Ոսկերչությունը` զարգացման նոր ուղիով. Մշակված ռազմավարությունը նոր զարգացման հնարավորություն կտա

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | November 14, 2012 7:00

Հայերն ավանդաբար մետաղագործության և ոսկերչական արվեստի վարպետներ են եղել: Մետաղագործության ավանդույթներն այստեղ սկզբնավորվել են դեռևս մեր թվարկությունից առաջ, առաջին հազարամյակում: Իսկ պղնձի և երկաթի օգտագործման առումով Հայաստանը տարածաշրջանում առաջատարներից է:

Այսօր հայերը մեծ ճանաչում ունեն ոսկերչության ոլորտում: Հայազգի վարպետների աշխատանքները կարելի է  գտնել խոշոր համաշխարհային շուկաներում, և դա շարունակում է  ընդհանուր ոսկերչական արդյունաբերության վրա դրական ազդեցություն գործել: Հայերը ոչ միայն հիանալի վարպետներ են, այլև առևտրականներ, որոնց ձիրքը դրսևորվում է ժամանակակից արդյունաբերության բոլոր ուղղություններում, մասնավորապես` ոսկու, ադամանդի և ակնագործության:

Ժամանակակից ոսկերչական ու ժամագործական մի քանի հանրահայտ ապրանքանիշներ ստեղծվել են հայ գործարարների կողմից, որոնք իրենց բոլոր նախաձեռնություններում հավատարիմ են եղել իրենց սկզբունքներին:

Տարիներ առաջ հայ ոսկերիչների գործադրած ջանքերի շնորհիվ ստեղծվեց Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան, որի աջակցությամբ արդեն երկու տարի Հայաստանում կազմակերպվում է ոսկերչական զարդերի ցուցահանդես: Բացի այդ, մեր երկրում  հայ ոսկերիչների ազգային տոն գոյություն ունի, որը նշվեց վերջերս:

Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորգյանի տեղեկացմամբ` իրենց կազմակերպության  գործունեության նպատակը հայ ոսկերիչներին, ադամանդագործներին և ժամագործներին Հայաստանի շուրջ համախմբելն է և աշխարհի տարբեր երկրներում միմյանց հետ կապելը: «Մենք վստահ ենք, որ համագործակցելով ավելի մեծ հաջողությունների կարող ենք հասնել մեր բիզնեսներում: Համախմբելով մեր ներուժը, միավորելով մեր հավաքական փորձը` կարող ենք միասին նոր ծրագրեր նախաձեռնել, նոր ներդրումներ բերել և զարգացման նոր հեռանկարներ բացել մեր հայրենիքում և հայկական սփյուռքում: Այս ամենի համար այսօր կան բարենպաստ պայմաններ»,- ասում է Գագիկ Գևորգյանը` նշելով, որ այս տարի արդեն ունեն հստակ բիզնես նպատակներ:

Այսօր հայաստանյան ոսկերչության արտադրության բնագավառում գործում է մոտ 30 կազմակերպություն` ապահովելով  900 նոր աշխատատեղ: Միայն ադամանդների վերամշակման բնագավառում կա 6 կազմակերպություն, որոնցում ներգրավվածների թիվը հասնում է 400-ի: Այս տարվա հունվար-հունիս ամիսների դրությամբ` ոսկերչական արտադրության ծավալները  կազմել են 5,57 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ ապահովելով  117,3% աճ: Նույն ժամանակահատվածում իրացման ծավալները կազմել են 5,43 մլրդ դրամ` արձանագրելով  115,5% աճ, արտահանվել է 5,1 մլրդ դրամի արտադրանք: Այս ժամանակահատվածում ադամանդների մշակման ծավալները կազմել են 3,1 մլրդ դրամ` նախորդ ժամանակաշրջանի համեմատ ապահովելով 104,1% աճ: Նույն ժամանակահատվածում իրացման ծավալները կազմել են 3,62 մլրդ դրամ` նախորդ տարվա դիմաց արձանագրելով 121% աճ:

Ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների զարգացման վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից մշակվել է արդյունաբերության ռազմավարության քաղաքականություն, որը հնարավորություն կտա զարգացում ապահովել ոլորտում և վերացնել որոշ խոչընդոտներ:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանի տեղեկացմամբ` հանրապետության ոսկերչական ոլորտն իրենց ուշադրության կենտրոնում է, և իրենք հետևում ենք համաշխարհային շուկաներում կատարվող փոփոխություններին ու մարտահրավերներին` փորձելով ներդնել նոր և առավել բարենպաստ օրենսդրություն, մշակել երկարաժամկետ և կարճաժամկետ արդյունաբերական ծրագրեր: Նախարարը հիշեցրեց, որ ոսկերչությունը, ադամանդագործությունն ու ժամագործությունն ընդգրկվել են 2011 թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերության քաղաքականության ռազմավարության հեռանկարային ոլորտների շարքում: ՀՀ ոսկերչական ոլորտի ներդրումային դաշտը կատարելագործելու, արտաքին ներդրողների համար գրավչությունը մեծացնելու, առկա խոչընդոտները վերացնելու և ոլորտի հետագա դինամիկ զարգացումն ապահովելու նպատակով, նախարարության նախաձեռնությամբ իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք արտոնյալ պայմաններ են սահմանել ոլորտում գործող ընկերությունների համար, մասնավորապես փոփոխություններ են կատարվել շահութահարկի և ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենքներում:

Այս հարցում շատ է կարևորվում նաև ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, ինչը հնարավորություն կտա զարգացնելու նաև ոսկերչության ոլորտը: Ներկա պահին ամբողջությամբ ձևավորվել է ազատ գոտիների վերաբերյալ օրենսդրությունը, և կան կառավարության կողմից ընդունված մի քանի  որոշումներ: Էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության աշխատանքների ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Լալայանը տեղեկացնում է, որ  ազատ գոտիների ստեղծման հիմնական նպատակն  ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալների և զբաղվածության ավելացումն է, ինչպես նաև արտահանման աճի խթանումը, ինչն իր հերթին կհանգեցնի կայուն տնտեսական աճի: Ըստ նրա` մեր երկրում ազատ տնտեսական գոտիներ կարելի է  ստեղծել երկու ճանապարհով` կառավարության և մասնավոր նախաձեռնությամբ: Կառավարությունը հայտը դիտարկելուց և հավանության արժանացնելուց հետո միայն թուլտվություն կտա մասնավորին գործունեություն ծավալել` կնքելով պայմանագիր տվյալ կազմակերպության հետ:

Ոսկեգործության համաշխարհային կոնֆեդերացիայի նախագահ Գայետանո Կավալիերին էլ գոհունակություն է հայտնել արդյունաբերության այս ճյուղը միջազգային մակարդակի զարգացնելուն ուղղված գործունեության և առհասարակ Հայաստանում ոսկեգործության մշակույթի խրախուսման կապակցությամբ` նշելով, որ աշխարհում տարեցտարի ավելանում են ոսկերչական իրերի արտադրման և իրացման ծավալները: Ըստ ուսումնասիրության` 2014 թ. վերջին աշխարհում ոսկերչական իրերի ընդհանուր վաճառքը կկազմի 180 մլրդ դոլար, ինչը 2000 թ. գրանցված վաճառքի համարյա կրկնապատիկն  է:

Կարևորելով այս ոլորտի զարգացումը` կառավարությունը մասնավոր հատվածի հետ մտադիր է ընթացք տալ Հայաստանում հայ ոսկերիչների թանգարան հիմնադրելու նախաձեռնությանը, ինչը հնարավորություն կտա ցուցադրելու հայ ժողովրդի արվեստը, ուժը և գիտելիքն ու կարողությունները:  Իսկ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը

հավանության է արժանացրել հայ ոսկերիչների պատմությունը դեռևս հնագույն շրջանից մեկ մենագրության մեջ ամփոփելու գաղափարը և հայտնել, որ նախարարությունը պատրաստ է ֆինանսավորելու այդ ծրագիրը և կյանքի կոչելու այն:

Լ.Ն

 

Դիտվել է 2275 անգամ:
Print Friendly

Leave a Reply