Աղիքային ցուպիկի (E coli) առկայությունը պանրում նոր բան չէ,կառավարությունը չափազանցնում է դրա վտանգը եւ շոու է դարձրել. պանրագործների միության նախագահ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 12, 2012 12:13

Աղիքային ցուպիկի (E coli) առկայությունը պանրում նոր բան չէ, սակայն կառավարությունը չափազանցնում է դրա վտանգը եւ շոու է դարձրել դրա հետ կապված բացահայտումները: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը: Նրա խոսքով՝ եթե կառավարությունը չօգնի պանրագործներին, որոնց գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է պանրում E coli-ի առկայության պատճառով, ապա որեւէ երաշխիք չկա, որ այդ բակտերիաները կվերանան:

Ըստ Ա. Գիգոյանի՝ ոչ մի ժամանակակից տեխնոլոգիա երաշխիք չէ պանրի մանրեբանական կազմը նորմայում պահպանելու համար, եթե մթերվող կաթը կեղտոտ է: «Ժամանակին «Աշտարակ կաթը» սրբիչներ բաժանեց գյուղացիներին, ցույց տվեց, ոնց մասաժ անեն, ոնց լվան, բայց օգուտ չեղավ: Մեզ մոտ ֆերմերներ չկան էլ, 2-3 կով ունեցողը ֆերմեր է համարվում, վերամշակողները բաժակով կաթ են հավաքում»,- ասաց Ա. Գիգոյանը:

Ա. Գիգոյանը նաեւ մի տեղեկանք բաժանեց լրագրողներին, ըստ որի՝ E coli-ն (Escherichia coli) մարդու օրգանիզմում նաեւ դրական դեր է խաղում, վտանգավոր է միայն այդ շտամպների մեկ տեսակը՝ 0157:H7-ը:

Այդ բակտերիան կաթում կարող է հայտնվել ջրի, կեղտոտ ձեռքերից: Բայց դա կաթում ամենավտանգավոր բակտերիան չէ, ըստ Ա. Գիգոյանի՝ նույնիսկ «ամենահասարակն է», կան նաեւ ավելի վտանգավոր բակտերիաներ՝ «զոլոտոյ ստաֆիլակոկ» եւ այլն: Խնդիրը բարդանում է նրանով, որ որոշ պանրագործներ կաթի պաստերիզացումը լիարժեք չեն իրականացնում՝ ինքնարժեքը նվազեցնելու նպատակով: Դա էլ հետեւանք է նրա, որ պանրի թանկացումը անմիջապես առաջացնում է պետական տեսչությունների ուշադրությունը: «Ընտրություններից առաջ կառավարությունը պարզապես ցույց է տալիս, թե աշխատում է, իրականում պանրագործները օգնության կարիք ունեն»,- ասաց Ա. Գիգոյանը:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Դիտվել է 1199 անգամ:
Print Friendly

Leave a Reply