Հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 11, 2010 10:07

Ելիսեյան պալատում երեկ կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:

ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր` սա Սերժ Սարգսյանի և Նիկոլա Սարկոզիի երկրորդ հանդիպումն էր: Նախագահների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2008 թ. նոյեմբերին, Հայաստանի Հանրապետության նախագահի` Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում:

Ելիսեյան պալատում կայացած դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է նախագահների առանձնազրույցը:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների միջև առկա քաղաքական երկխոսության ներկա մակարդակը: ՀՀ նախագահը նշել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման համար կարևոր են կանոնավոր հանդիպումներն ու շփումները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի շուրջ տեսակետների փոխանակումը: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում և աշխարհասփյուռ հայության կողմից Ֆրանսիան ընկալվում է որպես մերձավոր բարեկամ երկիր, իսկ միջազգային հարթակում` վստահելի գործընկեր ու դաշնակից, ինչը հայ-ֆրանսիական հարաբերություններին հաղորդում է առանձնահատուկ բնույթ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր ուղղություններով:

Նախագահ Սարկոզին ընդգծել է, որ Ֆրանսիայում կա անկեղծ համակրանք Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, իսկ ֆրանսահայ համայնքը բարեկամության անխախտ կամուրջ է երկու ժողովուրդների ու երկրների միջև: Նիկոլա Սարկոզին վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու իր երկրի մտադրությունը և ընդգծել, որ Ֆրանսիան եղել և մնում է Հայաստանի բարեկամը` մշտապես կանգնած լինելով նրա կողքին:

Սերժ Սարգսյանն ու Նիկոլա Սարկոզին քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը (Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից մեկն է), տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող, ինչպես նաև` փոխադարձ քաղաքական հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ֆրանսիայի նախագահը բարձր է գնահատել ՀՀ  նախագահի` տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը:

Նախագահներ  Սարգսյանն ու Սարկոզին մտքեր են փոխանակել նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացմանը, հումանիտար ոլորտում գործակցության ընդլայնմանը,  ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

Դիտվել է 1910 անգամ:
Print Friendly

Leave a Reply