«Վերք Հայաստանին» ամբողջությամբ կարդալն այս տարվա դիմորդների համար պարտադիր չէ
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | March 11, 2010 15:28
Մինչև մարտի 15-ը դպրոցների ավարտական դասարանների աշակերտները և կրթությունը շարունակել ցանկացող անցած տարվա շրջանավարտները կարող են պետական միասնական և ավարտական քննությունների դիմում հայտ լրացնել(«Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն»,«Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն,պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաμանություն» առարկաներից): Այդ նպատակով ՀՀ և ԼՂՀ դպրոցներ է ուղարկվել դիմում հայտերի 22 500 օրինակ:
ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանն ասում է, որ մարտի 15-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում էլ ճշգրտումներ են կատարելու: Այս շրջանում դիմում հայտ ներկայացրած աշակերտները կարող են փոփոխություն կատարել դրանում՝ վերանայելով քննական առարկաները, նաև դրանց թիվը:
Մանուկյանն ասում է, որ սահմանափակ է օտար լեզվից քննության հանձնելու հնարավորությունը՝ ամեն շրջանավարտ կարող է քննություն հանձնել առավելագույնը երկու օտար լեզվից, եթե դրանցից մեկը ռուսաց լեզուն է:
Ըստ Մանուկյանի՝ դիմում հայտերը նախօրոք են ընդունում, որպեսզի ըստ ամեն առարկայից քննություն հանձնողների թվի որոշեն, թե ամեն առարկայի համար քանի քննական կենտրոն պետք է հիմնվի, և քանի թեստ պետք է տպագրվի: Թեստերն այս տարի ևս կազմվելու են գաղտնիության սկզբունքով կազմված հեղինակային խմբի կողմից և տպագրվելու են Լոնդոնում:
Մանուկյանն ասում է, որ թեստերում հիմնականում շտկումներ են կատարվել՝ անցած տարվա նկատած թերությունները վերացնելու ուղղությամբ:
Բովանդակային փոփոխություններ են տեղի ունեցել «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննական թեստերում: ԳԹԿ գլխավոր մասնագետ Միրցա Հալաջյանն ասում է, որ հայոց լեզվի հարցաշարից հանվել է տողադարձ թեման: Իսկ գրականության դեպքում փոփոխությունների է ենթարկվել պարտադիր ընթերցանության և անգիր գրականության ցանկը: Պարտադիր անգիր գրականության ցանկից, օրինակ, հանվել է Ֆրիկի «Գանգատը», պարտադիր չէ կարդալ նաև Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպը և Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպն ամբողջությամբ (պարտադիր է միայն 3-րդ գլուխը): Փոխարենը՝ պետք է անգիր սովորել Թումանյանի «Փարվանա» պոեմի վերջին հատվածը, կարդալ Գրիգոր Զոհրապի «Ճիտին պարտքը» և «Այրին» նովելները:
Հալաջյանն ասում է, որ գրականության ցանկում փոփոխություններ կատարելով նպատակ չեն ունեցել կրճատել այն: «Գրականության ցանկում փոխությունների հիմնական նպատակը որակական փոփոխություններ կատարելն է: Ուզում ենք, որ դպրոցականները կարդան և անգիր սովորեն այն գործերը, որոնք ունեն բարձր գեղագիտական և գեղարվեստական արժեք: Ավելի լավ է աշակերտն անգիր իմանա ավելի շատ բանաստեղծություններ Տերյանից, Չարենցից, ավելի շատ կարդա Բակունց և Զոհրապ, թեկուզև ծրագրային մի շարք հեղինակներից բնագրով որևէ ստեղծագործության ծանոթ չլինի»:






Facebook
Tweet This
Email This Post
