Արագածի անձնագրային բաժնի պետը կատարել է պաշտոնական կեղծիքներ` էական վնաս պատճառելով պետությանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 11, 2012 10:51

Հայաստանի ոստիկանության ԱՎՎ Արագածի անձնագրային խմբում որպես պետ աշխատած Գ.Հ-ն չարաշահել է պաշտոնեական լիազորությունները եւ կատարել պաշտոնական կեղծիքներ` էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:Ապարանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գ. Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2006թ. հուլիսից մինչեւ 2012թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում, աշխատելով ՀՀ ոստիկանության ԱՎՎ Արագածի անձնագրային խմբում որպես պետ, հանդիսանալով պաշտոնատար անձ, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները եւ կատարել պաշտոնական կեղծիքներ` էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:

Քրեական գործ է հարուցվել 308 հոդվածի 1-ին մասով` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի 300-պատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-300-պատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով:

Քրեական գործ է հարուցվել նաեւ 314 հոդվածի 1-ին մասով` պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-500 պատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 8-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Դիտվել է 1038 անգամ:
Print Friendly

Leave a Reply