Պատմության այս օրը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 13, 2012 7:47
1745-ին Ֆրանսիայում ծնվեց Վալենտին Հայույին, ճանաչված մանկավարժ, որը Փարիզում ու Պետերբուրգում հիմնեց մի քանի դպրոցներ ու կազմակերպություններ կույրերի համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ այդ ամսաթիվը համարվեց Կույրերի համաշխարհային օր:
Մինչև 18-րդ դարն աշխարհում կույրերի համար ոչ մի ուսումնական հաստատություն չի եղել: Նա առաջինն ուսուցման իր մեթոդը ցուցադրեց իր իսկ հորինած տառատեսակներով: 1784-ին, առանց կառավարության օգնության, իր տանը Հայույին դպրոց հիմնեց կույր երեխաների համար` “Աշխատավոր կույրերի արվեստանոց” անունով: Շուտով Հայույին կույր երեխաների ուսուցումն ու կրթությունը գիտական հիմքի վրա դրեց: Մշակեց ռելիեֆագծային ”ունցիալ” տառատեսակ, որը նշանակում էր` “երկարությամբ հավասար մեկ ունցիայի”: Դրանք խոշոր ու հավասար տառեր էին, պինդ թղթի վրա ռելիեֆով դրոշմված, բացի այդ, նա շուտով քարտեզներ ու գլոբուսներ ստեղծեց այդ մեթոդով: Իր սաներին էլ էր այդ արհեստը սովորեցնում: Կույրերի համար գիրք ստեղծելու գաղափարն էլ է նրան պատկանում:
Չնայած դժվարություններին, նա շուտով տպարան կառուցեց ու այդ գրքերով կույրերը սովորեցին մինչև Լուի Բրայլի գյուտը. 1829-ին ֆրանսիացի Լուի Բրայլը` փարիզյան ինստիտուտի սանը կույրերի համար մշակեց մի ունիվերսալ համակարգ` ռելիեֆակետային տառատեսակ, որը լայն տարածում գտավ ամբողջ աշխարհում:
Այսօր աշխարհում հաշվվում է 124 մլն կույր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականով 2020-ին այդ թիվը կկրկնապատկվի:






Facebook
Tweet This
Email This Post
