Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարը Իլհամ Ալիեւի «արագ հաղթանակի» մասին հայտարարությունը զավեշտալի է համարել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 10, 2012 8:10

Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիգովը, ով ներկայումս բնակվում է  Նորվեգիայում, կտրուկ քննադատության է ենթարկել Ադրբեջանի ղեկավարության  անհիմն ռազմատենչ հայտարարությունները:

«Թշնամին ծիծաղում է  այդ իշխանության վրա»,- «Azpolitika.com»-ի հետ հարցազրույցում ասել է Իսա Սադիգովը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` շուտով  Ադրբեջանի հաղթանակի օրը նշելու մասին հայտարարությունը:

Նախկին պաշտոնյայի խոսքով` ադրբեջանական ժողովուրդն արդեն  18 տարի նույն արտահայտությունն է լսում: «Հիշո՞ւմ եք, Հեյդար Ալիեւը նույնպես նման խոստումներ  էր տալիս: Դրանք կեղծ եւ դատարկ խոստումներ են:  Հավատացեք, նրանք իրենց դրել են այնպիսի զավեշտալի  իրավիճակի մեջ, որ նրանց վրա ծիծաղում ենք ոչ միայն մենք, այլեւ թշնամին: Մեկ նա ասում է, որ զարգացման տեմպերը պետք է դադարեցնել, քանի որ ողջ աշխարհը նախանձում է  մեզ: Թող քանդվի այն աշխարհը, որ դրան կնախանձի: Մեկ ասում է , որ բացել է 700 հազար աշխատատեղ: Հիմա էլ  խոսում է հաղթանակի մասին: Նա իր հաղթանակները տանում է  միայն սեփական  անպաշտպան, սոված ժողովրդի նկատմամբ` սպանելով, ծեծելով եւ ձերբակալելով: Պետք է հարցնել` ի՞նչ հաղթանակի մասին է խոսքը: Միգուցե նա պատրաստվում է  ընտրություններից հետո իր հաղթանակին, ինչպես 2003-2005 թվականներին: Նրա հաղթանակները ոչ մի կապ չունեն Ղարաբաղի եհտ: Սա ես ձեզ համոզված եմ ասում: Այդ անձը չի մարտնչելու»,-հայտարարել է Սադիգովը:

NEWS.am

Դիտվել է 2192 անգամ:
Print Friendly

Leave a Reply