Երևանում բացվել է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես

Պաշտոնական, Օրվա լուր | | November 10, 2012 18:14

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի ուղեկցությամբ Երևանի Մոսկվայի տանը ներկա է եղել հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահով և ծանոթացել ներկայացված աշխատանքներին:

Ողջունելով նման ցուցահանդեսի կազմակերպման գաղափարը Տիգրան Սարգսյանը նշել է. «Շնորհիվ տաղանդավոր լուսանկարիչների՝ մենք հնարավորություն ունենք մի քանի րոպեների ընթացքում անցնել Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա պատմության ճանապարհով և տեսնել այդ ռազմավարական գործընկերության արդյունքները»:
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը շնորհակալութուն է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվելու համար, և նշել, որ ներկայացված լուսանկարները երկու երկրների հուսալի բարեկամության և սերտ համագործակցության վառ ապացույցն են: «Պարոն վարչապետ, Ձեր խոսքերի համաձայն՝ Ռուսաստանը կարևոր դերակատարություն ունի Հայաստանի անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև հանդիսանում է տնտեսության հիմնական ներդրողը, տնտեսական հիմնական գործընկերը»,- ասել է Կրիվոպուսկովը՝ ավելացնելով, որ ռուս-հայկական հարաբերություններում առկա է լիարժեք փոխըմբռնում:
Ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը և «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply