Հայաստանցի օդային մարմնամարզուհին արժանացել է Կրկեսային միջազգային փառատոնի հատուկ մրցանակին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 9, 2012 15:07

Հայաստանը ներկայացնող 16-ամյա օդային մարմնամարզուհի Հասմիկ Մանուչարյանն արժանացել է Մանկական և երիտասարդական կրկեսային կոլեկտիվների, դպրոցների և կատարողների «Կրկեսային ապագա» VI միջազգային փառատոնի «Հանդիսատեսների համակրանք» հատուկ մրցանակին: Փառատոնում, որն անց է կացվել նոյեմբերի 4-ին, Լուգանսկում (Ուկրաինա), հայ մարմնամարզուհին հանդես է եկել «Օդային ռապսոդիա» համարը:

Փառատոնին մասնակցել են կրկեսային 50 կոլեկտիվներ, որոնք ներկայացնում էին  Ուկրաինան, Ռուսաստանը, Բելառուսը, Լատվիան, Լիտվան, Էստոնին, Հոլանդիան, Գերմանիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Չեխիան, Շվեյցարիան, ԱՄՆ-ը և, հասկանալի է, Հայաստանը:

Հասմիկ Մանուչարյանին մրցանակը հանձնել է Ուկրաինայի կրկեսային արվեստի վաստակավոր գործիչ, Լուգանսկի պետկրկեսի տնօրեն Դմիտրի Կասյանը (Կասիան)

Հասմիկ Մանուչարյանն ուսանում է Երևանի Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային դպրոց-ստուդիայում, որի ղեկավարը կրկեսի արտիստուհի Նաիրա Պետրոսյանն է: Հասմիկ Մանուչարյանն 8 տարեկանից յուրացնում է կրկեսային արվեստի գաղտնիքները: Իսկ կրկեսային համարը, որ նա նախապատրաստել է մարզիչ Գնել Սարգսյանի հետ համատեղ, նրան հաղթանակ է պարգևել Երևանում 2010 թվականին անցկացված Դելֆյան 6-րդ խաղերում:

Երևանի կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանն, անդրադառնալով հայ օդային մարմնամարզուհու վերջին ձեռքբերմանը, նշում է. «Հասմիկ Մանուչարյանի հաղթանակը հնարավորություն է ընձեռում նախաձեռնել նրա մասնակցությունը Մոնտե-Կառլոյի ամենից ներկայացուցչական Կրկեսի միջազգային փառատոնին՝ 2013 թվականին»:

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply