Կառավարության կարծիքով` գիտությամբ զբաղվելը ո՛չ մտավոր և ո՛չ էլ հուզական աշխատանք է

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 9, 2012 16:32

2005-ից ի վեր գիտաշխատողները պայքարում են երկարացված արձակուրդի իրենց իրավունքից օգտվելու համար: Ապարդյուն:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 160-րդ հոդվածը սահմանում է, որ հատուկ պայմաններում աշխատող  առանձին կատեգորիայի աշխատողներին, որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ, հատկացվում է լրացուցիչ ամենամյա արձակուրդ` 30-35 օր տևողությամբ:

Լրացուցիչ աշխատանքի իրավունք ունեցող աշխատողների ցանկն էլ սահմանել է կառավարությունը:  Ըստ այդմ, լրացուցիչ աշխատանքի իրավունք ունեն  կրթության և առողջապահության 28 ոլորտների ներկայացուցիչներ. մանկատներ, հատուկ և հանրակրթական դպրոցներ, նախադպրոցական հաստատություններ, բուհեր, հոգեբուժարաններ, տուբերկուլոզային, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հիվանդանոցներ, լաբորատորիաներ և այլն:

Փաստորեն, դեռ 2005-ին հաստատված ցանկում ընդգրկված չեն գիտնականները, մինչդեռ մտավոր աշխատող ասելիս առաջինը գիտնականն է միտդ գալիս:

ԳԱԱ միացյալ արհկոմը  հարցի լուծման ակնկալիքով բազմիցս դիմել է Ազգային ժողով, կառավարություն, կրթության և գիտության նախարարություն, բայց ապարդյուն: Օգոստոսին արհկոմը դիմում է ներկայացրել և մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ)` խնդրելով օգնել վերականգնելու իրենց ոտնահարված իրավունքը:  «Մինչ օրս հարցը լուծում չի ստացել, և ստացվում է, որ գիտությունը մտավոր և հուզական լարվածություն չի պահանջում: Մի՞թե կա գիտություն առանց մտքի կամ անմիտ գիտություն»,- ասված է ՄԻՊ-ին ուղղված նամակում:

ՄԻՊ-ը, արձանագրելով գիտաշխատողների իրավունքների խախտումը, դիմել է կառավարությանը` առաջարկելով վերացնել խախտումը: Դիմումից հետո մեկ ամիս է անցել, սակայն կառավարությունը դեռ չի պատասխանել:  Պատճառաբանությունը` վարչապետը շատ զբաղված է:

«Կառավարության և իշխանությունների վերաբերմունքը գիտության նկատմամբ հայտնի է: Էլ ի՞նչ ասես, երբ գիտությանը դատապարտել են դանդաղ մահվան`  հատկացնելով  ՀՆԱ-ի 0,25 տոկոսը, երբ մակարդակը պահելու համար պետք է 1,5 տոկոսը: Սա էլ ընդհանուր վերաբերմունքի մի մասն է»,- ասում է ԳԱԱ միացյալ արհկոմի ղեկավարի տեղակալ Ազատ Սարգսյանը:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը «Անկախին» տեղեկացրեց, որ եթե նամակը ստացել են մեկ ամիս առաջ, ապա այն անպայման քննարկման փուլում է: Բերբերյանն առաջարկեց քիչ հետո զանգահարել` որոշակի իմանալու, թե հարցը քննարկման որ փուլում է:  Սակայն մինչ աշխատանքային օրվա ավարտը հետագա զանգերն անպատասխան մնացին:

Մի քանի օր առաջ ԳԱԱ միացյալ արհկոմը նամակով դիմել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով վերացնել իրենց իրավունքների խախտումը և հնարավորություն ընձեռել օրենքի սահմաններում օգտվել երկարացված արձակուրդի իրենց իրավունքից:

Արհկոմը սպասում է թե՛ կառավարության, թե՛ նախագահի արձագանքին: Իսկ թե արձագանքը երբ կլինի և կլինի՞ արդյոք, առայժմ պարզ չէ:

Դիտվել է 2829 անգամ:
Print Friendly

Leave a Reply