Ո՞ր դեպքերում է պաշտպանի մասնակցությունը պարտադիր քրեական գործով վարույթին

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | November 15, 2012 7:17

Կասկածյալի կամ մեղադրյալի համար պաշտպան ունենալը որոշ դեպքերում ոչ միայն իրավունք է, այլև պարտադիր պայման: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և ցույց տալիս նրան իրավաբանական օգնություն օրենքով չարգելված բոլոր միջոցներով: Անձը պաշտպանի իրավավիճակ ձեռք է բերում կասկածյալի կամ մեղադրյալի համաձայնությամբ` նրա պաշտպանությունը ստանձնելու պահից: Պաշտպանը պարտավոր է պաշտպանությունն ստանձնելուց հետո այդ մասին անմիջապես տեղյակ պահել քրեական վարույթն իրականացնող մարմնին:

Քրեական դատավարության օրենսգիրքը սպառիչ կերպով թվարկում է այն դեպքերը, երբ քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, դրանք են`

1)      այդպիսի ցանկություն հայտնել է կասկածյալը կամ մեղադրյալը,

2) կասկածյալի կամ մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն իրականացնել պաշտպանության իր իրավունքը` համր, կույր, խուլ լինելու, խոսքի, լսողության, տեսողության ֆունկցիաների այլ էական խանգարման, երկարատև ծանր հիվանդության, ինչպես նաև տկարամտության, բացահայտ մտավոր թերզարգացածության, այլ ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով,

3) կասկածյալը կամ մեղադրյալը հոգեկան հիվանդություն կամ ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարում ունի,

4) կասկածյալը կամ մեղադրյալը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում քրեական դատավարության լեզվին,

5) հանցանքը կատարելու պահին կասկածյալը կամ մեղադրյալն անչափահաս է,

6) մեղադրյալը ժամկետային ծառայության զինծառայող է,

7) կասկածյալների կամ մեղադրյալների շահերի միջև կան հակասություններ, և նրանցից մեկը պաշտպան ունի,

8) քրեական հետապնդումն իրականացվում է այն անձի նկատմամբ, որին վերագրվում է քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարում անմեղսունակության վիճակում,

9) կասկածյալը կամ մեղադրյալն անգործունակ է,

10) դատական քննության արագացված կարգի կիրառման դեպքում,

11) դատարանը կիրառում է սույն օրենսգրքի 314.1-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան:

Կասկածյալի կամ մեղադրյալի` պաշտպան ունենալու ցանկությունը քրեական գործով վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցությունը կանխորոշող հանգամանք չէ, եթե նրանք ունեցել են նշանակված պաշտպան, սակայն հայտարարել են պաշտպանից հրաժարվելու մասին, որն ընդունել է քրեական վարույթն իրականացնող մարմինը: Քրեական գործով վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցությունն ապահովում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:

Պաշտպանը դադարում է որպես այդպիսին մասնակցել քրեական գործով վարույթին, եթե`

1) կասկածյալը կամ մեղադրյալը լուծել են նրա հետ ունեցած համաձայնությունը,

2) նա լիազորված չէ մասնակցելու համապատասխան գործով հետագա վարույթին,

3) քրեական վարույթն իրականացնող մարմինը պաշտպանին ազատել է քրեական գործով վարույթին մասնակցելուց` հաշվի առնելով քրեական դատավարությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանքների հայտնաբերումը,

4) քրեական վարույթն իրականացնող մարմինը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, ընդունել է կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարումը պաշտպանից:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 1906 անգամ:
Print Friendly

Leave a Reply