ՀԱԿ ակտիվիստների վերաքննիչ բողոքները մերժվեցին
ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | ankakh | November 13, 2012 11:59
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր մերժեց Հայ Ազգային Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի բողոքները: Այսպիսով դատարանը օրինական ուժի մեջ թողեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիս 20-ի դատավճիռը, որով ամբաստանյալները դատապարտվել էին վեցից երկու տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի մերձակայքում ոստիկանների հետ միջադեպի գործով: Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, Արտակ Կարապետյանը խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, իսկ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը խուլիգանության մեջ:
Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ամբաստանյալների պաշտպան Ստեփան Ոսկանյանը, վերաքննիչ դատարանի որոշումը անպայման բողոքարկվելու է ՀՀ վճռաբեկ դատարան՝ որոշումը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում:
Հեղինակ:
«Փաստինֆո»






Facebook
Tweet This
Email This Post
