Բժշկական խորհուրդներ` ամառային հիվանդությունների դեմ. զգուշացե’ք, տիզերը շատացել են

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 17, 2009 19:29

ԿանխարգելումՎարակաբաններն ասում են, որ այս տարի Հայաստանում զգալիորեն շատացել են մակաբույծ միջատ համարվող տիզերը, որոնք թույն են պարունակում: Տիզերը, կպչելով կենդանիներին կամ մարդուն, կարող են փոխանցել հիվանդություններ` ծծելով հիվանդ մարդու արյունը  և հիվանդությունը փոխանցելով առողջ մարդուն:

Բժշկուհի Սյուզաննա Ավետիսյանն ասում է, որ հանրապետության հեռու շրջաններում գրանցվել են մի քանի դեպքեր, երբ տիզի կծելու հետևանքով կովերն ուռչել են և սատկել:  Բժշկուհին հորդորում է  մարդկանց ավելի զգույշ լինել և հնարավորինս ծածկել ձեռքերն ու ոտքերը` տիզերից պաշտպանվելու համար. կծված շրջանում կարող է առաջանալ բորբոքային պրոցես և թույնը հասնի նյարդային համակարգ:

Բժիշկները, բացի միջատներից, «ամառային վտանգների» շարքում առանձնացնում են  հատկապես շուտ փչացող սննդատեսակները. Ավետիսյանն ասում է, որ ամռանն ամենից շատ թունավորվում են պաղպաղակից, կրեմով խմորեղենից ու ձմերուկից:

«Պաղպաղակ արտադրող որոշ ընկերություններ գարնանը մինչև նոր պաղպաղակներ արտադրելը վաճառում են ցուրտ ամիսներին  սառնարաններում պահված հին պաղպաղակը»,-բացատրում է Ավետիսյանը:

ՁմերուկՄարդու օրգանիզմին անհրաժեշտ մագնիում պարունակող ձմերուկը վտանգավոր է հատկապես արևի տակ մնալուց հետո: Ավետիսյանն ասում է, որ անցած տարվա ընթացքում  շատ են եղել ձմերուկներից թունավորման դեպքերը: «Փողոցի փոշու և կեղտի մեջ վաճառվող ձմերուկների կեղևի միկրոբները թափանցում են միջուկի մեջ, երբ առանց լավ լվանալու կտրում են»,-ասում է վարակաբանը:

Ավետիսյանը խորհուրդ է տալիս սննդային թունավորման առաջին նախանշանները զգալուն պես օգտագործել  «Ռեգիդրոն» դեղամիջոցը: «Ռեգիդրոնի 1 տուփ փոշին լուծում եք 1 լիտր եռացրած-սառեցրած ջրի մեջ ու կում-կում ընդունում ամբողջ օրվա ընթացքում»,-ասում է Ավետիսյանը` հորդորելով  փսխման, լուծի կամ ուղղակի մարսողության խանգարման դեպքում շատ օգտագործել հեղուկներ, որպեսզի օրգանիզմը չջրազրկվի և թունավորում չառաջանա:

Օրգանիզմից թունավոր նյութերը հանում են նաև ստամոքսի լվացման միջոցով, ինչը կարելի է կատարել 2-5 տոկոսանոց սոդայի կամ թույլ վարդագույն մարգանցովկայի լուծույթով:

Գայանե Գալստյան

Դիտվել է 3437 անգամ:
Print Friendly

Leave a Reply