Հացի որակն իջնում է, գինը՝ բարձրանում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 8, 2012 15:27

«Մենք պետք է ունենանք հացի շտեմարաններ, որպեսզի 6 ամսից մինչև 1 տարի Հայաստանն ունենա հացի պահուստային ֆոնդ: Երբ համաշխարհային շուկայում ցորենի գինը բարձրանում է, մեզ մոտ դեռ չգիտեն որտեղից և ինչի համար միանգամից բարձրացնում են հացի գինը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, «Սպառողների ազգային ընկերակցության նախագահ» Մելիտա Հակոբյանը:

Արդյոք այսօրվա մատուցված հացը համապատասխանու՞մ է իրականությանը: Եթե եվրոպական երկրներում անձը օգտագործում է օրական 100-150 գրամ հաց, մենք օրական օգտագործում ենք 300-400 գրամ, եթե ոչ ավելի:

«Սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում ապրող ժողովուրդը իրավունք չունի այսպիսի վայրիվերումների ենթարկվելու, հատկապես, երբ ընդամենը 2500 դրամով նվազագույն աշխատավարձ է բարձրացվում»,- նշեց Մելիտա Հակոբյանը՝ հավելելով, որ մի բան է գնի բարձրացումը, մեկ այլ բան է քաշի նվազեցումը:

Այսօր շուկայում վաճառվող հացի ընդհամենը 15 տոկոսն է, որ փաթեթավորված է և վրան գրված է բաղադրությունը, քաշը և այն բոլոր պահանջվող տվյալները, որ պետք է լինեն նշված՝ շատ դեպքերում նույնիսկ գինը գրված չէ:

«Սպառողների ազգային ընկերակցության» մարքեթինգի և մոնիտորինգի բաժնի պետ Ֆրունզե Հայթյանն էլ իր հերթին նշեց. «Հացը չի թանկացել, թանկացել է ցորենը, եթե ցորենը թանկացել է միջազգային շուկայում, Հայաստանում չէր կարող չթանկանալ, այլ բան է, երբ միջազգային շուկայում ցորենի գինը կարող է իջնել, իսկ մեզ մոտ դանդաղում է կամ լավագույն դեպքում մնում է նույնը»:

«Սպառողի իրավունքները ոտնահարվում են, երբ ի հաշիվ խոնավության, հավելումների և աղի զանգվածային քանակի, որը չնայած չնչին տոկոս է կազմում, ձեռք ենք բերում անորակ հաց՝ ավելի բարձր գնով»,- ավելացրեց Ֆրունզե Հայթյանը՝ հավելելով, որ շուկայում հացի 1/3-ը անհայտ ծագում ունի. մեզանից որևէ մեկը չգիտի, թե ում արտադրած հացն է գնում:

Մելիտա Հակոբյանն էլ իր հերթին ավելացրեց, որ շուկան պետք է թելադրի սպառողը, ոչ թե արտադրողը կամ ներկրողը, այսօր Հայաստանում հակառակն է, արտադրողը կամ ներկրողը ստիպում են ժողովրդին գնել այն, ինչ կա շուկայում:

«Եթե մենք պակաս քաշով ենք գնում հացը, դա արդեն թանկացում է, չէ որ մենք քչի համար շատ ենք վճարում»,- ասաց «Սպառողների ազգային ընկերակցության» փոխնախագահ Մելիտա Արիստակեսյանը, և իր խորհուրդը տվեց սպառողներին գնել ցածր տեսակի հաց, որը ժողովրդի մեջ ընդունված է ասել «սեռի» հաց, որն ավելի օգտակար է:

«Շատ ավելի մտահոգիչ է այն, որ ցորենին տալիս են կարիճի գեն, որ երաշտի ժամանակ քիչ ջուր վերցնի, բերքը շատ ավելի լավը լինի, այս մասին պետք է անհանգստանալ, քանի որ սա շատ ավելի վնասակար է մեր առողջության համար»,- ասաց Մելիտա Արիստակեսյանը՝ հավելելով, որ ավելի լավ է քիչ ուտել, բայց որակով:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply