Արծվիկ Մինասյանը պատրաստ է իր մանդատը վայր դնել հանուն նվազագույն աշխատավարձի բարձրացման

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 12, 2012 13:45

Հրանտ Բագրատյանը այսօր ԱԺ ամբիոնից կրկին դժգոհեց նվազագույն աշխատավարձի մասին օրենքի ընդունումից  և կրկին ներկայացրեց տնտեսագիտական մի շարք փաստարկներ 35.000 դրամը անհեթեթ համարելու հարցում:

“Էս պահի դրությամբ աշխարհում ամենաբարձր աշխատավարձը Շվեցարիայում է` 1990 եվրո, մյուս եվրոպական երկրներում, մասնավորապես Գերմանիայում, Ֆևանսիայում և այլն, կրկին 1000 եվրոյից բարձր է:  Իսկ Ռուսաստանում օրինակ, 5100 ռուբլի է նվազագույն աշխատավարձը:

Հայաստանը եվրոպական երկրներից միջին աշխատավարձով հետ է մնում 10 անգամ, նվազագույն աշխատավարձով` 20 անգամ: Այսինքն` մեզ մոտ բևեռացումը շատ է”,-ասաց Բագրատյանը` նշելով, որ այս խնդրի լուծման տարբերակն ինքը ունի և այն փող չի պահանջում:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ, իր ելույթի ընթացքում շարունակեց այս թեման` միանգամայն համամիտ լինելով Բագրատյանի հետ, և խնդրեց իր այս ելույթն ու ցանկությունները պոպուլիզմ չորակել:

“Պետք է մարդուն հնարավորություն տալ, որպեսզի նա վերականգնի իր ծախսած էներգիան: Իսկ պատկերացրեք, թե այդքան քիչ աշխատավարձ ստացող մարդը որքան վնաս է տալիս ոչ միայն իրեն, իր ընտանիքին այլ նաև պետությանը, որովհետև այդ նույն քաղաքացին, ստանալով ավելի քիչ, քան անհրաժեշտ նվազագույնն է, նա նաև հետո բեռ է դառնում նույն պետության առողջապահական ծախսումների վրա, նա նաև բեռ է դառնում հասարակության, մեր պետականության վրա: Հետևաբար այդ բեռից ազատվելու լավագույն տարբերակը ոչ թե նրան աղքատության ճիրաններում պահելն է կամ, ի վերջո, նրա առջև արտագաղթի ճամփան բացելը, այլ նրան արժանապատիվ քաղաքացի սարքելն է”,-ասաց ՀՅԴ-ական պատգամավորը:

Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ ինքը պատրաստ նույնիսկ մանդատը վայր դնել, միայն թե այս հարցում առաջացած խնդիրները արժանապատվորեն լուծվեն և իրենց առաջարկություններն անցնեն:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply