության հիմնարար ծրագրերում ներկայացված գաղափարները:

Առաջարկվում է, որպեսզի երկրում նվազագույն աշխատավարձի չափը սահմանելիս հաշվի առնվի գնաճի մակարդակը, կենսաապահովման նվազագույն բյուջեն կամ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, ինչպես նաև միջին աշխատավարձը: Օրենսդրական նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական առանձնահատկությունները:

«Այս նախաձեռնությունը կոնցեպտուալ է այն առումով, որ կանխատեսելի է հետագա ամբողջ քաղաքականությունը, ինչն անհրաժեշտ է կայուն զարգացման համար»,-ընդգծեց Վարդանյանը:

Հարակից զեկուցող ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ներկայացնելով իր հիմնավորումները, հայտարարեց, որ նախագիծը քննարկվել է հանձնաժողովում և ստացել բացասական եզրակացություն: «Նախագծի ներկայացրածը հաշվարկելով տեսնում ենք, որ պարենային զամբյուղը 2017-ին շատ ավելի քիչ է ձևավորվում, քան առաջարկում է կառավարությունն իր ծրագրում»,-ասաց նա:

Հակոբյանը հաշվարկեց նաև գնաճին համապատասխան միջին բարձրացող միջին աշխատավարձը՝ եզրակացնելով, որ 2017-ին, ըստ ՀՅԴ նախագծի, նվազագույն աշխատավարձը կլինի մոտ 61 հազար դրամ, իսկ կառավարությունն առաջարկում է 65 հազար.  «Ո՞նց կարելի է շատից ու քչից ընտրել քիչը»-զարմացավ Հակոբ Հակոբյանը:

Օրենքի ընդունումը նպատակահարմար չհամարեց նաև Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Դիտվել է 961 անգամ:
Print Friendly

Leave a Reply