Ֆեյհուա

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | November 8, 2012 10:27

Այսօր այլևս մեզ անծանոթ չէ արևադարձային այս պտուղը: Հարավային Ամերիկայից այն դեռևս մինչպատերազմյան շրջանն է բերվել այս կողմերն ու հիանալի հարմարվել բնակլիմայական նոր պայմաններին:

Ֆեյհուայի ակտիվ պտղաբերության շրջան է համարվում նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածը: Տարբեր գրքերում է հանդիպում այս պտղի նկարագրությունը. «Յուրահատուկ, ելակի ու արքայախնձորի միախառնված համ հիշեցնող պտուղ է: Իսկ այն լիարժեք զգալու համար հարկավոր է ընտրել հասուն պտուղներ»:

Ֆեյհուան հասունանում է նաև պահադարակներում: Եթե գնել եք խակ պտուղներ, ապա զինվեք համերությամբ,  մինչև դրանք սեղմելիս փափկություն ստանան: Ի դեպ, «արհեստական» հասունացման ժամանակ այս պտուղներն օգտակար հատկությունները չեն կորցնում: Սա միակ բույսն է, որ յոդի պարունակությամբ համեմատելի է  ծովամթերքի հետ:

Թե՛ գիտական և թե՛ ժողովրդական բժշկության մեջ ֆեյհուան օգտագործվում է վահանաձև գեղձի հիվանդությունների,  C վիտամինի անբավարարության, ստամոքսաղիքային տրակտի, գաստրիտի ու պիլեոնեֆրիտի, ավիտամինոզի  դեպքում:

Ֆեյհուայից պատրաստված մուրաբան կամ աղացած ու շաքարի հետ խառնած խյուսը օգտակար է աթերոսկլերոզով տառապողների համար: Այս բույսի պտուղներում մեծ քանակությամբ C վիտամին, սախարոզա , պեկտինային նյութեր, բջջանք կա: Սա այդ նյութերի պարունակությամբ գերազանցում է բոլոր հատապտուղներին:

Պտղի կեղևը նույնպես շատ օգտակար նյութեր է պարունակում. ֆենոլինային միացություններ (կատեխիններ ու լեյկոանտոցիաններ), կենսաբանական  հակաօքսիդանտ հատկությամբ ակտիվ նյութեր, որոնք օգնում են քաղցկեղային հիվանդությունների կանխարգելմանը: Սակայն ոմանց համար կեղևի տտիպությունը տհաճ է և ընդհանուր առմամբ ազդում է պտղի միջուկի համի վրա:

Ֆեյհուան  կիրառվում է նաև աղցաններում, մսային  սոուսներում, տարբեր ուտեստներում: Իսկ ֆեյհուայից մուրաբաներն ու ջեմերն անկրկնելի ու արտասովոր համ ունեն:  Դրա համար հարկավոր է`

Ֆեյհուան աղալ (ձեզ հարմար տարբերակով) ու խառնել շաքարի հետ (1 կգ-ին` 0,7-1 կգ շաքարավազ), իսկ եթե պատրաստվում եք այն պահել սենյակային ջերմաստիճանում, ապա պետք է շաքարի քանակը հասցնել 2 կգ-ի:

Ի դեպ` «հում» մուրաբան  օգտակար է իմունիտետի համար:

Դիտվել է 3755 անգամ:
Print Friendly

Leave a Reply