Հալեպում բախումների ժամանակ ադրբեջանցի զինյալներ են սպանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2012 11:19

Հալեպի շրջակայքում զինված բախումների արդյունքում սպանված զինյալների թվում չորս ադրբեջանցի զինյալներ են եղել: Սպանված ադրբեջանցիների քաղաքացիությունը պարզ է դարձել նրանց մոտ հայտնաբերված փաստաթղթերից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սպանվել է նաեւ մեկ թուրք զինյալ:

Voskanapat.info կայքի տեղեկացմամբ` Ադրբեջանը Սիրիայի զինյալներին 500 հազար եվրոյի չափով գումար է տրամադրել:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Սիրիայում Բաշար ալ Ասադի իշխանության դեմ հակակառավարական շարժումների հենց սկզբից Ադրբեջանը Թուրքիայի հետ մեկտեղ ակտիվորեն աջակցել է զինյալներին: Ադրբեջանի եւ Թուրքիայի հատուկ ծառայության աշխատակիցները սիրիական Իդլեբ շրջանը վերածել են զինված ընդդիմության գլխավոր հենակետերից մեկը: Հայտնի է, որ Ադրբեջանի զինյալները նախքան Սիրիա մուտ գործելը վերապատրաստվում են Հաթայում, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանի մոտակայքում:

Բնակիչների հետ համագործակցության արդյունքում նախօրեին կառավարական ուժերը զինյալներից մաքրել են Հալեպի Շեյխ Սայիդ թաղամասը: Բախումներ են տեղի ունեցել նաեւ Բուսթան Բաշա, Քալլասա շրջաններում:

Ալ Ջազիրան տեղեկացնում է, որ Սիրիայի տարածքում, մասնավորապես, Դեր Զորում, Դամասկոսի արվարձններում կառավարական ուժերի եւ զինյալների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով նոյեմբերի 11-ին 61 մարդ է զոհվել:

Կայքը նաեւ տեղեկացնում է, որ Դեր Զորի Բուքմալ քաղաքը ենթարկվել է օդային հարձակման, որի հետեւանքով տասնյակ մարդ է զոհվել եւ վիրավորվել:

Դիտվել է 727 անգամ:
Print Friendly

Leave a Reply