Եթե Թուրքիան չվավերացնի արձանագրությունները

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 10, 2010 18:09

Քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Ս. Գալստյան

Ի՞նչ անել, եթե, այնուամենայնիվ, Թուրքիան չվավերացնի կամ մեզ համար անընդունելի վերապահումներով վավերացնի արձանագրությունները: Սկսել «նոր էջի՞ց», թե՞ ընդհանրապես հրաժարվել կարգավորման գործընթացից: Կարծում ենք` ոչ, գոյություն ունի մարտավարական մեկ այլ հնարք:

Խնդիրն այն է, որ բաց սահմանը  մեզ (և ոչ միայն մեզ) իսկապես հարկավոր է: Մյուս հարցերի լուծումը, գոնե առայժմ,  հեռու ապագայի խնդիր է: Հենց սահմանների բացման հարցում են այսօր համընկնում Հայաստանի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ԵՄ-ի շահերը, հենց այդ խնդրի կարգավորումն է մեզ համար այսօր առավել նշանակալի:

Եվ եթե Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, կամ, որ նույնն է, վավերացնի դրանք վերապահումներով, սահմանի բացման հնարավորությունները չեն սպառվի: Պաշտոնական Անկարայի չվավերացման քայլին ի պատասխան` Հայաստանը, հավատարիմ իր նախաձեռնողական քաղաքականությանը, կարող է կատարել ևս մի և առավել նպատակաուղղված քայլ: Թուրքիայի կողմից վավերացումը տապալելու կամ անընդունելի վերապահումներով վավերացնելու դեպքում, Հայաստանը պետք է հետ կանչի իր ստորագրությունները: Սակայն,  անմիջապես պետք է պահանջի ոչ թե փակել կարգավորման օրակարգը, այլ վերանայել առկա ձևաչափը. սահմանների բացման, միջպետական հարաբերությունների կարգավորման և մյուս հարցերը ձևակերպել առանձին պայմանագրերով և առավել հստակ ու միանշանակ ձևակերպումներով:

Սա, մի կողմից, Հայաստանին հնարավորություն կտա Թուրքիայի միջազգային բացասական համբավի համատեքստում ավելի ամրապնդել սեփական հեղինակությունը, նոր պայմաններ ստեղծել` Թուրքիայի վրա էլ ավելի նպատակաուղղված միջազգային ճնշում գործադրելու համար: Մյուս կողմից` վերանայել արտաքին քաղաքական գործողությունների ռազմավարությունը` բացառելով  կամ նվազագույնի հասցնելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում թուրքական նախապայմանները, Հայաստանի և Սփյուռքի միջև «սեպ» խրելու հնարավորությունները:

Այս մարտավարության երրորդ առավելությունն այն է, որ այդ կերպ` այսպես կոչված «փաթեթային տարբերակով» չեն փոխկապակցվի մի քանի բարդ ու  չհստակված խնդիրներ: Ավելին, այդ կերպ հիմնական խնդրի`սահմանների վերաբացման հարցը առավել  որոշակի ու հստակ կլինի: Եվ, ամեն դեպքում, այդ կերպ Հայաստանը ոչինչ չի կորցնի, և եթե անգամ Թուրքիան այդ առանձին պայմանագրերին էլ ընթացք չտա, Հայաստանն առնվազն լրացուցիչ դիվիդենտներ կշահի:

Բոլորովին էլ պարտադիր չէ, որ այդ պայմանագրերը միաժամանակ վավերացվեն: Բնականաբար, մեզ համար առաջնահերթ նշանակություն պետք է ունենա սահմանների վերաբացման մասին պայմանագիրը, իսկ մյուսների  առնչությամբ մեր մոտեցումները և պահանջները կարող են նույնիսկ ավելի ուշ ձևակերպվել:

Այս մարտավարությունը, կարծում ենք, արդարացված ու հիմնավորված ռիսկ է:

Ի վերջո, միջազգային փորձը (թուրք-հունական և թուրք-սիրիական հարաբերությունները դրա լավագույն օրինակներն են) ցույց է տալիս, որ հնարավոր է մեկ այլ պետության հետ սահմանային կամ տարածքային վեճեր ունենալ, սակայն պահպանել դիվանագիտական հարաբերությունները: Սա նշանակում է, որ մեր և համաշխարհային ուժային կենտրոնների հետաքրքրության հիմնական առարկան` սահմանների բացման խնդիրը, կարելի է կարգավորել նաև  ուրիշ` այդ արձանագրություններից տարբեր ձևաչափով, իսկ մյուս խնդիրներին, անհրաժեշտության դեպքում, անդրադառնալ նպաստավոր պայմանների առկայության դեպքում:

Նարեկ Ս. ԳԱԼՍՏՅԱՆ


Նյութի առաջին մասը Վահան Դիլանյանի ներկայացմամբ տես այստեղ

Դիտվել է 3056 անգամ:
Print Friendly

Leave a Reply