Հայաստանում մեկնարկել է 1 մլն եվրո արժողությամբ Twinning ծրագիրը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 9, 2012 15:01

“Այս ծրագիրը նպատակ չունի, որ տեսչության արդյունավետությունը կամ տեսչական կառույցը փոխի: Մենք ուղղակի ուզում ենք, որպեսզի տեսչությունը ձեռք բերի նոր հմտություններ ու համապատասխանի նոր ուղղությունների”,- խոսելով Հայաստանում Եմ հետ մեկնարկած Twinning ծրագրի մասին` ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գործառնությունների ղեկավար Ժան Կրիստոֆ Գայրանը` նշելով, որ իրենք փորձում են այստեղի մեթոդաբանությունը բերել համապատասխանելիության Եմ մեթոդաբանության հետ:

ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանն էլ իր հերթին նշեց, որ ծրագրի մեկնարկից սկսած` Հայաստան են այցելել թվով 34 փորձագետներ Եվրամիությունից, որոնք իրենց հետ միասին մասնակցել են ստուգումների ընթացքին և նոր օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը, հայկական կողմից արվել են մի քանի նոր օրենսդրական առաջարկություններ, որոնք մոտ ժամանակներում կգործեն:

“Սպառողների միություն” ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը, սակայն, կարծես թե միանշանակ գոհունակություն չհայտնեց այս ծրագրից և խոսեց օրենսդրական բացերի ու վերհասկողության ոլորտում առկա թերությունների մասին. “Մեր երկիրը շատ մեծ սխալ է կատարել տնտեսական օրինաչափությունների ասպարեզում. հանվել է սերտիֆիկացումը` պարտադիր պատնեշը սահմանի վրա: Այսինքն` պարտադիր սերտիֆիկացման օրենքի փոփոխության արդյունքում մենք ունենք ապրանքների անվերահսկելի տարածում ամբողջ հանրապետությունում: Տեսչությունը պետք է դա վերահսկի, սակայն դրա մասին կարելի է խոսել 30 տարի հետո, մինչդեռ ոչ մի տեսչություն չունի այդպիսի հնարավորություն, որ ամբողջ երկրով մեկ վերահսկի հանրապետության բոլոր ապրանքները իրենց որակական և մյուս ցուցանիշներով”:

Նշենք, որ ՀՀ-ում մեկնարկել է Twinning ծրագիրը, որը 1 միլիոն եվրո արժողությամբ ծրագիր է և նպատակ է հետապնդում ներդաշանկեցնել ՀՀ օրենսդրությունը սպառողների շահերի պաշտպանության ոլորտում առկա Եմ չափանիշներին: Դա կիրագործվի ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչության ինստիտուցիոնալ զարգացման և ՀՀ-ում Եմ չափանիշներին համապատասխանող շուկայի վերահսկողության համակարգի ստեղծման միջոցով: Ծրագրի նպատակն է բարելավել հանրային իրազեկվածության աստիճանը և ապահովել տեղեկատվության հասանելիությունը տնտեսվարող սուբյեկտների և սպառողների համար:

Վահե Մակարյան

Դիտվել է 723 անգամ:
Print Friendly

Leave a Reply