«Ես հաշտ եմ իմ բոլոր կերպարների հետ»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | March 10, 2010 15:17

Տարիներ շարունակ դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը նոր օրը դիմավորում  և ճանապարհում է  Տերունական աղոթքով: Տարիներ շարունակ նա  փողոցում հանդիպում է մարդկանց, ովքեր ասում են` մենք Ձեզ շատ ենք սիրում: Դերասանուհին  վայելում է ոչ միայն հանդիսատեսի սերն ու բերկրանքը, այլև` ընտանեկան  երջանկությունը: Նա սիրված կին է, սիրելի մայրիկ և  տատիկ: Նա և ամուսինը` դերասան  Սամվել Բաղինյանը, 1991 թ. արժանացել են ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:  Իսկ չգրված Ժողովրդական կոչումը շատ ավելի վաղուց է ստացել, քանի որ նրա համար բարձրագույն պարգևը ժողովրդի իրական  համակրանքն ու  գնահատականն է, ինչին տարիների տքնաջան աշխատանքով է հասել:

Խաղացել է բազմաթիվ դերեր, բայց նրա կյանքում առանձնահատուկ տեղ ունի Աղունը` Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» ներկայացման մեջ: Ջուլիետան այն երջանիկ դերասանուհիներից է, ում բախտ է վիճակվել  մարմնավորել հայ կնոջ այդ հավաքական կերպարը: Ընդ որում, Աղուն է խաղացել երկու անգամ` երիտասարդ ժամանակ, երբ 36 տարեկան էր, և այսօր: Հիմա քսան տարվա հեռավորությունից հիշում է. «Այն ժամանակ կերպարը խաղում էի անմիջական, այնպես, ինչպես զգում էի»: Հրանտ Մաթևոսյանը ներկայացումը նայելուց հետո  ասել է. «Ջուլյա ջան, շնորհավորում եմ քո ռիսկը, որ ցանկություն ես հայտնել խաղալ այդ դժվար կերպարը: Բայց դու խաղացիր Աղունի քրոջը»: Դերասանուհին, հպարտության ու դառնության խառը զգացումներով,  խոստացել է վարպետին  մեծ տարիքում կրկին անդրադառնալ Աղունի կերպարին:

Երկրորդ անգամ Աղունի կերպարը մարմնավորելու համար բեմ հրավիրեց ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանը: «Ցավում եմ, որ երկրորդ  խաղս Հրանտ Մաթևոսյանը չտեսավ, բայց պրեմիերայից հետո գնացի նրա շիրիմին և զրուցեցի հետը, ասացի.«Հազար ափսոս, որ հիմա չեք կարող տեսնել իմ խաղը»: Աղունին, խաղալու համար, հասունություն է պահանջվում: Այս կերպարը խաղալուց հետո հասկացա, որ սա այն է, ինչին ձգտել եմ և պարտավոր եմ շարունակել: »:

Բայց Աղունով չի սահմանափակվում Ջուլիետայի երազանքը, այս օրերին նա ձգտում է մարմնավորել Ելիզավետա թագուհու կերպարը, որը   Լյուդմիլա Ռազումովսկայայի «Իմ քույրը և գերուհին» գործի հերոսուհին է: «Այս կերպարը նույնպես բարդ է և  այն մարմնավորելու համար հասունություն  է պահանջվում»:  Ի դեպ, այդ կերպարը  հատուկ հեղինակի կողմից է  առաջարկվել:  Դերասանուհին խաղացել է նաև Շամիրամ «Արա Գեղեցիկ» ներկայացման մեջ, Օլգա` Լյուդմիլա Ռազումովսկայայի «Այգի առանց հողի» ներկայացման մեջ, լեդի Մակբեթ` Արթուր Սահակյանի բեմադրած մոնոներկայացման մեջ: «Ես հաշտ եմ իմ բոլոր  կերպարների հետ»:

Այս համերաշխությունը շարունակվել է նաև Լեհաստանի թատերական աշխարհում, որտեղ նա աշխատել է 10  տարի`1993-2003 թթ:

Այս օրերին Ջուլիետան ոչ միայն բեմում է մարմնավորում տարբեր կերպարներ, այլև`«Մի կաթիլ մեղր» հեռուստատեսային հաղորդաշարում: Ե՞րբ էդերասանուհին իրեն զգում  ինչպես «ձուկը ջրում», տեսախցիկների՞, թե՞ հարյուրավոր  հայացքների հսկողության ներքո: «Անկեղծ ասած, հեռուստախցիկը բացարձակ չեմ զգում: Թատրոնն  իմ իսկական տունն է, իմ ապրելակերպը: Քանի որ բեմը կենդանի արվեստ է, այն պահանջում է բնական լինել: Իսկ եթե քեզ  բնական ես զգում բեմում, չես կարող կեղծ երևալ  էկրանում: Տեսախցիկը ունի մերկացնելու հնարավորություն, ինչը  նկատելի չէ բեմում, քանի որ տեսախցիկի առաջ դերասանը ներկայանում է մենակ, իսկ բեմում նրա խաղընկերը կարող է  նրբորեն շտկել թերի կողմը: Էկրանը  դերասանին կա’մ սիրում  ու ընդունում է, կա’մ ատում ու հեռացնում»:

Ինչ վերաբերում է հեռուստասերիալներին,  Ջուլիետան համոզված է, որ պետք է դերասանները խաղան:  Մինչդեռ նույն հարթության վրա  հայտնվում են ոչ մասնագետները: Ըստ դերասանուհու, եթե այս ցավալի երևույթը վերանա,  հեռուստասերիալներն անհրաժեշտ որակ կունենան. «Ինչո՞ւ ուրիշ երկրներն ունենան, իսկ մենք` ոչ»:

Իր  լավ ու վատ օրերի  հետ Ջուլիետան հասցնում է  ձեռքն առնել շյուղերը, և այդ  գործում էլ վատ «ցուցանիշների» չի հասել: «Գործում եմ գուլպաներ, բլուզներ, գլխարկներ, վերարկու, ժակետ: Գործելու ցանկությունն անսպասելի է արթնանում մեջս, այդ պահին մատներս քոր են գալիս, չգործել պարզապես չեմ կարող»: Պարզվում է նաև թաքնված նկարչուհի է, թեպետ, իր ասելով, «մեծ գործեր» չունի: Եվ վստահ է, որ այլևս  Հայաստանից չի հեռանալու. «Դրսում ամեն ինչ  արտակարգ է, բայց այդ դիմակահանդեսը մերը չէ»:

Լիանա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է 2373 անգամ:
Print Friendly

Leave a Reply