Հովսեփ Կեսարացի` Միմար Սինան` «բոլոր ճարտարապետների գլխավոր»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | նոյեմբերի 9, 2012 7:29

1960-ականներին Սուլեյմանի մզկիթի պատերի մոտ թուրք հնագետները պեղեցին Աբդուլմենան օղլի Սինաննեդի Յուսուֆի գերեզմանը, որն ավելի հայտնի է Միմար Սինան անունով: Գիտնականների նպատակն էր, ուսումնասիրելով նրա գանգը, հերքել այն տեղեկությունը, թե ամենահայտնի թուրք ճարտարապետը հայ է:  Մնացորդները բերեցին անատոլիական քաղաքակրթության թանգարան, սակայն փորձաքննությունից հետո ստացված արդյունքները, որոնք այդպես էլ լույս չտեսան, անհետ կորան:

Հովսեփ Կեսարացի

Միմար Սինանի անունով է  սկսվում օսմանյան վերածծնդի պատմությունը կամ «մահմեդական ճարտարապետության դասական ժամանակաշրջանը»: Նա կայսրության 360 կառույցի հեղինակ է, որոնց մեծ մասը կանգուն է մինչ օրս: Սակայն ճարտարապետն իր փառքի համար պարտական է երեք հսկայական  մզկիթներին, որոնց հավասարը մահմեդական աշխարհը չէր տեսել: Նկատի ունենալով Սինանի գործն ու նշանակությունը թուրքական մշակույթում` գիտնականներն իրենց առջև նրա ինքնությունը պարզելու խնդիր դրեցին: Սակայն փորձաքննությունը ցանկալի արդյունք չտվեց ու չէր էլ կարող տալ: Հայտնի է, որ ճարտարապետը ծնվել է քրիստոնեական Կեսարիայում և ծննդյան օրից կրում էր Հովսեփ անունը:

Ավելին` մինչ օրս Ստամբուլի արխիվում պահպանվում է մի կարևոր փաստաթուղթ, որն անհերքելիորեն ապացուցում է  Միմարի հայկական ծագումը: Սուլթան Սելիմ II-ին 1573-ին գրած նամակում, որն այն ժամանակ  սկսել էր այլադավանների բռնի փոխադրումը Կիպրոս, Սինանը խնդրում է իր հայազգի հարազատներին Կեսարիայից բռնի տեղահան չանել, քանի որ արտաքսումը նրանց համար հավասարազոր կլիներ մահվան: Եվ Սելիմ II-ը նրա ընտանիքին թույլ է տալիս մնալ հայրենիքում:

Հարազատ Կեսարիան նա լքեց 1512-ին, երբ 25 տարեկան էր: Նրան ծնողներից  բաժանեցին ու որպես քրիստոնեության համար  հարկ`  ուղարկեցին ենիչերների գումարտակ, որը թուրքական բանակի բացառապես քրիստոնյաներից հավաքագրված  կանոնավոր հետևակն էր: Սկզբում նրանց  դաստիարակության նպատակով տեղավորում էին թուրք  գյուղացիների կամ արհեստավորների ընտանիքներում, որտեղ երիտասարդները յուրացնում էին թուրքերենն ու իսլամի հիմքերը, հմտանում ծանր ֆիզիկական աշխատանքում: Հետո նրանց վերադարձնում էին Կոստանդնուպոլիս և ընդգրկում ենիչերների նախապատրաստական խմբում, որտեղ 7 տարի էին ուսանում: Հույների, բուլղարացիների ու հայերի հետ նա էլ ծառայության անցնելուց առաջ հարկադիր հավատափոխ եղավ. իսլամ ընդունեց ու աստվածաշնչյան Հովսեփ անունը փոխեց Միմարով: Սակայն  տարիքի պատճառով ռազմական դպրոց չկարողացավ ընդունվել և ուղարկվեց օժանդակ թև: Երեք տարի անց ավարտեց ուսումը և ստացավ ճարտարապետի ու ինժեների որակավորում:

Հարազատ Կեսարիայից հեռանալուց 10 տարի անց Միմարն ուրիշ ենիչերների հետ մեկնեց գրավելու հունական  Հռոդոս կղզին: Այդ մարտում զոհվեց Սելիմ I-ը: Նրանից հետո գահ բարձրացավ օսմանների փադիշահ Սուլեյման Հրաշալին: Նրա կառավարման օրոք ապագա ճարտարապետը մասնակցեց դեպի Հունգարիա, Մոլդովա կատարած արշավանքներին, ներկայացվեց  հետևակի սպայի կոչման, իսկ 1526-ին Մոխաչի մարտում Թուրքիայի հաղթանակից հետո դարձավ ռազմական տեխնիկների ղեկավարը: Թուրք ենիչերներն ամրոց ամրոցի հետևից էին գրավում: Իսկ Սինանը յուրաքանչյուր կրակոցի հետ հայտնաբերում էր կառույցի թույլ տեղերը: Նա ակամա ուսումնասիրում էր ճարտարապետությունը` ավերելով այն: Ռազմական գործողությունների ժամանակ նա հարավարևելյան Եվրոպայի ու մերձավոր Արևելքի   տասնյակ երկրներում եղավ, ծանոթացավ իսլամական ու քրիստոնեական ճարտարապետությանը, հեթանոսական շինություններին, տեսավ տարբեր քաղաքակրթությունների ճարտարապետական մտքի տարբերությունները: Ամբարած գիտելիքներն ու տպավորությունները հետագայում  հսկայական  ազդեցություն ունեցան նրա ստեղծագործության վրա:

Նրա առաջին  շինությունները Վանա լճի ամրություններն էին, իսկ մոլդովական արշավանքի ժամանակ Պրուտ գետի վրա մարտավարական նշանակություն ունեցող կամուրջի կառուցման վրա աշխատեց ընդամենը մի քանի օր: Աշխատանքի ռեկորդային ժամկետը հետաքրքրեց Սուլեյման  I-ին, ու մեկ տարի անց Սինանը Թուրքիա վերադարձավ ոչ որպես  «անարգ տղա», այլ որպես միմարբաշի` պալատական գլխավոր ճարտարապետ, որի պարտականությունների մեջ էր մտնում Թուրքիայի ամբողջ տարածքում շինարարությունների  վերահսկողությունը: Նա պաշտոնավարեց մինչև մահ` երկարուձիգ 52 տարի: Նա ստեղծեց  ավելի  մեծ  իրավասություններով վարչություն, քան նրան հսկող նախարարինն էր: Նրա արհեստանոցում աշխատում էր շուրջ  30 նկարիչ` աշխարհի տարբեր ծեգերից: Ճարտարապետների նրա հիմնած կենտրոնում սովորում էին ապագա թուրք ինժեներները: Հանճարեղ ճարտարապետը կառուցում էր շատ ու  արագ, սակայն նրա  գլխավոր ստեղծագործությունները երեք մզկիթներն են, նրա ստեղծագործության երեք գագաթները. Շահզադեն, Սուլեյմանիեն ու Սելիմիեն: Իր ստեղծագործություններից մեկում նա գրում է, որ Շահզադեն աշակերտի գործ է,  Սուլեյմանիեն` ենթավարպետի, իսկ  Սելիմիեն` վարպետի:

Շահզադեի կառուցման հետ ողբերգական պատմություն է կապված: Լեգենդի համաձայն` Սուլեյման Հրաշալին սպանեց իր ավագ որդուն` Մուստաֆային` կասկածելով նրան դավաճանության մեջ: Սակայն շուտով պարզվեց, որ փադիշահի ժառանգը բանսարկության զոհ է դարձել, որի հեղինակը նրա  չորրորդ կինն էր` սլավոնական արմատներով Ռոքսոլանան,  որը ցանկանում էր, որ գահ բարձրանա իր զավակը` Սելիմ II-ը: Իսկ երբ կեղծիքը բացահայտվեց, Սուլեյմանը դառնագին զղջաց ու պալատական ճարտարապետին պատվիրեց ի հիշատակ իր որդու մզկիթ կառուցել, որն անվանեցին Շահզադե, այսինքն` շահի որդի, արքայազն:

Ընդունված է  համարել, որ այս մզկիթից է սկիզբ առնում օսմանյան ճարտարապետության ոսկե դարը:

Սուլեյմանիե

Սբ Սոֆիայի տաճարը նրան հանգիստ չէր տալիս:

Բյուզանդական ճարտարապետությունն ընդհանրապես  բոլոր վարպետների վրա մեծ ազդեցություն է ունեցել, սակայն Սոֆիան առանձնահատուկ էր:

Նա  նայում էր տաճարին ժամերով: Ու որոշեց ստեղծել մի կառույց, որը կգերազանցեր Սոֆիայի տաճարին  թե՛ գեղեցկությամբ և թե՛ փառահեղությամբ: Ամբողջ երկու տարի նա նախապատրաստվում էր  մզկիթի շինարարությանը, որը պետք է կրեր  Սուլեյման Հրաշալիի անունը: Սուլեյմանիեն Կոստանդնուպոլսի ամենամեծ տաճարն է: Այն կարող էր դառնալ նրա վարպետության գլուխգործոցն ու հույների նկատմամբ  հաղթանակի  գագաթնակետը:

Սուլեյմանիեն քաղաքային թաղամաս է հիշեցնում` բաղնիքներով, խոհանոցներով ու գրադարաններով, աստղադիտարանով ու մզկիթին կից դպրոցով: Եվ այստեղ ամեն ինչ մտածված է անհավանական մանրակրկիտ, անշտապ, դարերի համար:

Պատմում էին, որ աշխատողներից մեկը փորձել է միմարբաշիին վատաբանել, թե իբր շինարարությունը կառավարելու փոխարեն ողջ օրը նստած նարգիլե է ծխում: Սուլեյմանը որոշում է անձամբ ստուգել  ու  գալիս է շինարարության վայր և իսկապես էլ տեսնում, որ ծերուկը նստած նարգիլե է ծխում: Զայրացած փադիշահը հարցրել է, թե ինչու է նա  աշխատանքն աչքաթող արել, ի պատասխան Սինանը փադիշահին առաջարկել է նստել իր կողքին ու իր հետ նարգիլե քաշել, որի մեջ, ինչպես պարզվեց, միայն ջուր էր: Երբ սուլթանը ներշնչեց օդը, ջրի ռեզոնանսի ձայնը  տարածվեց  ողջ տաճարով, ակուստիկան իսկապես լավն էր:

Իսկ եթե պատը թակես, դատարկության ձայն կգա, որը տարածվում է  պատերի մեջ ներսարված կճուճների  դատարկությունից: Սինանը կարգադրել էր դրանք ծեփել քարերի արանքներում, ինչի շնորհիվ հավատացյալները լսում են քարոզչի ձայնն անգամ տաճարի հեռավոր անկյուններում:

Տաճարի բացման ժամանակ Սինանը դարպասի  ոսկե բանալին ձեռքին արտասանեց. «Այս տաճարը հավերժ կանգուն կլինի»: Չէ՞ որ նա Սուլեյմանիեն կառուցել էր որպես ամրոց: Հիմքի համար փորված  7-մետրանոց փոսը լցրեց ջրով` ջրամբարի նման: Ինչպես ժամանակը ցույց տվեց, այդ կառույցը  հսկայական շինությանն անհավանական ամրություն հաղորդեց: Սակայն խոջան  բավարարված չէր, չնայած նա գիտեր, որ այդ աշխատանքը նմանն ու հավասարը չուներ մահմեդական աշխարհում, այնուամենայնիվ, Սբ Սոֆիայի տաճարը նրա համար մնում էր անգերազանցելի: Սուլեյմանիեի գմբեթը 4 մ փոքր էր Սբ Սոֆիայի տաճարի գմբեթից:

Սելիմիե

Ասում են`  վերջերս ինչ-որ մեկը, տեսնելով այս տաճարը, բացականչել է. «Սա մարդու ձեռքի գործ չէ, այն երկնքից է իջել»: Սելիմիեն շատ բանով է տարբերվում նախորդներից: Այս կառույցում Սինանը հասավ իր կյանքի մեծագույն ձգտմանը: Երբ կեսօրին արևը ճառագում է ուղիղ  տաճարի վերևում,  ողջ գմբեթն է լուսարձակում: Նրան նույնիսկ  չափսերով  զիջում է նույն այն Սոֆիայի տաճարը: Դա հաղթանակ էր ոչ միայն Բյուզանդիայի նկատմամբ, ինչպես ինքն էր կարծում, այլ հենց իր` Սինանի:

Ընդհանուր առմամբ, նա կառուցեց 356 շինություն, այդ թվում` 131 մզկիթ, Կոստանդնուպոլսում ու նրա սահմաններից դուրս, 55 մեդրես, 19 դամբարան, 7 կամուրջ, 35 պալատ:

Նրա անձնական կյանքի մասին վկայություններ գրեթե չեն պահպանվել: Հայտնի է միայն, որ նա ամուսնացել է պատկառելի տարիքում, երիտասարդ աղջկա հետ:

Նույնիսկ նրա մահվան տարեթիվն է վիճելի: Ոմանք աում են, որ նա մահացել է իր հարյուրամյակի օրը, իսկ ոմանք էլ պնդում են, թե  իր հոբելյանի նախօրեին է  զոհվել, երբ զննում էր պալատական խոհանոցի վառարանների խողովակները:

Ապրել է նա 100 տարի, թե ոչ, այդպես էլ անհայտ է մնացել, սակայն ասում են, որ նա նույնիսկ 99 տարեկան հասակում էլ  պատասխանատու էր իր դրած յուրաքանչյուր քարի համար:

Սինանն  իրականացրեց իր գլխավոր երազանքը, կառուցեց մզկիթ` իր Սբ Սոֆիայի տաճարը, որի վրա , ինչպես և մյուս բոլոր շինությունների վրա, փորագրված է. «Բոլոր ճարտարապետների գլխավոր, անարգ Սինան»:

Ըստ «Ереван» ամսագրի

Դիտվել է 2631 անգամ:

Leave a Reply