Առողջարանային քաղաքներն ապագայում կարող են դառնալ խաղատնային համալիրներ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | June 17, 2009 19:42
Կառավարությունը հունիսի 11-ին հաստատել է «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծը, ըստ որի` 2013-ից Հայաստանում խաղատներ են լինելու միայն Ծաղկաձորում, Սևանում և Ջերմուկում:
«Մենք չենք կարող իրանական շուկան (խաղատներից օգտվողներին) զիջել Վրաստանին, ուստի խաղատները կտեղակայվեն տուրիստական կենտրոններում` Ջերմուկում, Ծաղկաձորում և Սևանում»,-ասում է Ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը. Անդրկովկասում խաղատներ կան միայն Հայաստանում և Վրաստանում· դրանց գործունեությունն արգելված է Ադրբեջանում, Իրանում և Թուրքիայում:
Թամազյանը նշում է, որ խաղատները 3 կենտրոններում հիմնվելու են միայն 2013-ից, որպեսզի ներկայումս այլ վայրերում գտնվող խաղատներում կատարված ներդրումները ստացած շահույթի միջոցով գործարարները կարողանան հետ ստանալ:
«Բարեփոխում» հկ նախագահ Կարինե Հակոբյանը (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարարը), սակայն, նշում է, որ բնապահպանական և առողջարանային կենտրոններում խաղատներ հիմնելը կփոխի այդ վայրերի բնույթը. «Մարդիկ այլևս չեն գա Ջերմուկ բուժվելու համար կամ գուցե կգան, սակայն գումարը խաղատանը ծախսելով` առանց բուժվելու կհեռանան: Նման փոքր քաղաքներում խաղատներ հիմնելը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ թե’ շրջակա միջավայրի, թե’ բնակչության վրա»:
Հակոբյանն ասում է, որ միջազգային պրակտիկայում խաղատներ հիմնում են ամայի և անբնակ վայրերում, մինչդեռ հայաստանյան այս երեք քաղաքներն էլ բնակեցված են և շրջապատված անտառներով, իսկ շինարարության դեպքում անտառահատումներն անխուսափելի կլինեն:
Կառավարության այս որոշումը, ըստ Հակոբյանի, խախտում է նաև մարդկանց իրավունքները, քանի որ օրենքով սահմանվում է, որ խաղատները պետք է հիմնվեն բնակավայրերից հեռու, ուր մարդիկ հատուկ խաղատուն այցելելու նպատակով կգնան· «Խաղատների զարգացումը չպետք է կատարվի մարդկանց հանգստի, առողջության կամ բնության հաշվին»:






Facebook
Tweet This
Email This Post
