Իշխանություն-հասարակություն հակամարտություն. կքանդվի արդյո՞ք Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | March 11, 2010 17:17

Մոսկվա կինոթատրոն

-Կյանքիս մեջ առաջին ռոք համերգի գնացել եմ կինո Մոսկվայի ամառային կինոդահլիճում ու ռոքի կուսությունից զրկվել եմ հենց էնտեղ. դա 1999թ. էր,- հիշում է Հովհաննես Իշխանյանը,- իսկ հետո էլ ընկերներով ամբողջ օրն այնտեղ պինգ-պոնգ էինք խաղում, որովհետև էնտեղ համ ամենալավ սեղաններն էին, համ էլ ամենաժան պինգ-պոնգը Երևանում. ժամը 300 դրամ էր ուրիշ տեղերի 600-ի փոխարեն:

Հովհաննեսը մեկն է  Ֆեյսբուքում օրերս ստեղծված «SAVE Cinema Moscow Open-Air Hall» խմբի 2417 անդամներից, ով իր բողոքի ձայնն է միացրել ընդդեմ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման: Խումբը շատ արագ համալրվում է նոր անդամներով:

Կառավարությունը փետրվարի 25-ի նիստում փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով հաստատվել էր Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը։ Նոր որոշմամբ կառավարությունը ամառային դահլիճի շենքի զբաղեցրած տարածքը անհատույց սեփականության իրավունքով օտարել  է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` այդ տեղում  նախկինում քանդված սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան նոր եկեղեցի կառուցելու համար։

Մարտի 9-ին խումբը նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ու Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին, որի տակ ստորագրել են նկարիչ Հակոբ Հակոբյանը, գրող-հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը, երգահան Ռուբեն Հախվերդյանը և մշակույթի, պատմության այլ ականավոր գործիչներ:

«Անթույլատրելի է կրկնել խորհրդային անհավատ իշխանության հակապատմական սխալը և մշակութային մեկ արժեքի հաշվին ստեղծել մեկ ուրիշը,- ասված է նամակում,- Լինելով Երևան քաղաքի միակ բացօթյա դահլիճը, այն միշտ էլ հանդիսացել է երևանցիների սիրված մշակութային վայրերից մեկը, որի լավագույն օրինակն է նախորդ տարի տեղի ունեցած «Բաց երաժշտական փառատոնը»:

Գտնում ենք, որ նմանատիպ քաղաքային մշակույթի կարևոր մաս կազմող միջավայրերի փոփոխության դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել հասարակության լայն շրջանակների տեսակետները հասարակական քննարկումների միջոցով բացառելու կամ նվազագույնին հասցնելու հնարավոր սխալները»:

Ֆեյսբուքյան խմբի ստեղծող, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն ասում է, որ հասարակությունում այս շենքի քանդումը չափազանց բացասական տրամադրություններ է առաջացրել, քանի որ այն իրավամբ համարվում է վերջին 50 տարիների լավագույն ճարտարապետական նմուշներից:

Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը. տեսարան հարակից շենքի տանիքից

«Ողջ ճարտարապետական հանրությունն էլ գտնում է, որ այդ կառույցը արժեքավոր է,- ասում է նա,- բացի այդ մենք կարիք չունենք այն նոր արժևորելու, որովհետև համապատասխան մեր պետության և օրենքների տրամաբանությանը` նախկինում այն արդեն համապատասխանել է մշակույթի հուշարձանների ցանկում ընդգրկվելու չափորոշիչներին»:

Մոսկվա կինոթատրոնի շենքի տեղում եղել է սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին` կառուցված 7-րդ դարում, որը քանդվել է 1933թ., իսկ կինոթատրոնի ետնամասում  1960թ. կառուցվում է կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճը (ճարտարապետներ Սպարտակ Կնտեղցյան և Թելման Գևորգյան):

Հետագա տասնամյակների ընթացքում երևանցիները  սիրեցին նաև խորհրդային ճարտարապետության առաջարկած այդ լուծումը:

«Դա ճարտարապետական բարձր կարգի ու եզակի կառույց է, որի նմանը մենք չունենք,- ասում է ֆեյսբուքյան խմբի ադմինիստրատոր, ճարտարապետ Արսեն Կարապետյանը,- ինքը դրված է մի միջավայրի մեջ` հաշվի առնելով շրջապատող ծառերը, շենքերը և իր գոյությամբ այդ միջավայրի համար միջավայրային լուծման ֆունկցիա է կատարում»:

Կարապետյանն ասում է, որ քաղաքը պետք կառուցապատել կուտակային մոտեցմամբ, այսինքն գերակա պետք է համարվի մշակութային, նյութական և բնության այլ արժեքների կուտակումը:

«Մեր իշխանությունների մոտեցումը քաղաքի նկատմամբ զորամասային է,- ասում է նա,-  այսինքն շուրջ բոլորը պետք է լինի մաքուր ու սպիտակ բորդյուրները, մեկ էլ ծաղիկներ:  Եթե մեր ղեկավարությունը հայտնվեր Վենետիկում, ապա ամեն ինչ բուլդոզերով կքանդեր, որովհետև այնտեղ ամեն ինչ հին է. շենքերի պատուհանները ծուռ են ու գաջն էլ թափած»:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն «Անկախին» ասաց, որ շինությունը կառուցել է իր հայրը. «Այդ պատճառով ճարտարապետության նմուշի նկատմամբ ունեցածս քաղաքացիական  վերաբերմունքից բացի ունեմ անձնավորված հիշողություն»:

Իսկ երգահան Ռուբեն Հախվերդյանին վրդովվեցնում է «մի նոր մեծ փորով փոքր գլխով մի ուրիշ եկեղեցու(նկատի ունեի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին) կառուցումը:

«Կամ ինչ միտք ունի կինոյի կողքը եկեղեցի կառուցել, ինչ է մարդիկ կինոյից պիտի դուրս գան մտնեն եկեղեցի աղոթելու»,- հարցնում է նա:

Մայր Աթոռի Մալո դիվանի խոսնակ տեր Վահրամ Մելիքյանն «Անկախին» հաստատեց, որ նամակը ստացվել է, սակայն դրան հետագա ընթացք տալու վերաբերյալ ասաց, որ ամառային կինոթատրոնը երբեք էլ իր նպատակին չի ծառայել:

Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը այլ ռակուրսից

«Եթե ճարտարապետների համար եկեղեցիները սոսկ ճարտարապետական կառույցներ են, ապա մեր համար` Աստծո տաճարներ,- ասաց տեր Վահրամ քահանան,- եկեղեցին դիմել է Մոսկվա կինոթատրոնի սեփականատերերին զիջել այդ տարածքը եկեղեցի կառուցելու համար, և նրանք ընդառաջել են, որի հիման վրա էլ կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել»:

«Անկախի» տվյալներով Մոսկվա կինոթատրոնի սեփականատերը մոսկվացի գործարար Սենիկ Գևորգյանն է:

Ճարտարապետ Կարապետյանն ասում է, որ իրենք բոլորովին էլ դեմ չեն եկեղեցուն ու եկեղեցաշինութանը:

«Եթե Մայր Աթոռը գտնում է, որ քաղաքին նոր եկեղեցի է պետք, ապա իշխանությունները կարող են ճարտարապետներին պատվիրել քաղաքում տեղ հայթայթել եկեղեցաշինության համար, որպիսիք շատ են,-  ասում է նա,- Լեզվի ինստիտուտն էլ քանդեցին ու ինչ. նախկինում շենքի բակում Կաթողիկե եկեղեցին գողտրիկ մի անկյուն էր, իսկ հիմա հեռվից նույն բակը նայելիս լվացքի պարանների ասոցիացիա է առաջանում»:

Մայր Աթոռի մամլո խոսնակն ասում է, որ այս հարցում եկեղեցին սկզբունքային է լինելու. «Ուրիշ տեղերում եկեղեցիներ կառուցվել և կառուցվում են: Կոնկրետ այդ տեղը մեր համար նվիրական ու սուրբ տեղ է, և Մայր Աթոռը հետամուտ է լինելու, որ այդ եկեղեցին կառուցվի այդ տեղում»:

Ճարտարապետ Պետրոսյանն ընդգծում է, որ իրենք Հայ առաքելական հոտի անդամներ են և այդ հոտի անդամները լինելու իրավասությամբ են դիմում Մայր Աթոռին և իշխանությանը:

Վարչապետի օգնական Արամ Անանյանն «Անկախին» ասաց, որ վարչապետը տեղեկացված է խնդրի մասին և պատրաստ է այն  ևս մեկ անգամ քննարկել շահագրգիռ կողմերի հետ: «Հանրությունն  այդ մասին պատշաճ կերպով կիրազեկվի հնարավորինս սեղմ ժամկետներում»,- ասաց նա:

Իսկ Մոսկվա կինոթատրոնի տնօրինությունից «Անկախին» հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ, թե ինչու են սեփականատերերը համաձայնվել շենքը օտարել կամ ինչու էր դրա շահագործումը համարվում ոչ շահավետ:

«Տնօրենն այս պահին շատ զբաղված է և հյուրեր ունի Ֆրանսիայից,- գրգռված տոնով  փոխանցեցին Մոսկվա կինոթատրոնի ընդունարանից,- տնօրենն ասաց. ինչ ուզում եք` գրեք»:

Դիտվել է 9327 անգամ:
Print Friendly

Leave a Reply