Հայաստանում տեղի կունենա StartUp Cup մրցույթի պարգևատրման արարողությունը՝ Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 12, 2012 11:56

Երկուշաբթի` նոյեմբերի 12-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի հաղթողներին պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որով կմեկնարկի առաջին Ձեռներեցության համաշխարհային շաբաթը Հայաստանում:

Օգոստոսից սկսած մրցույթի մասնակիցները մշակում էին իրենց բիզնես մոդելները: Սեպտեմբերին Հայաստանի ամերիկյան համալսարանում նրանք մասնակցեցին «Ինչպես կառուցել բիզնես» խորագիրը կրող աշխատանքային սեմինարին, որը վարում էին Միացյալ Նահանգներից ժամանած StartUp Cup-ի հիմնադիրները:

«Հայաստանի ձեռներեցները մեզ իրոք ոգեշնչում են: Մենք անհամբերությամբ սպասում ենք տեսնելու, թե այս տարվա Հայաստանի ստարտափների առաջնության հաղթողների առաջարկած մոդելները ինչպես են նպաստելու տնտեսության աճին, աշխատատեղերի ստեղծմանը և ինչպես են օրինակ ծառայելու Հայաստանի ձեռներեցների նոր սերնդին՝ բիզնես հիմնադրելու միջոցով սեփական նպատակների իրականացմանը հասնելու համար»,- ասում է StartUp Cup-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Շոն Գրիֆինը:

Սեմինարավարների և ժյուրիի անդամների հետ ակտիվ աշխատանքից հետո եզրափակիչ փուլ անցել է յոթ թիմ, որոնք այս շաբաթ ևս մեկ անգամ պետք է ապացուցեն իրենց բիզնես մոդելների կենսունակությունը: Հաղթողների անունները կհայտարարվեն երկուշաբթի, նոյեմբերի 12-ին՝ Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա մեկնարկի արարողության ժամանակ: Առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը սեփական բիզնես սկսելու կամ եղածն ընդլայնելու համար դրամական մրցանակներ կստանան ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») կողմից:

««Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցության նպատակն է խթանել մրցակցային այն գործընթացը, որը ձեռներեցներին սովորեցնում է մշակել կենսունակ բիզնես մոդելներ, զարգացնել հարաբերությունները պոտենցիալ հաճախորդների հետ և համակողմանի մրցակցության և խորհրդատվության միջոցով իրենց նորաստեղծ բիզնեսները ներկայացնել շուկայում»,- ասում է «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ղեկավարի պաշտոնակատար Գայանե Դալլաքյանը:

Հայաստանի ստարտափների առաջնությունը կազմակերպել են Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան, «Ի-Դի-Էմ-Սի»-ն և Հայաստանի ամերիկյան համալսարանը: Միջոցառումը սիրով հյուրընկալել է Հայաստանի ամերիկյան համալսարանը: Միջոցառմանն աջակցում են նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոնը (CEED), DoIt!Lab-ը, Deem Communications ընկերությունը և Երիտասարդ առաջնորդների դպրոցը:

Դիտվել է 738 անգամ:
Print Friendly

Leave a Reply