Համախմբվելն իմաստ կունենա միայն հեղափոխություն անելու դեպքում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | November 11, 2012 8:43

Հարցազրույց ԱԺՄ կուսակցության և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ

– Պարոն Մանուկյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական կոնսուլտացիաներ է նախաձեռնել խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու իր նախաձեռնության շուրջ: Մինչ այդ Հայաստանի երեք ընդդիմադիր՝ «Ժառանգություն», Դաշնակցություն կուսակցություններն ու ՀԱԿ-ն են նման օրենսդրական նախաձեռնություններ արել: Ժամանակին դուք նույնպես այդ գաղափարի կողմնակիցն էիք: Հիմա ինչպե՞ս եք գնահատում այդ ուժերի նման նախաձեռնությունները:

– ԱԺՄ-ն էլ նպատակահարմար է համարել, որ Հայաստանն անցնի խորհրդարանական համակարգի: Դա մեր կուսակցական դիրքորոշում է: Բնական է, որ ես կուսակցության դիրքորոշումը պիտի պաշտպանեմ: Եվ մենք դա միշտ ենք պնդել:

– Այդ դեպքում կասե՞ք, թե որն է խորհրդարանական համակարգի առավելությունը:

– Ընդհանրապես, եթե քննարկենք 60-ական թվականներից անկախություն ստացած մի քանի տասնյակ պետությունների փորձը, ապա կնկատենք, որ դրանցից որոնք գնացին պառլամենտական ճանապարհով, գոնե կեսից ավելին դարձան դեմոկրատական: Իսկ այն պետությունները, որոնք գնացին նախագահական համակարգով, ոչ մեկին չհաջողվեց ստեղծել դեմոկրատական համակարգ:

Փաստորեն, նախագահական համակարգը աշխատում է Միացյալ Նահանգներում, իսկ կիսանախագահական համակարգն էլ աշխատում է Ֆրանսիայում: Մնացած ոչ մի երկրում, որտեղ կա նախագահական համակարգ, նորմալ դեմոկրատական պետություն չի ստեղծվել: Միշտ հեղաշրջումներ են լինում, որովհետև լինում է մի մարդուց կախված համակարգ: Եվ ստացվում է, որ մարդ փոխելը դառնում է հեղափոխությունների, հեղաշրջումների, չարաշահումների գործընթաց: Դրա համար էլ պառլամենտական համակարգն ավելի լավը կլիներ:

Այդ հարցը մեզ մոտ մեկ-մեկ այլ կերպ է դրվում՝ որ եթե Հայաստանը չավարտված պատերազմ ունի, գուցե չարժե՞ գնալ պառլամենտական ավելի դեմոկրատական համակարգին: Բայց այդ դեպքում էլ միշտ կարելի է հակառակ օրինակը բերել, որ Անգլիան Չերչիլի ժամանակ պառլամենտական դեմոկրատական հանրապետություն էր, և երկրորդ համաշխարհային պատերազմում այդ համակարգն իրեն շատ լավ դրսևորեց:

– 2005թ. Սահմանադրությունը փոխվեց, և ՀՀ կառավարման համակարգը դարձավ կիսանախագահական համակարգ: Որոշ չափով սահմանափակվեցին նախագահի լիազորությունները, փոխարենը ավելացվեցին վարչապետի լիազորությունները: Բայց այդ կիսանախագահական համակարգըկարծես թե չի գործում, և մեր երկրում նորից նախկին՝ նախագահական համակարգն է գործում:

– Ֆորմալ տեսակետից 2005թ. Սահմանադրությամբ ենք առաջնորդվում, բայց ուժերի փոխհարաբերությունն այնպիսին է, որ, այնուամենայնիվ, հետևից նախորդ Սահմանադրությունն է երևում: Հայաստանում եթե գոնե մի անգամ նախագահը լիներ մի կուսակցությունից, մեծամասնությունն ու իր առաջադրած վարչապետը՝ այլ կուսակցությունից, այդ ժամանակ նոր կզգայինք Սահմանադրության պլյուսներն ու մինուսները: Իսկ այս պայմաններում դեռ չենք էլ հասկանում 2005թ. Սահմանադրությունը:

– Այսինքն` Հայաստանը շարունակում է մնալ նախագահական պետություն, և Սահմանադրության մեջ տեղի ունեցած փոփոխությունները չեն գործում:

– Բնական է, այո:

– Արդյոք այդ համակա՞րգն է մեղավոր, որ Հայաստանում Սահմանադրությունը չի գործում: Գուցե նորից ինչ-որ սահմանադրական փոփոխություններ արվեն, բայց նորից այն չկիրառվի: Հայաստանի դեպքում՝ կիրառելո՞ւ, թե՞ համակարգի մեջ է խնդիրը:

– Երկուսն էլ կա: Նախ` երբ նախագահը և ԱԺ մեծամասնությունը նույն կուսակցության ձեռքում են, այլ օրենքներ են սկսում աշխատել: Դա Ֆրանսիայում էլ է զգացվում: Երկրորդը՝ մեր կուսակցությունների ներքին կյանքը չի համապատասխանում խորհրդարանական հանրապետության ներքին կյանքին: Վերջիվերջո, պառլամենտական հանրապետության կուսակցությունը և նախագահական հանրապետության կուսակցությունը միմյանցից ինչ-որ ներքին հոգեբանությամբ, հին ավանդույթներով տարբերվում են: Մեր կուսակցությունները ներքին ավանդույթներով ավելի շատ նախագահական են, քան խորհրդարանական: Մինչդեռ քաղաքական պայքարի մի զգալի մասը պետք է տեղի ունենա կուսակցությունների ներսում: Այն, ինչը մենք գրեթե չենք տեսնում:

– Նախորդ համապետական ընտրությունների ժամանակ միշտ փորձ է արվել ընդդիմադիր դաշտը համախմբել: Դուք էլ այդ գործընթացներում եղել եք: Բայց այդ համախմբումը երբեք բացարձակ չի ստացվել: Հիմա նորից նույն փորձն է արվում: Այս անգամ ընդդիմադիր ուժերին կհաջողվի՞ համախմբվել:

– Դուք սխալվում եք, 1996թ. այդ կոնսոլիդացիան գրեթե ստացված էր և իր արդյունքներն ինչ-որ չափով տվեց: Իսկ ինչ վերաբերում է այս անգամ համախմբվելուն՝ կարծում եմ, որ այն չի ստացվի: Բայց կարծում եմ, որ ընդդիմության մեջ պետք է ձևավորվեն ռեալ ուժեր, իսկ համախմբվելն իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե հեղափոխություն ես անում: Եթե գնում ես ընտրությունների, այդ կոնսոլիդացիան գրեթե ոչինչ չի տալիս: Այսինքն` կամաց-կամաց մենք գալիս ենք այն վիճակին, որ կոնսոլիդացիայի մեջ չէ, որ պետք է փնտրել լուծումը: Պետք է ընդհանրապես լուրջ, մեծ կուսակցություններ ունենալ, որոնք իրար հետ պայքարեն ընտրությունների շրջանակներում:

– Կարծես թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է ցանկանում ընդդիմության դերը ստանձնել:

– Թող փորձի, փորձը փորձանք չէ:

– Բայց կհաջողվի՞, չէ՞ որ ԲՀԿ-ում շատ են խոշոր գործարարները:

– Ես թերահավատորեն եմ վերաբերվում դրան, որովհետև ես չեմ տեսնում, թե ԲՀԿ-ն ինչ գաղափարի համար է գնում պայքարի: Այդ ինչ գաղափարներ է ԲՀԿ-ն իր առջև դրել, դրոշների վրա գրել, ինքն իր կյանքով ապացուցել, որ հավատարիմ է այդ գաղափարներին, և հիմա փորձում է դրանք տարածել հանրապետության վրա: Անկեղծ ասած, ես դա դեռ չեմ տեսնում:

– Բայց չէ՞ որ ԲՀԿ-ն տարբեր սոցիալական ծրագրեր է առաջ քաշում, որոնք իշխանությունները չեն ընդունում: Սոցիալ-տնտեսական ծանր վիճակի համար քննադատում է կառավարությանն ու վարչապետին:

– Թող քննադատի, կառավարությանը քննադատելն ամենահեշտ գործն է ցանկացած երկրում, դա խնդիր չէ և զարմանալի չէ: Այդ քննադատելու մեջ ռեալ հանգամանքներ էլ կան, բայց ավելի շուտ քաղաքականացված և անձնավորված է: Բայց դա էլ է բնական, ամբողջ աշխարհում էլ այդ էլեմենտները կան: Պետք չէ դա տարօրինակ համարել: Թեև ձևերի մասին կարելի է խոսել, թե ինչպես կարելի է քննադատել:

– Ավելի շուտ կարծիք կա, որ ԲՀԿ-ն վարչապետի պաշտոնն է ուզում, դրա համար է կառավարությանն ու վարչապետին քննադատում:

– Ես չեմ կարող այդպիսի բան պնդել: Ես ասում եմ, որ քաղաքական դաշտում եթե առաջանում են ընդդիմադիր և իշխանական կուսակցություններ, պետք է հստակ երևա, թե այդ ընդդիմադիր կուսակցությունն իր որ ծրագրերով է տարբերվում իշխանական կուսակցություններից: Նաև ցույց տված լինի, որ այն մարդիկ, ովքեր համախմբված են այդ կուսակցության մեջ, կուսակցության ծրագիրն իրենց համար ոչ թե շինծու փաստաթուղթ լինի, այլև նկատելի լինի, որ իրենք այդ ծրագրի գաղափարների համաձայն են ապրել:

1in.am

Դիտվել է 1041 անգամ:
Print Friendly

Leave a Reply