Ի՞նչ արժեն մեդալները

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 12, 2010 11:10

Սպորտը թանկ հաճույք է, և հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է շատ փող ծախսել: Եվ քանի որ  միջազգային չափանիշներով մարզաշխարհում կոռուպցիան պակաս տարածում չունի, քան այլ բնագավառներում, դժվար չէ կռահել, որ փողի միջոցով ամեն բանի կարելի է հասնել, մանավանդ մեդալների տեր դառնալ: Ստացվում է, որ միջազգային ստուգատեսներում տարբեր երկրների, այդ թվում նաև Հայաստանի այն մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչները կարող են հաջողության հասնել, որոնք շատ փող ունեն: Հետաքրքիր է, թե այս առումով մեր որ մարզաձևերի ֆեդերացիաներն են նպաստավոր պայմաններում, առավել ևս, որ դրանցից  մի քանի տասնյակը տարեսկզբին պետությունից ֆինանսավորվել են:

Հայաստանի  սպորտի պետական կառույցն  աջակցության կարգով գումարներ է տրամադրել  32 մարզաձևերի ֆեդերացիաների: Իսկ մեխանիզմն այսպիսին է: Ամեն տարի կառավարությունն այդ նպատակով ֆինանսավորում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, վերջինս էլ փողերը բաշխում է տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներին: Եվ դժգոհությունները միշտ անպակաս են: Բանն այն է, որ  ֆինանսներն ինչքան էլ շատ լինեն, չեն բավականացնում: Այսինքն` ծախսելու տեղ միշտ կա: Սակայն հայտնի է, որ կա նաև մեդալի հակառակ երեսը: Եթե որևէ մարզաձևի ներկայացուցիչներն արդյունքներ ցույց չեն տալիս, ակնհայտ է դառնում, որ տրամադրված միջոցներն անտեղի են վատնվել:

Ուշագրավն այն է, որ Հայաստանում օրինաչափություն չկա ֆինանսները  տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներին բաշխելու հարցում: Թվում է, թե նախապատվությունը պետք է տրվեր աշխարհում տարածում ունեցող, հետաքրքրություն ներկայացնող մարզաձևերին, սակայն այդպես չէ: Եվ դա ցավալի է, քանի որ Հայաստանում հենց այդ մարզաձևերի ներկայացուցիչները զուրկ են ֆինանսներ հայթայթելու այնպիսի հնարավորություններից, ինչպիսին, ասենք, ունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան. միջազգային կազմակերպություններից ստացվող աջակցություն, եկամուտներ միջազգային խաղերի հեռարձակումից,  տոմսերի վաճառքից և այլն: Մինչդեռ ֆինանսական միջոցների մեծ կարիք ունեն հատկապես Հայաստանի վոլեյբոլի, հանդբոլի, բասկետբոլի ֆեդերացիաները: Ի միջի այլոց, դրանք  աշխարհում ամենատարածված մարզաձևերն են: Եվ  ահա, երբ արդեն բաշխվել են փողերը, պարզվել է, որ 2010-ին վոլեյբոլիստների կարիքների համար առանձնացվել է սոսկ 8 մլն դրամ, իսկ հանդբոլի և բասկետբոլի ֆեդերացիաների համար` 10 մլն դրամով ավելի: Տարբերակման պատճառը, թերևս այն է, որ վերջին երկու մարզաձևերի ներկայացուցիչները խաղալու են Եվրոպայի` տարբեր տարիքային խմբերի առաջնություններում: Բնական է, որ ստացածով վոլեյբոլիստները ոչինչ չեն կարող անել: Նույնը կարելի է ասել մյուս երկու խաղային մարզաձևերի ներկայացուցիչների մասին: Ուրեմն,  ո՞ւմ է պետք այս ձևականությունը, երբ նկատելի է, թե մարզասերներին ինչն  է հետաքրքրում. վերածնված «Հատիս» բասկետբոլիստուհիների թիմի հաջող մրցելույթները Եվրալիգայում մեծ խանդավառություն են առաջացրել Հայաստանում: Բայց ինչպե՞ս մեր երկրում զարգանան բասկետբոլը, խաղային մարզաձևերը, երբ պետությունն այնպիսի միջոցներ  է տրամադրում, որոնք ակնհայտորեն անբավարար են:

Հայաստանում ֆինանսները բաշխելիս հաշվի են առնում, թե ով է կանգնած տվյալ ֆեդերացիայի թիկունքին: Մասնավորապես, այս տարի ռեկորդակիրը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան է,որը պետությունից ստանալու է 220 մլն դրամ: Այս կազմակերպության նախագահը Սամվել Կարապետյանն է: Միայն այն փաստը, որ Երևանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի թիմային խաղարկության կազմակերպման համար տրամադրվել է 600 հազար դոլարից ավելի, նշանակում է, որ ֆեդերացիան խնդիրներ չունի: Ինքնին հարց է առաջանում, իսկ ճիշտ չէ՞ր լինի, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային այդպիսի փողեր հատկացնելու փոխարեն դրանք տրամադրվեին ավելի կարիքավորներին: Ընդ որում, դրանք  քիչ չեն նաև օլիմպիական համարվող մարզաձևերի թվում:

Ի դեպ, ըմբշամարտից բացի, օլիմպիական մի քանի մարզաձևեր նույնպես առանձնացվել են որպես հենակետային և արտոնյալ պայմաններով  են ֆինանսավորվել: Խոսքը ծանրամարտի, բռնցքամարտի, ձյուդոյի ներկայացուցիչների մասին է, որոնք  այս տարի ստանալու են համապատասխանաբար 150 մլն, 110 մլն և 71 մլն դրամ: Դա բնավ վատ չէ, սակայն պետք է  այնպես արվի, որ օլիմպիական մյուս մարզաձևերի աջակցության չափը հարյուրապատիկ անգամ պակաս չլինի, քան այդ մարզաձևերինն է: Դա կարող է հանգեցնել նրան, որ մի շարք մարզաձևեր Հայաստանում իսպառ վերանան: Եվ այդ երևույթի վտանգն արդեն կա:

Զարմանալի է, թե այդքան «շատ» փողը` 1,5-ական  միլիոն դրամը ինչ նպատակով պետք է ծախսեն  մականախաղի, գեղալողի և բադմինտոնի ներկայացուցիչները: Ի դեպ, այս մարզաձևերը նույնպես օլիմպիական են: Ընդ որում, ֆինանսների պակասի պատճառով մեր բադմինտոնիստներն արդեն բաց են թողել Եվրոպայի առաջնությունը: Օլիմպիական են նաև ձիասպորտը, ջրագնդակը, տափօղակով հոկեյը, որոնց ներկայացուցիչներին ընդհանրապես ոչ մի դրամ չի տրամադրվել: Ընդ որում, այս տարվա ապրիլին Երևանում նախատեսվում է անցկացնել տափօղակով հոկեյի C խմբի աշխարհի առաջնությունը: Իսկ ահա մի շարք ոչ օլիմպիական մարզաձևեր կան, որոնք տարիներ շարունակ ստանում են իրենց օրապահիկը: Օրինակ` սամբոյի, ուշուի, կարատեի, քիկբոքսինգի ներկայացուցիչներին 2010-ին հատկացվել է համախատասխանաբար 18 մլն, 6 մլն, 2 մլն, 2 մլն դրամ: Ակրոբատներն էլ չեն անտեսվել: Դա լավ է, թե վատ, մի կողմ թողնենք: Այդ դեպում ինչո՞ւ պետական ֆինանսական աջակցություն չեն ստանում  ոչ օլիմպիական մյուս մարզաձևերի ֆեդերացիաները: Կամ էլ պետությունն ինչո՞ւ չի փորձում օգնել, որ ազգային մարզաձևերը` կոխը, տաման, վերակենդանանան:

Ի դեպ, այս տարի առաջին անգամ ֆինանսավորվել է օլիմպիական երկու մարզաձև. թենիսի և ռեգբիի ֆեդերացիաները ստանալու են 5-ական միլիոն դրամ: Երկար ժամանակ էր խոսվում այն մասին, որ թենիսի ֆեդերացիան ֆինանսավորվելու է: Դա սպասվում էր դեռ  անցյալ մրցաշրջանում: Նույնիսկ  թենիսի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանն այդ մասին հրապարակավ հայտնել էր, սակայն հետո պարզվել էր, որ ոչինչ էլ չի ստացվել: Փաստորեն, այժմ սառույցը շարժվել է: Սակայն ի՞նչ կարելի է անել նման խղճուկ միջոցներով այդպիսի թանկ մարզաձևերում: Մասնավորապես, հայտնի չէ, թե ինչ նպատակի պետք է  ծառայեն ռեգբիին հատկացված ֆինանսները: Իրականում, Հայաստանում առայժմ ռեգբի չկա, միայն նոր են որոշել մեր երկրի առաջնություն անցկացնել, իսկ  միջազգային ստուգատեսներում նախկինում խաղացել են Հայաստանի հավաքականը համալրած մեր արտասահմանցի հայրենակիցները: Խնդիրն  այն է, որ անհրաժեշտ է լրջորեն ֆինանսավորել, կոնկրետ քայլեր կատարել, ներդրողների աշխատանքներում ներգրավել, որպեսզի այդ մարզաձևը մեզանում իրոք զարգանա, կամ էլ` խուսափել այդպիսի ձևականություններից: Իսկ եղած պայմաններում հայկական ռեգբիի համար փողեր ծախսելը հավասարազոր է մաղով ջուր կրելուն:

Ի դեպ, 2010-ին էլ մարզական ֆեդերացիաների մեծ մասի ֆինանսների չափերը նվազել են: Իսկ ահա սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի փողերն ավելացել են 11 մլն դրամով, և կազմակերպությունն  այս տարի ստանալու է 29 մլն 7 հարյուր հազար դրամ: Այն դեպքում, երբ օլիմպիական այս մարզաձևի ներկայացուցիչների խոշոր մասշտաբի ստուգատեսներում անգամ  երրորդ տասնյակ մտնելը մեծ իրադարձություն և հաջողություն է համարվում: Թերևս, այս ամենը նախկինում կատարվել է  Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, ՀԱՕԿ-ի նախկին գլխավոր քատուղար Արմեն Գրիգորյանի ազդեցությամբ, նա Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահն է: Իզուր չէ ասված` առաջ քո ծառը ջրիր…

Ընդհանուր հաշվով Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն այս տարի տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներին տրամադրել է շուրջ 885 մլն դրամ: Սակայն, վստահություն չկա, որ այդ ամենն ամբողջովին հասցեատերերին կհասնի: Բան այն է, որ նախորդ տարվա կատարվածի մասին մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչները չեն մոռացել: Տարվա կեսին, պատճառաբանելով համաշխարհային տնտեսական ճգնաժամը, մարզական  ֆեդերացիաներին անսպասելիորեն տեղյակ էր պահվել, որ  նրանց համար նախատեսված փողերի մի մասը կարող են տնօրինել միայն տարեվերջին: Այսինքն` այդ գումարները սառեցվել էին: Բայց այն ժամանակ արդեն պարզ էր, որ այդ փողերն այլևս ոչ ոք չի տեսնի:

Դիտվել է 2412 անգամ:
Print Friendly

Leave a Reply