Բենիկ Թումանյան – 95. Լոռեցին, որ խոսել է աստղերի հետ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | November 14, 2012 14:22

«Կյանքումս, ինչպես գիտության մեջ, խորապես համոզված եմ, որ ինչ տալիս ես, այն է քոնը, ինչ  պահեցիր, կորած է»

 Աշխարհահռչակ աստղագետի բնորոշումը համամարդկային է, բայց կարծես ասված է հատկապես մեծերի, անվանիների համար: Հայ անվանիների համաստեղությունում իր ուրույն տեղն ունի գիտության վաստակավոր գործիչ Բենիկ Թումանյանը:

Բենիկ Թումանյանը ծնվել է 1917 թ. Լոռվա Դսեղ գյուղում: 1940 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է  Երևանի պետական համալսարանը մաթեմատիկոսի մասնագիտությամբ, ընդունվել ասպիրանտուրա և սկսել դասախոսել համալսարանում: Այնուհետև մեկնել է զինվորական ծառայության, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1946 թ. զորացրվելով նա վերադառնում է, անցնում դասախոսական աշխատանքի, նորից ընդունվում ասպիրանտուրա, այս անգամ` Հայաստանում նոր սկզբնավորվող «Աստղաֆիզիկա» մասնագիտությամբ:

1957-80 թթ. նա եղել է երկրի արհեստական  արբանյակների դիտման Երևանի կայանի պետ, 1974-80 թթ.` նաև Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դեկան: Անվանի գիտնականը ֆիզմաթ գիտությունների դոկտոր էր (1970 թ.), պրոֆեսոր (1972 թ.):

Կենսագրական այս տվյալների թվարկումն անգամ բավական է գնահատելու անվանի լոռեցու անցած ճանապարհը, բայց ես ուզում եմ մեջբերել մի նամակ, որ դեռևս ուսանողական տարիներին ինձ է տրամադրել պետական համալսարանի աստղադիտարանի մի աշխատակից (ազգանունը Ղազարյան էր, անունը չեմ հիշում): Ահա Դսեղ գյուղի 10-րդ դասարանցի Անուշիկի նամակը:

«Դպրոցում հայտարարված է ֆիզիկայի միամսյակ, որոշել ենք պատրաստել աշխարհի ականավոր ֆիզիկոսների վահանակ: Ես ընդհանրապես ֆիզիկոսներին չգիտեմ (իմ նախասիրությունը պատմական առարկաներն են), պատկերացնում եմ, որ նրանք բոլորն էլ ապրել են անցյալ դարում (հիմնականում): Եվ որքան մեծ եղավ զարմանքս, երբ իմացա, որ Դուք մեր ժամանակակիցն եք, մեր գյուղի ծնունդ և ապրում ու ստեղծագործում եք, չնայած նրան, որ Ձեր անունը գրված է հանրագիտարանում և տասնյակից անցնում են Ձեր աշխատությունները:

Մեր դասարանցիների և համադպրոցական ակտիվի անունից խնդրում եմ Ձեզ` նամակ գրել մեզ: Գրեք, խնդրում եմ, թեկուզ մի քանի տող գիտության մեջ անցած Ձեր ճանապարհի մասին, թե ինչի վրա եք աշխատում այժմ: Մենք հաճույքով Ձեզ հրավիրում ենք մեր միամսյակի փակմանը»: Նամակը թվագրված էր 17.12.1977 թ.:

Նամակի պատասխանը եղել է գիտնականի այցը դպրոց, նաև նրա  մասնակցությունը միամսյակի հանդիսավոր փակմանը, անձնական ընծայագրով իր «Հետաքրքրաշարժ հարցեր աստղագիտությունից» (1978 թ.) նոր լույս տեսած գրքույկի նվիրումը միամսյակի ակտիվ մասնակիցներին և տարբեր տարիներին հրապարակված մի քանի աշխատությունների հանձնումը դպրոցական գրադարանին: Հետո կապը դարձավ մշտական: Ավաղ, 1980-ին կտրվեց անվանի գիտնականի կյանքի թելը, և բոլորի հետ նաև Դսեղի դպրոցականներն արդեն հետմահու ծանոթացան իրենց անվանի հայրենակցի «Հարյուր խրախճական» հետաքրքրաշարժ աշխատությանը` հասցեագրված կրտսեր դպրոցականին:

… Սեղանիս աստղագետի աշխատություններից մի քանիսն են: Թերթում եմ դեռևս հեռավոր 1956-ին հրատարակված «Ժամանակի չափումը» շատ ուսանելի և այսօր էլ կիրառական գրքույկը, ուղեղումս պտտվում է պարսկատաճկական բանաստեղծ Սաադիի խոսքերը. «Գիտնականն  առանց աշխատությունների անպտուղ ծառ է»: Արգասաբեր է եղել Բենիկ Թումանյանի «ծառը»: Նրա աշխատությունները  վերաբերում են աստղագիտության պատմությանը (հ 1-2, 1964-68) երկհատորյակն արժանացել է բնագիտության և տեխնիկայի պատմության ԽՍՀՄ ազգային կոմիտեի դիպլոմի), աստղագիտական մտքի զարգացմանը Հայաստանում` հնագույն ժամանակներից մինչև XX դարի 1-ին քառորդը: Ուսումնասիրել է տոմարի պատմությունը, երկրակենտրոն և արևակենտրոն ուսմունքների տարածման էվոլյուցիան Հայաստանում, հետազոտել աստղակույտերի տեսանելի և իրական բաշխվածությունը` ըստ տիպերի: Մշտազբաղ գիտնականը հասցրել է նաև զբաղվել հայկական ձեռագրերի ուսումնասիրմամբ` կարողանալով նոր խոսք ասել հանրաճանաչ Անանիա Շիրակացու գիտական ժառանգության գնահատման ասպարեզում: Նա իրենն էր համարում ուսանողի հոգսը ու համահեղինակն էր «Աստղագիտություն» բուհական դասագրքի:

Կատարածն աննկատ չի մնում: «Արևակենտրոն ուսմունքի տարածումը Հայաստանում» աշխատանքը պարգևատրվել է Լեհաստանի գիտությունների ակադեմիայի հուշամեդալով: Այդ հետազոտությունը Կոպեռնիկոսի ծննդյան 500-ամյակին նվիրված համամիութենական մրցույթում գրավել է առաջին տեղը, և հեղինակը պարգևատրվել է Կոպեռնիկոսի հուշամեդալով: Բենիկ Թումանյանը պարգևատրվել է նաև Մաշտոցի, Խ. Աբովյանի հուշամեդալներով, բազմաթիվ դիպլոմներով և պատվոգրերով: Գուցե մի օր էլ նրա անվամբ հուշամեդալ կստեղծվի:

Ամենամեծ գնահատականը պատկանում է ժամանակին: Դեռ շատ կգրվի ու կխոսվի անվանի լոռեցու մասին, որ խոսում էր աստղերի հետ: Գոնե մենք` լոռեցիներս, իզուր ենք թողնում, որ աննկատ անցնի անվանի գիտնականի 95-ամյա հոբելյանը: Գուցե սպասում ենք, որ ժամանակները դառնան հոբելյանական, ու ըստ արժանվույն նշենք լոռեցի աստղագետի 100- ամյակը կամ պարզապես մոռացել ենք ամեայն հայոց բանաստեղծի, անմահ Թումանյանի պատգամը. «Հոբելյանները նրա համար են, որ ժողովուրդը լավ ճանաչի հոբելյարին»:

Ես մեկ անգամ եմ անձամբ հանդիպել գիտնականին, գնացքում:

Գիտնական- դասախոս: Այդ նշանակում է մշտական այրում, մշտական ստեղծագործություն, մտքի անդուլ աշխատանք, հոգու հսկայական շռայլություն, սեր  մատաղ սերնդի նկատմամբ, անսահման նվիրվածություն գործին:

Այս բնութագրով իմ մեջ տպավորվեց գիտնականը: Համոզվեցի, որ մեծարումներ, հոբելյաններ չի սիրում, ավելի շատ ուրիշների մասին էի խոսում : Այդ մեկ հանդիպումն է եղել,  միասին 8-10 ժամ, այն էլ` գիշերով, բայց կարծես վաղեմի  բարեկամներ էինք: Նրա խոսքը… Խրատներից ավելի շատ տպավորվել է մեկը. «Կյանքումս, ինչպես գիտության մեջ, խորապես համոզված եմ, որ ինչ տալիս ես, այն է քոնը, ինչ  պահեցիր, կորած է»:

Նա ոչինչ չպահեց, ոչինչ չկորցրեց: 1979 թ. Երևանի համալսարանի հրատարակչությունը լույս ընծայեց Բենիկ Թումանյանի «Լուսին» մենագրությունը` վերջինը հեղինակի կենդանության ժամանակ: Կարծես թե Աստված էր ծրագրել, որ լուսինը ներկայացնի ամենքիս  ու լույս տարով էլ միաձուլվի լուսնի հավերժությանը:

Երկար չապրեց, ու այդ էր մեր ամենքիս կորուստը: Զուտ պատահական առիթով թե նախախնամության միջնորդությամբ մեկ անգամ էլ բախտ եմ ունեցել զրուցել անվանի գիտնականի դստեր` Անուշի հետ, երբ անվանի գիտնականն արդեն հեռացել էր մեզնից: Այդ հանդիպումը ավելի խորացրեց կորստի ցավը, քանզի լավատես մարդու, օրինակելի հոր, համեստ գիտնականի, շնորհալի կազմակերպչի ուսանելի մի կերպար ներկայացրեց իմ զրուցակիցը, հպարտության զգացումով ու արցունքներից ծանրացող աչքերով:

Պարտավոր ենք միշտ ցավով հիշել նրա կորուստը և ըստ արժանվույն գնահատել նրա արածն ու ապրածը, որ մի դասագիրք էր, ուղեցույց- դասագիրք ամենքիս համար:

 

Վաղարշակ Ղորխմազյան

Դիտվել է 1389 անգամ:
Print Friendly

Leave a Reply