Հայ-թուրքական գործընթացի հնարավոր սցենարը և մեր անելիքը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 10, 2010 18:11

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ Վահան Դիլանյան

Հայ – թուրքական ներկա գործընթացի զարգացման հնարավոր սցենարները կարող են շատ լինել`  իրենց բազմաթիվ հետևանքներով ու արդյունքներով, եթե դրանց վերլուծության մեջ ներառենք միջազգային հարակից գործոններն ու շահերը: Բայց, վերջին հաշվով, լավատեսական ու հոռետեսական ընդամենը երկու սցենար կա.

Առաջին` Թուրքիան վավերացնում է արձանագրությունները, որին հետևում է Հայաստանի վավերացումը, և ըստ որոշված ժամանակացույցի` շարունակվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացակարգը: Այսինքն` արձանագրություններն ուժի մեջ մտնելուց հետո,  երկու շաբաթվա ընթացքում, Թուրքիան բացում է Հայաստանի հետ սահմանը, և կատարվում են մնացած երկկողմ հանձնառությունները:

Երկրորդ` Թուրքիան չի վավերացնում կամ վերապահումներով է վավերացնում արձանագրությունները, որին հետևում է Հայաստանի կողմից արձանագրությունների ստորագրության հետկանչումը կամ չվավերացումը, և  հայ-թուրքական հարաբերությունների ներկա ձևաչափը  խափանվում է:

Երկրորդ սցենարի դեպքում հայկական վարքագիծը կարող է հիմնվել հետևյալ երկու իրավական հիմքերի վրա. առաջին արձանագրություններում նշված ողջամիտ ժամկետներում վավերացման սկզբունքի խախտման փաստ, երկրորդ ` Հայաստանի ԱԺ կողմից ընդունված պայմանագրերը կասեցնելու և դադարեցնելու իրավասության մասին օրենսդրական լրացումը:

Թեև «ողջամիտ ժամկետներ» հասկացությունը միջազգային իրավունքում  որոշակի սահմանում չունի (որպես կանոն, կողմերը գործնականում խուսափում են կիրառել այդ եզրույթը), Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչական մարմինների օգոստոսի 31-ին հրապարակած համատեղ որոշումը սահմանում է, որ «երկու կողմերն առավելագույն ջանքեր կգործադրեն վավերացման արագ առաջընթացի համար` համաձայն իրենց սահմանդրական և օրենսդրական գործընթացների»: Սրանով «ողջամիտ ժամկետներ»  եզրույթը որոշակիացվում է  «հայ-թուրքական» դեպքի համար:

Հայաստանը նաև հայտարարել է, որ Անկարայի կողմից արձանագրությունների վավերացման անհարկի կամ արհեստական ձգձգումների դեպքում դուրս է գալու գործընթացից:

Շահագրգիռ ուժային բևեռների դիրքորոշումներն էլ, իրենց հերթին, համընկնում են հայկական կողմի դիրքորոշմանը, որ «արձանագրությունները պետք է վավերացվեն ողջամիտ ժամկետներում և առանց նախապայմանների»:

Հայկական կողմը կատարել է ընթացակարգային բոլոր պարտավորությունները` ընդհուպ արձանագրությունների վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշումը (այն էլ սահմանված ժամկետից առավել քան մեկ ամիս շուտ) և դրանք ԱԺ ուղարկելը:

Այսպիսով, պաշտոնական Երևանը համապատասխան պահին գործընթացի ներկա ձևաչափը կասեցնելու բոլոր իրավաքաղաքական հիմքերն ունի:

Թուրքիայի կողմից արհեստական խոչընդոտներ ստեղծելու, արձանագրությունների ոգուց շեղված նախապայմաններ դնելու քաղաքականությունն ու անհարկի ձգձգումները մեկնաբանման կարիք չունեն:

Այն, որ Թուրքիայում 2011 թ. խորհրդարանական ընտրություններ են լինելու, և  արձանագրությունների վավերացման դեպքում թուրքական ներկա կառավարությունը բավարար ձայներ չի հավաքի, Հայաստանի մտահոգությունը չէ:

Այն, որ Եթե Թուրքիան վավերացնի արձանագրությունները,  այնտեղ քեմալիստական – ազգայնական ուժերը գլուխ կբարձրացնեն և կապակայունացնեն ներքաղաքական իրավիճակը, նույնպես  հայկական կողմի մտահոգությունը չէ:

Խնդիրը փաստորեն Թուրքիայում է, ոչ Հայաստանում: Խնդիրը Թուրքիա-միջազգային հանրություն հարթությունում է, ոչ Հայաստան – միջազգային հանրություն հարթությունում:

Ուստի, Թուրքիային, թերևս, վերջնական որոշում ընդունելու ժամանակ կտրվի: Այսինքն` ավելի հավանական է, որ ԱՄՆ Կոնգրեսը չընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը և դրանով հնարավորություն տա Թուրքիային ո՛չ խափանել հայ-թուրքական գործընթացը, ո՛չ էլ նոր ճգնաժամ մտցնել ամերիկա-թուրքական հարաբերություններում (նկատի ունենք ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Օբամայի` Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապատման հնարավոր քայլը, որը կվատթարացնի թուրք-ամերիկյան հարաբերությունները):

Տրված ժամանակի ընթացքում թուրքական խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների հնարավոր քննարկումները կա՛մ կհանգեցնեն վավերացման, կա՛մ արդյունք չեն տա:

Այն հանգամանքը, որ Թուրքիայի  խորհրդարանում 550 պատգամավորական  տեղերից 337-ը զբաղեցնում է իշխող AKP կուսակցությունը, լուրջ խնդիրներ կստեղծի Անկարայի համար նաև միջազգային հանրությունում, եթե նա չկարողանա վավերացնել արձանագրությունները:

Այս փաստի մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ակնարկեց Լոնդոնում` նշելով, որ «նախագահ Գյուլն ու վարչապետ Էրդողանը քաղաքական կամքի դրսևորման պարագայում բավականաչափ աջակցություն կգտնեն Թուրքիայի խորհրդարանում մեծամասնություն կազմող իրենց կուսակիցների շարքերում»:

Համանման ձայների մեծամասնություն ունի խորհրդարանում նաև Հայաստանի իշխող կուսակցությունը: Սերժ Սարգսյանն այս կապակցությամբ էլ ասաց, որ «Թուրքիայի կողմից արձանագրությունները  ըստ  պայմանավորվածության` առանց նախապայմանների վավերացման դեպքում բացառում է  Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վավերացման տապալումը»:

Այսինքն` այս համեմատությամբ Հայաստանն անուղղակիորեն ցույց տվեց հայկական ու թուրքական կողմերի նույնական  ներուժը արձանագրությունների վավերացման համար և ընդգծեց Հայաստանի քաղաքական բարձր կամքի առկայությունը Թուրքիայի քաղաքական կամքի բացակայության պարագայում:

Այսպիսով, վերը նշված փաստերից պարզ է դառնում, որ եթե Հայաստանը դուրս գա ներկա գործընթացից, դուրս է գալու շահած, և ճնշումներն այս պարագայում լինելու են ոչ թե Հայաստանի վրա, ինչպես պնդում են շատ փորձագետներ, այլ`  Թուրքիայի:

Եթե անգամ չբացառենք գործընթացից հայկական կողմի դուրս գալու դեպքում միջազգային հանրության դժգոհության հնարավորությունը, անհրաժեշտ է քաղաքական մի նոր գործիք` վերահաստատելու հայկական կողմի կառուցողականությունը  և,  միաժամանակ, նոր խնդիրներ ստեղծելու թուրքական դիվանագիտության համար:

Ի վերջո, մեր խնդիրը բանակցություններից դուրս գալը չէ. հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, որը կհանգեցնի թուրք-հայկական սահմանի բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, կարևոր է Հայաստանի համար:

Նյութի շարունակությունը Նարեկ Ս. Գալստյանի ներկայացմամբ տես այստեղ

Դիտվել է 3499 անգամ:
Print Friendly

Leave a Reply