«Հարսնաքար»-ի գործով մեղադրանքը կշարունակի պաշտպանել Արթուր Դավթյանը

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | November 9, 2012 11:18

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր կշարունակվի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի գործով դատաքննությունը: Հավանաբար այսօրվա նիստում կավարտվի տուժող Արտակ Բայադյանի հարցաքննությունը, և դատարանը կանցնի հաջորդ տուժողի հարցաքննությանը:

Ա.Բայադյանի հարցաքննությունն սկսվել ու շարունակվել է նախորդ երկու նիստերում: Ցուցմունքներում տուժողը հայտարարել էր, որ հինգ տուժողներին մինչև ուշագնաց լինելը դաժան ծեծի են ենթարկել 15-20 հոգի, այդ թվում՝ գործով 6 ամբաստանյալները, սակայն վերջիններս ում են հարվածել և քանի անգամ ինքը չի կարող ասել՝ այն վիճակում չի եղել:
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հաստատեց «Փաստինֆո»-ի տեղեկությունը, որ գործով մեղադրանքը շարունակելու է պաշտպանել դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Արթուր Դավթյանը, ով օրերս ՀՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի դատախազ:

Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը մեղադրվում են տուժողներ Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի ենթարկելու մեջ: Ընդ որում, ըստ մեղադրական եզրակացության, Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 749 անգամ:
Print Friendly

Leave a Reply