Կառավարությունը պատրաստ է բյուջեում սիրիահայերի համար գումար նախատեսել, բայց համապատասխան ծրագրի առկայության դեպքում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 12, 2012 16:08

Այսօր խորհրդարանում 2013 թ. բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ այն ուղղված է լինելու գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ու արտահանման մեծացմանը:

Ըստ նրա՝ ծախսերի գերակշիռ մասը՝ 84.7 տոկոսը, ներառում է 5 ոլորտ`  սոցիալական՝ 41.8 տոկոս, պաշտպանություն, ազգային անվտանգություն՝ 21.1 տոկոս, տնտեսություն՝ 14.1 տոկոս, արտաքին պետական պարտքի սպասարկում՝ 4.6 տոկոս: 2013-ին գերակա են կրթության և գիտության ոլորտը: Պետությունը գիտության ոլորտի զարգացման համար հատկացնելու է շուրջ 11.1 մլրդ դրամ:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Վաչե Գաբրիելյանից  հետաքրքրվեց, թե 2013 թվականին որքան աշխատատեղ է ստեղծվելու, որին ի պատասխան՝ նախարարն ասաց՝ մոտ 10 000: Միջին աշխատավարձն էլ, ըստ նախարարի, լինելու է 120 հազար դրամ:

ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը նախարարից նախ հետաքրքրվեց, թե ինչու է աղքատության մակարդակը վարչապետի խոսքում այլ տոկոս կազմում, նախարարի ելույթում՝ այլ: Վաչե Գաբրիելյանը պարզաբանեց, որ գոյություն ունի աղքատության մակարդակի գնահատման երկու մեթոդաբանություն՝ հին և նոր, և տարբերությունը դրա մեջ է:

Աղվան Վարդանյանին նաև հետաքրքրում էր Հայաստանում և Սիրիայում մշտապես հաստատվելու որոշում կայացրած սիրիահայերի խնդիրը, և թե ինչպես է կառավարությունը պատրաստվում աջակցել այդ ընտանիքներին:

Նախարարը պատասխանեց, որ նման ծրագրերի առկայության դեպքում կառավարությունը պատրաստակամ է քննարկել դրանք պահուստային ֆոնդից ֆինանսավորելու խնդիրը. “Բայց քանի դեռ ձևակերպված ծրագիր չկա, դժվար է նմանատիպ պարտավորություն վերցնել և դնել բյուջեում”,-ասաց նա:

Դիտվել է 986 անգամ:
Print Friendly

Leave a Reply