Հրամայական կարող է դառնալ Վարդան Մինասյանի Հայաստանի հավաքականին հրաժեշտի` հրաժարականի հարցը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 13, 2012 13:19
Այսօր ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մայրաքաղաքի «Հանրապետական» մարզադաշտի մամուլի սրահում հանդիպելով լրագրողներին, անդրադարձավ վաղը կայանալիք Հայաստանի և Լիտվայի ազգային հավաքականների հանդիպմանը:
Նա նշեց, որ ընկերական հանդիպման ընդմիջմանը տեղի կունենա մեծ ֆուտբոլին հրաժեշտ տված Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա ավագ, պաշտպան Սարգիս Հովսեփյանի մեծարման հանդիսավոր արարողությունը: Հովսեփյանը խաղալու է 5 րոպե, իսկ ընդմիջմանը կատարվելու է հրաժեշտի արարողությունը: «Սարգիսին միշտ խորհուրդ եմ տվել մնալ թիմում, բայց նա հասկանում է, որ հավաքականից հեռանալու իր որոշումը ճիշտ է»,-ասաց Մինասյանը:
Մարզիչը չթաքցրեց, որ Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում 2013-ին կայանալիք Չեխիայի ընտրանու դեմ ընտրական հանդիպմանը և փորձելու են լուծել պաշտպանությունում եղած խնդիրները: Մարզիչը հույս ունի, որ այդ բացը կլրացնի թիմ հրավիրված Արտյոմ Խաչատուրովը, թեև նրա մասնակցությունն այս խաղին հարցական է: Այդուհանդերձ, սպասվում է, որ Խաչատուրովը կխաղա փետրվարին նախատեսված ընկերական հանդիպումներում: «Մկոյանը չի մասնակցի՝ վնասվածք ունի: Հուսանք, որ Սարկիսովը հանդես կգա: Արզումանյանը նույնպես վնասվածք է ստացել, դեռ չգիտենք կխաղա՞, թե՞ ոչ: Մովսիսյանը Գերմանիայում պետք է բուժզննում անցնի»,- հայտնեց մարզիչը:
Ինչևէ, Մինասյանի տարամադրության տակ մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներին են, որոնք հանդես են հալիս արտասահմանյան ակումբներում, իսկ Հենրիխ Մխիթարյանը նոր փայլատակած եվրպական ֆուտբոլի աստղ է: Ներուժը պատկառելի է` մրցակցին հաղթելու համար: Իսկ ահա, եթե մեր թիմը շարունակի ընթացիկ մրցաշրջանի իր անհաջողությունների շարքը, օրակարգային կարող է դառնալ Վարդան Մինասյանի հավաքականին հրաժեշտի` հրաժարականի հարցը: Այդ մասին խոսակցությունները քիչ չեն:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 2011-ի օգոստոսին Վարդան Մինասյանի գլխավորությանբ անցկացրած արտագնա խաղում Լիտվայի թիմին զիջել էր անփառունակ 0:3 հաշվով, իսկ աշխարհի առաջնության ընթացիկ խմբային մրցաշարում այն խաղը չի ցուցադրում, որը մարզասերները սպասում են: Թերևս, Սարգիս Հովսեփյանի հեռանալու վճիռ կայացնելու հարցում վերջին հանգամանքը կարևոր դեր ունի:






Facebook
Tweet This
Email This Post
