Ռոբերտ Ռևազյան. «Նախաքննական մարմինը խտրական վերաբերմունք է ցույց տվել»

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | November 8, 2012 15:37

Սևանի «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» եկեղեցու ավագ հովիվ Վլադիմիր Բաղդասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում կողմը նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված գործով նախաքննական մարմինը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ՝ Արդար դատաքննության իրավունք, 9-րդ՝ Մտքի, խղճի և կրոնի ազատություն և 14-րդ՝ Խտրականության արգելում, հոդվածները: Մասնավորապես, խախտվել է կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքը՝ խախտվել է վարույթն իրականացնող մարմնի դեմ իրենց ներկայացված դիմումը քննելու տասնօրյա ժամկետը: Բացի այդ, անձը միայն երկու ամիս անց է տեղեկացել, որ գործով մեղադրյալ է, նա չի ունեցել բավարար ժամանակ ու հնարավորություններ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, քանի որ նույն օրը հայտարարվել է անձին որպես մեղադրյալ ներգրավելու և նախաքննության ավարտի մասին:

Կոնվենցիայի 9–րդ հոդվածով՝ Մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք, խախտումն, ըստ կողմի, արտահայտվել է նրանով, որ լրագրողներն իրենց գործողություններով ակնհայտ բացասական միտում են ունեցել պախարակելու կազմակերպությանը, իսկ «կրոնական կազմակերպության ներկայացուցիչները փորձել են պաշտպանել իրենց և կրոնական համայնքի պատիվն ու արժանապատվությունը»:

Կողմը Կոնվենցիայի 14-րդ հոդվածի՝ Խտրականության արգելում, խախտում է գնահատում այն, որ նախաքննության մարմնի կողմից քրեական գործի նյութերում բազմաթիվ են պաշտոնական փաստաթղթերը, որտեղ կազմակերպությունը ներկայացվում է որպես աղանդավորական:

Փաստաբանն ընդգծեց, որ խնդիրն ոչ թե լրագրողի կամ «Շանթ» հեռուստաընկերության մեջ է, այլ իրավապահ մարմինների սխալ գնահատականների՝ միջադեպը պետք է գնահատվեր ոչ թե որպես Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, այլ որպես Ներխուժում մասնավոր սեփականության տարածք:

Հիշեցնենք, որ ըստ գործի նյութերի, Վ. Բաղդասարյանը 10.11.2010թ. ժամը 15.30-ի սահմաններում Սևան քաղաքի Դեմիրճյան 6/5 հասցեում գտնվող շենքում խոչընդոտել է «Շանթ» հեռուստաընկերության լրագրողներ Արփի Սուքիասյանի և Էդուարդ Պետրոսյանի մասնագիտական օրինական գործունեությանը, այն է՝ ձեռքով հարվածել է Է. Պետրոսյանի դեմքին և շենքից դուրս գալու պահանջներ ներկայացնելով լրագրողներին, թույլ չի տվել կատարել նկարահանումներ։

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սամվել Ասատրյանի նախագահությամբ, 2011թ. հուլիսի 13-ի դատավճռով ամբաստանյալ Վլադիմիր Բաղդասարյանին հանցավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով և դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200000 (երկու հարյուր հազար) դրամի չափով։ Սակայն, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 26.05.2011 թվականի ԱԺ որոշմամբ, ամբաստանյալ Վ. Բաղդասարյանին ազատել էր նշանակված պատժից։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է Աշոտ Հարությունյանի և Վլադիմիր Բաղդասարյանի բողոքն ընդդեմ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման, որով մերժվել էր «Շանթ»հեռուստաընկերության լրագրողների դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) քրեական գործ հարուցելուն պարտավորեցնելու վերաբերյալ նրանց բողոքը: Իսկ Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել բողոքը վերադարձնելու մասին:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 1372 անգամ:
Print Friendly

Leave a Reply