Այցելություն ԱԻՆ` ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 8, 2012 15:59

Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում այսօր ՀՀ ԱԻ նախարարություն էին այցելել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական և ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի ներկայացուցիչներ` Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչը, ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի աշխատակից Ստեֆեն Էլգերսման, ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի պետ Գագիկ Հովհաննիսյանը։

Հյուրերին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ընդունեց ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը։ ԱԻ նախարարի անունից ողջունելով բարձրաստիճան պատվիրակությանը` պարոն Հակոբյանը համառոտ ներկայացրեց ԱԻ նախարարության ստեղծման պատմությունը, կառուցվածքը, գործառույթները և անցած ճանապարհը.
– Մեր նախարարությունն ամենաերիտասարդն է, որ ստեղծվել է 4 տարի առաջ, իսկ ներկայիս ճգնաժամային կառավարման կենտրոնն ու «911» ծառայությունը հիմնվել են ընդամենը 1 տարի առաջ։ Սակայն այս կարճ ժամանակահատվածում բնակչությունից ստացված զանգերի թիվը, որը մյուս արձագանքման ծառայությունների ստացած զանգերի թիվը գրեթե կրկնակի գերազանցում է, վկայում է մարդկանց կողմից մեր վայելած մեծ վստահության և հարգանքի մասին։ Հայաստանը նաև տարածաշրջանում առաջին երկիրն է, որը ստեղծել է Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ։

Այնուհետև ԱԻՆ աշխատակազմի ղեկավարը խոսքը փոխանցեց ՃԿԿ պետ, գնդապետ Հ. Խանգելդյանին, որն առավել հանգամանալից ներկայացրեց կենտրոնի կառուցվածքը, առաքելությունը, գործունեության սկզբունքները և տեխնիկական զինվածությունը։

Դեսպաններն առաջին անգամ էին այցելում ԱԻ նախարարություն և տպավորված էին տեսածով։
– Ձեր կատարած աշխատանքն արժանի է շատ բարձր գնահատականի,- ասաց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչը,- ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեց այն ամենն, ինչ այստեղ տեսա, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ դա ընդամենը մի քանի տարվա եռանդուն ու նվիրված աշխատանքի արդյունք է։

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սկսվել են 1992 թվականին, երբ Հայաստանը միացավ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին (1997 թ. վերանվանվել է Եվրատլանտյան գործընկերության խորհրդի):

ՀՀ ԱԻՆ և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունն իրականացվում է Հայաստան-ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» և «Անհատական գործընկերության գործողությունների» ծրագրերի շրջանակներում: ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում ՀՀ ԱԻՆ փրկարարական թիմերը մասնակցել են բազմաթիվ խոշոր ուսումնավարժությունների, որոնցից «Արմենիա 2010» վարժանքը կազմակերպվել էր Հայաստանում, մշակվել են տարբեր աղետների դեպքում գործողությունների պլաններ ու անվտանգության հայեցակարգեր, անցկացվել դասընթացներ։

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply