Ջրի խնդիր. ղանթարով ջուր կրելը ոչ թե ազգագրական հիշողություն է, այլ իրականություն

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | March 11, 2010 8:52

Հեղինե Սահակյան. «Սաղ գյուղը դատարկվում ա. ո՞վ էս պայմաններում կապի»

-Ես 32 տարի ա, որ էս գյուղը հարս եմ եկել, 32 տարի էլ ղանթարով ջուր եմ կրում: Մեծ տուն ունեմ, բայց դատարկ ա: Տղես ասել ա, որ ես ստեղ ոչ կարամ ապրեմ, ոչ էլ հարս կբերեմ: Սաղ գյուղը դատարկվում ա. ո՞վ էս պայմաններում կապրի:

50-ամյա Հեղինե Սահակյանը Արմավիրի մարզի Բագարան գյուղի բնակիչ է: Նա և գյուղի բոլոր բնակիչներն ասում են, որ գոյության 60 տարիների ընթացքում գյուղում խմելու ջրամատակարարում չի եղել, և նրանք ջուրը ղանթարներով կրել են  Բագարանի  աղբյուրներից:

Ղանթարը փայտից երկար ձող է, որի երկու եզրին կեռիկով ամրացված են դույլեր: Գյուղի կանայք ջուրը կրում են դրանով:

Արմավիրի մարզի սահմանամերձ գյուղերում խմելու ջրի խնդիրը լուսաբանելու համար` «Պատերազմի և խաղաղության լուսաբանման» ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի կազմակերպած լրագրողական այցելության շրջանակներում «Անկախի» թղթակիցը այցելեց Բագարան համայնք:

Բագարանը 680 բնակչով` 180 տնտեսություն ունեցող սահմանամերձ գյուղ է, մարզկենտրոն Արմավիրից գտնվում է 45կմ հեռավորության վրա` դեպի հարավ- արևմուտք: Բագարանից մարզկենտրոն ախատում է մեկ միկրոավտոբուս` օրը մեկ անգամ: Գյուղից Թուրքիայի հետ սահման առավելագույն հեռավորությունը 1 կմ է, սակայն  դպրոցի բակի ետնամասում մի տարածք գտնվում է հենց փշալարերի հարևանությամբ և անզեն աչքով էլ կարելի նկատել սահմանից այն կողմ գտնվող թուրքական գյուղի անցուդարձն ու փողոցների երթևեկը:

Բագարանում է վերջանում Ախուրյան գետը, որտեղ և միախառնվում է Արաքսին: Եղեռնից մազապուրծ բագարանցիների պապերը սկզբնապես հիմնադրվել են ներկայիս Բագարանից մոտ 15 կմ դեպի հյուսիս`Գյումրիի ուղղությամբ Իսախան գյուղում, որից հետո` 1950-ականններին, գյուղացիների ասելով` Ստալինի հրամանով, եկել են այստեղ ու հիմել Բագարան գյուղը: Իսախանն այժմ ամայի տարածք է, որտեղ տանող ճանապարհը քանդված է:

Բագարանի համայնքապետ Գևորգ Մարգարյանը գյուղում առկա բոլոր խնդիրներից կարևորում է խմելու ջրի խնդիրը: «Մարդիկ գյուղի էն ծերից մոտ 2կմ ջուրը ղանթարներով կրում- բերում են, բա դա ձև՞ ա,- ասում է նա,- էս գյուղը քանի էղել ա, էդ ջրի խնդիրը հա էլ էղել ա»: Նա գյուղապետ է 2008թ. հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո:

Բագարանում գործում է ընդերքից սնվող 5 աղբյուր, սակայն գուղապետի խոսքով` ջրերով ավելի առատ են երկուսը, որոնցից էլ օգտվում են համանքի բնակիչները:

«Գևորգ Չաուշ» կոչվող աղբյուրը գտնվում է գյուղի ծայրին, իսկ մինչև գյուղի մյուս ծայրը մոտ 2 կմ է: Ջուրը հոսում է բետոնե բաց ջրատարի միջով, որտեղից էլ գյուղացիները դույլերով վերցնում են: Բագարանցի Կոտիկ Պետրոսյանն ասում է, որ 1905թ. այս տարածքով անցնելիս այդ աղբյուրից ջուր է խմել ֆիդայի Գևորգ Չաուշն ու նրանից հետո այն կոչվել է Գևորգ Չաուշի աղբյուր. «Արաքսի վրա էլ մի մոստ կա, որ մենք ասում ենք Պուշկինի մոստ, որովհետև մեր գյուղով ա Պուշկինն Արաքսն անցել ու գնացել Էրզրում` Գրիոբոյեդովի դիակը բերելու»:

Գևորգ Չաուշ աղբյուրը. այս աղբյուրից ջուր է խմել Գևորգ Չաուշը

«Անկախի» թղթակիցը համտեսեց աղբյուրի ջուրը, այն համեղ չէր: Աղբյուրի ջուրը գյուղացիներն օգտագործում են խմելու, ճաշ, թեյ ու սուրճ պատրաստելու համար, իսկ լողանալու և լվացվելու համար օգտագործում են Ախուրյանից ինքնահոս գյուղ մտնող ոռոգման ջուրը, որը առվակներով հոսում է գյուղի տարածքով: «Դե արի ու էդ առվի ջրով նոր ծնված քյորփա էրեխա լողացրա,- վրդովվում է Հեղինեն,-  իսկ ձմեռներն ավելի վատ ա. սաղ ցեխ. ռեզինից սապոգները հագներիս` կրում ենք: Ողնաշարս ծռվել ա, բայց էդ ա` ի՞նչ անենք»:

Ղանթարով ջուր կրելը համարվում է կնոջ գործ և տղամարդու համար անպատվաբեր: «Կնիկն իրա գործն ունի, տղամարդն էլ իրանը,- ասում են բագարանցիներ Գագիկն ու Արթուրը,- ինչի տղամարդն իր ուսին ղանթա՞ր կդնի` ջու՞ր կկրի»: Նրանք ասում են, որ եթե ընտանիքը մեքենա ունի, այդ դեպքում տան տղամարդը մեքենայով գնում է աղբյուր և օգնում կնոջը ջուր հավաքել:

26-ամյա բագարանցի Անահիտը ամուսնացել է գյուղում ու նույնպես ղանթարով ջուր է բերում տուն: Նա ասում է, որ աղբյուրի ջուրը խմելուց առաջ չեն եռացնում: «Ով հավես կամ ժամանակ ունի՞,- ասում է նա,- կամ գազ կա՞ որ եռացնես: Մենակ չայի համար ենք ջուր եռացնում, որ բաժակի մեջ լցնում ու թողում ենք` տակը սպիտակ հաստ շերտով նստվածքը պարզ երևում ա»:

80-ամյա բագարանցի Ազնիվ տատիկը, որն ապրել է նաև Իսախանում ասում է, որ իրենք այդ ջրին սովորել են. «Ինչ հիշում ենք էդ ա. էնտեղ էլ էինք ջուրը կրում: Բայց էն վախտերը քարից գուռ ունեինք. լցնում էինք, ջուրը կաթկթում, զուլալում էր, նոր տակինը խմում էինք: Հիմի  հազիվ փոքր բալոններով գազը բերում ենք Հոկտեմբերյանից` ճաշի համար: Չենք կարա եռացնենք` նոր խմենք: Թանկ ա: Հոսանքի վրա ենք նստած, փետ ու աթար էլ ենք վառում»:

Շատերի բակում աթար էր փռված չորացնելու, որը գյուղացիները ձմռանը վառում են:

Գյուղապետ Մարգարյանն ասում է, որ խորհրդային տարիներին գյուղում ջրագիծ է եղել, բայց ինչ-ինչ պատճառներով չի գործել: Իսկ 1999թ.նախկին գյուղապետի օրոք գյուղում ջրավազան է կառուցվել, որտեղ ինքնահոսով հավաքվում էր ընդերքից հորդող աղբյուրն ու հետո ջրագծերով մղվում դեպի գյուղը: «Բայց մի բան  սխալ են սարքել, ինչ են արել, էդ խողովակները ջուրը չեն պահում, անընդհատ փչանում են»,- ասում է Մարգարյանը:

Նրա խոսքով այդ ջրագծերով գյուղ ջուր մտել և գյուղացու տան ծորակից ջուր է հոսել  ընդամենը մեկ ամիս, որից հետո նորից փչացել է: «Խողովակների հերմետիկության հարց կա, որը որ ճիշտ չի արված,- ասում է համայնքապետը,- եթե նորոգում ես էլ` մեկ ա փչանում ա: Իսկ նորը կառուցելը մեծ ծախսերի հետ ա կապված: Գյուղի 11մլրդ. դրամ բյուջեն հազիվ աշխատավարձներին ա հերիքում»:

Մարգարյանն ասում է, որ խնդրի մասին տեղյակ են բոլր իրավասու մարմինները, ջրամատակարարման ներքին ցանց կառուցելու համար նախագիծ է ներկայացված մարզպետին, որը կառուցելու համար, ըստ այդ նախագծի կպահանջվի մոտ կես մլն. ամերիկյան դոլար:

Համայնքապետը դիմել է նաև Տարածքային կառավարության Ջրային կոմիտե, որտեղ նրան պատասխանել են, որ ջրագծերը իրենց սպասարկման տիրույթում չեն գտնվում: «Ասեցին, որ 1999թ., երբ էդ ջրագծերը կառուցվել են, պիտի հանձնած լիենին իրանց, որ իրանք էլ տեր կայնեին,- ասում է Մարգարյանը,- բայց դե չեն հանձնել»:

Հայաստանի խմելու ջրի մատակարարումն իրականացնում են «Նոր ակունք», «Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի ջրմուղ»  և «Շիրակ ջրմուղ»  ՓԲ ընկերությունները: Այս ընկերությունները սպասարկում են հանրապետության բոլոր քաղաքների ու 930 համայնքներից մոտ 40 տոկոսի ջրամատակարարումը: Մնացած 60 տոկոսը կամ 580 գյուղերի ջրամատակարարումը կազմակերպվում է համայնքների ուժերով:
Բագարանը և նրան հարակից տարածքը մոտ է «Նոր Ակունք» ՓԲԸ սպասարկման գոտուն:

Բագարանի գյուղապետ Գևորգ Մարգարյան. «Ջրագծերով գյուղ ջուր մտել և գյուղացու տան ծորակից ջուր է հոսել ընդամենը մեկ ամիս, որից հետո նորից փչացել է»

«Կոնկրետ Բագարանը չի մտնում հանրապետությունում ջրամատակարարում իրականացնող որևէ ընկերության ենթակայության տակ,- ասաց Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետկոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը,- և իր ջրամատակարումը կազմակերպում է համայնքի միջոցներով: Պարզ է, որ համայքն իր միջոցներով չի կարող ջրագիծ կառուցել, և նման դեպքում խնդիրը լուծվում է համայնք-մարզպետարան- կառավարություն օղակի միջոցով»:

«Սաղին էլ բողոքել ենք. էլ մարզպետ, էլ նախարար ու վարչապետ,- ասում է բագարանցի Կոտիկ Պետրոսյանը,- ու էդ բողոքները կոմունիստների վախտվանից էղել ա. մինչև իրանց առաջին քարտուղարն էլ տեղյակ էր էս խնդրից»:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ասաց, որ իրենք մարզում առկա հիմնախնդիրներին տիրապետում են և միայն Բագարանը չէ, որ խմելու ջրի խնդիր ունի: «Այդ նույն վիճակն էր տիրում Բագարանի հարևանությամբ գտնվող Երվանդաշատում, որի խմելու ջրի խնդիրը լուծվել է ընդամենը 2 տարի առաջ` ՄԱԿԻ ծրագրերով,- ասաց նա,- այդպես էր նաև Մյասնիկյան և Նորապատ համայնքներում, որտեղ նույնպես ջուրը կրում էին: Այժմ նույն վիճակում են գտնվում  Կողբավան և Քարակերտ համայնքները: Իսկ Խորոնքում  էլ, թեպետ ջրամատակարում կա, բայց շատ թույլ է, որը նույնպես խնդիր է»:

Ղահրամանյանն ասում է, որ փոխվարչապետի մոտ օրերս հրավիրված խորհրդակցությունում քննարկվել է մարզային խորհուրդների դերի բարձրացման հարցը, որի կազմում լինելու են գյուղապետերը, և եթե մարզային խոհուրդը ինչ-որ հրատապ հարց բարձրացնի, ապա այն կարող է շտապ լուծում ստանալ:

մարզպետ Աշոտ Ղահրամանյան. «Բագարանը մարզի զարգացման քառամյա ծրագրի մեջ ներառված է»

«Իսկ աշնանը  մենք կառավարություն ենք պատրաստվում ներկայացնել Արմավիրի զարգացման քառամյա ծրագիրը, որի մեջ Բագարանը ներգրաված է,- ասաց Ղահրամանյանը,- և եթե մինչ այդ որևէ բարերար չգտնենք, որի միջոցներով հնարավոր կլինի լուծել այդ հարցը, ապա քառամյա ծրագրով այն կլուծվի: Հետո մենք դեռ պետք է տեսնենք, թե կառավարությունը ինչքան գումարներ կտրամադրի ներկայացված ծրագրերի իրականացման համար»:

Ջրային կոմիտեից Գագիկ Խաչատրյանն ասում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո այս կամ այն ընկերության սպասարկման ենթակայության տակ են հայտնվել այն բնակավայրերը, որոնք սեփական աղբյուրներ չեն ունեցել և խմելու ջուրը մատակարարվել է դրսից: «Իսկ նրանք, որոնք ունեցել են իրենց սեփական աղբյուրները` չեն ընդգրկվել այդ ընկերությունների կազմում, և նրանց ջրագծերը մնացել է համայնքի հաշվեկշռում, քանի որ նախկին համակարգում այդպես է եղել»,- ասում է նա:

Խաչատրյանն ասում է, որ, թեպետ Ջրային կոմիտեի իրավասություններից դուրս է նրանց ենթակայության տակ չգտնվող համայնքների ջրամատակարարման հարցերով զբաղվելը, սակայն հանրապետության ջրային քաղաքականությունն  իրականացնելու առումով նրանք մի շարք ուսումնասիրություններ են անում:

Ջրային կոմիտեի հաշվարկներով Բագարանում ջրային ներքին ցանց կառուցելու համար կպահանջվի մոտ 125 մլն դրամ(մոտ 340 հազար ամերիկյան դոլար): «Գինը կախված է նրանից, թե ինչպիսի համակարգ ես ուզում կառուցել,- ասում է Խաչատրյանը,- եթե ուզում ես ջուրը հասցնես մինչև հողամասի գլուխ մի գին է,  տան ծորակից հոսելու դեպքում կամ շուրջօրյա ջրամատակարարում ունենալու համար`լրիվ ուրիշ գին»:

Տեսարան Բագարանի սահմանից. անզեն աչքով երևում է թուրքական գյուղի անցուդարձը

Խաչատրյանի դիտարկմամբ` խմելու ջրի խնդիրները չեն լուծվում բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:

«Որպեսզի համայնքն ընդգրկվի այդ ընկերության կարգավորման դաշտում, սպառողը պետք է հստակ պարտավորություններ ստանձնի վճարելու սպասարկված ծառայության դիմաց,- ասում է նա,- Տասնամյակներ շարունակ այդպիսի համայնքներում մարդիկ ջրի համար չեն վճարել: Մեր ուսումնասիրությունների համաձայն շատ բնակիչներ չեն էլ համաձայնվում համակերպվել այն մտքի հետ, որ ամսական մոտ 10-11 խորանարդ ջրի համար միջին սակագնով հաշված մոտ 2000 դրամ պետք է վճարեն: Նրանք համարում են, որ դա իրենց պապական ջուրն է, որի համար չպետք է վճարեն: Եվ երբ հարցը հասնում է ջրի համար գումար վճարելուն` գյուղացիները նախընտրում են, որ իրենց կանայք ջուր կրեն»:

Դիտվել է 3214 անգամ:
Print Friendly

Leave a Reply