Ձախորդ օրեր սպիտակ օլիմպիադայում
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | March 12, 2010 11:13
Հայաստանի օլիմպիական մարզիկները Վանկուվերում Կանադայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանի հետ
Կանադայի Վանկուվեր քաղաքում ավարտվեցին ձմեռային օլիմպիական խաղերը: Տպավորիչ մրցելույթներ ունեցան կանադացիները, որոնք նվաճեցին բոլորից շատ` 14 ոսկե, 7 արծաթե, 5 բրոնզե մեդալ: Իսկ Հայաստանի ներկայացուցիչներն անհաջող մրցելույթներ ունեցան: Կարելի է ասել, որ մերոնք ստուգատեսում ձախորդ օրեր անցկացրին: Անկեղծորեն պետք է խոստովանել, որ մեր երկրի օլիմպիականներից առանձնապես մեծ սպասելիքներ էլ չկային: Չորս տարին մեկ անգամ կազմակերպվող այդ ստուգատեսի նախապատրաստությանը, չգիտես ինչու, մեր երկրում նայում են մատների արանքով: Բավական է միայն այն փաստը, որ ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում մեկուկես տասնյակ մարզաձևեր կան, սակայն դրանցից ոչ մեկից Հայաստանի ներկայացուցիչները չէին կարողացել ուղեգրեր նվաճել: Այդ է պատճառը, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն և Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան ողորմության կարգով հրավեր էին ուղարկել, որպեսզի մեր երկրից օլիմպիական խաղերի մայրաքաղաք ուղևորվեն 2-ական դահուկավազորդ և լեռնադահուկորդ: Արդյունքում, Հայաստանից հեռավոր Կանադա մեկնեց շուրջ մեկուկես տասնյակ մարդ: Բացի մարզիկներից մնացածները, կարելի է ասել, գնացել էին որպես զբոսաշրջիկներ: Իսկ պատվիրակների թվում, մարզիչներից բացի, տարբեր պաշտոնյաներ էին` դահուկային սպորտի, լեռնադահուկային սպորտի մարզադպրոցների տնօրեններ, ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոսներ և այլն: Ի դեպ, բացառություն էր դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Երիցյանը, որ գերադասել էր մնալ տանը:
Պարզ չէր, թե ինչ սկզբունքով է համալրվել Հայաստանի հավաքականը: Բանն այն է, որ անսպասելիորեն ցուցակում հայտվել էր լեռնադահուկորդուհի Անի-Մաթիլդա Սերեբրյակյանի անունը, ով բնակվում է ԱՄՆ-ում: Զարմանալին այն է, որ մեր երկրի պատվիրակության անդամներից ոչ ոք նրան չէր ճանաչում: Այդ մարզուհին Հայաստան այդպես էլ չեկավ, նա մեր երկրի ներկայացուցիչներին միացավ Կանադայում: Ինչ վերաբերում է լեռնադահուկորդուհու մրցելույթներին, ապա Սերեբրյակյանը երկու անգամ մեկնարկի դուրս եկավ և երկու դեպքում էլ կատարյալ անհաջողության մատնվեց: Հսկա ոլորավայրէջքի և ոլորավայրէջքի մրցումներում նա պարզապես դուրս եկավ մրցուղուց և որակազրկվելով այլևս չշարունակեց պայքարը: Եթե լեռնադահուկորդուհու ներուժը դա էր, այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանից որևէ երիտասարդ մարզուհի չէր ընդգրկվել պատվիրակության կազմում, օլիմպիական խաղերին մասնակցությունը կարող էր միջազգային փորձի ձեռքբերման լավ հնարավորություն լինել: Ոչ ոք դեմ լինել չի կարող, որ Հայաստանի պատիվը պաշտպանեն արտասահմանից հրավիրված մարզիկներ, այդ թվում նաև օտարերկրացի: Իսկ եթե թույլերին պետք է հրավիրեն, այն էլ առանց նրանց կարողությունները ստուգելու, ավելի լավ է, որ դա չարվի: Իսկ թե ո՞վ պատասխան կտա կատարվածի համար, դժվար է ասել:
Ի դեպ, ծաղկաձորցի լեռնադահուկորդ Արսեն Ներսիսյանը նույնպես հսկա ոլորավայրէջքի և ոլորավայրէջքի մրցումներում չավարտեց մրցատարածությունը և դուրս մնաց պայքարից:
Աշոցքից Սերգեյ Միքայելյանը դասական ոճով 15 կմ դահուկավազքում 95 մասնակիցների պայքարում գրավեց 70-րդ տեղը, իսկ նույն ոճով 10 կմ մրցատարածությունում գյումրեցի Քրիստինե Խաչատրյանը 78 մրցակցուհիների պայքարում ճանաչվեց 76-րդը: Այսինքն` նա վերջից երրորդն էր: Ավելի վատ ցուցանիշ սպասել հնարավոր չէր: Ի դեպ, մրցավայր ուղևորվելուց առաջ, երբ այս մարզուհուն հարցրել էինք, թե հնարավո՞ր է` մրացատարածությունը կիսատ թողնի, նա պատասխանել էր, որ ամեն բան կանի, որպեսզի այդպիսի փաստի առջև չկանգնեցնի: Փաստորեն, նա խոսքի տերն էր:
Ի դեպ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը մեր պատվիրակներին ճանապարհելուց առաջ նրանց հայտնել էր, որ գոհ կլինեն, եթե մերոնք տեղ զբաղեցնեն տասնյակում: Ակնհայտորեն պարզ էր, որ դա բարի, բայց անիրատեսական ցանկություն է: Իրատեսականն այն է, ինչր կատարվել է: Իսկ այդ ամենը խայտառակություն է, թե ոչ, թողնենք առանց մեկնաբանության:
Միայն նշենք, որ ձմեռային օլիմպիական խաղերը մարզասերներին լարվածության մեջ պահեցին և հաճելի ակնթարթներ պարգևեցին: Ստուգատեը վերածվեց իսկական տոնակատարության: Ցավոք, այդ ամենը մեր մարզիկների համար չէր:






Facebook
Tweet This
Email This Post
