Մեթոդների բազմազանությունը խնդիրներ է առաջացնում

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | November 12, 2012 7:07

Բազմաթիվ գործարարներ, որոնք ստիպված են արտերկրից Հայաստան ինչինչ ապրանքներ ներմուծել վաճառքի կամ այլ նպատակով, պարբերաբար բողոքում են մեր մաքսավորներից: Նրանցից մեկը վերջերս  պատմեց իր գլխով անցածը:

 Գործարարը բողոքում է մաքսավորներից

 

Վերջերս միջին բիզնեսով զբաղվող մի հայ գործարար` Սամվելը, որ ինչ-որ ապրանքներ է ներկրում Հայաստան, նաև բիժուտերիայի ու արծաթյա զարդերի խանութ ունի Երևանում, պատմեց իր հետ պատահած դեպքերից մեկի մասին:

Սամվելը, երբ սկսում է որոշ ապրանքների ներմուծումը, առաջին խմբաքանակը Հայաստան բերելու հետ կանգնում է լուրջ խնդրի առջև: Մաքսատան աշխատակիցները նրան հայտնում են, որ իր ներմուծած ապրանքները պետք է մաքսազերծվեն շատ ավելի բարձր արժեքով,  քան նա ձեռք է բերել դրանք արտասահմանում: Մաքսատանը նրան բացատրում են, որ կապ չունի, թե ինչ արժեքով է նա ձեռք բերել իր ապրանքը, միևնույն է, Հայաստանում այդ ապրանքը պետք է մաքսազերծվի ՀՀ մաքuային uահմանով տեղափոխվող ապրանքների մաքuային արժեքի որոշման մեթոդով, ըստ որի` մաքսային արժեքը որոշվում է ՀՀ ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնի հիման վրա:

Մաքսային արժեքները հաշվարկվում են ոչ այնպես, ինչպես հայտարարվում է

 

Այսինքն` եթե օրինակ` ներմուծվում է բաժակ, որի արժեքը ՀՀ շուկայում արժե 200 դրամ, սակայն ներմուծողն այն ձեռք է բերել 100 դրամով, մաքսային արժեքի համար հիմք է ընդունվում տվյալ բաժակի գինը ներքին շուկայում` 200 դրամը: «Այսպես արվում է այն պարզ պատճառով, որ մեր պետական բյուջեն աղքատ է: Այդպես չպետք է լինի, քանի որ դրանով գործարարին ուղղակի ասվում է, թե մենք քեզ չենք վստահում, չենք հավատում այն թղթերին, որ դու ներկայացնում ես մեզ ու որով փորձում ես ապացուցել, թե դու այսինչ գնով ես ներմուծել քո ապրանքը: Բացի դրանից, պետությունը դրանով փորձում է հավասար մրցակցային պայմաններ ստեղծել շուկայում` բոլորի ապրանքները մաքսազերծելով միևնույն մաքսային արժեքով: Այդպես, իհարկե, չի կարելի, ու պաշտոնապես էլ այդպես չէ, սակայն իրականում այլ է իրավիճակը»,- իր անունը չհրապարակելու պայմանով բացատրեց մաքսային մարմինների աշխատակից Ռ. Մ.-ն:

Իսկ մեր զրուցակիցը` գործարար Սամվելը, պատմում է նաև, որ իր ներմուծած ապրանքների մաքսային արժեքը որոշվեց ըստ իր ներկայացրած ինվոյսային արժեքի, այսինքն` գործարքի գնի մեթոդով, միայն ՊԵԿ գալուց ու այնտեղ որոշ անձնական ծանոթություններ օգտագործելու շնորհիվ:

Մաքսային արժեքի որոշման մեթոդները բազմազան են

 

Իրականում  գոյություն ունի մաքսային արժեքի որոշման 6 մեթոդ: Դրանք նշված են ՀՀ մաքսային ծառայության պաշտոնական կայքում: Եվ ըստ տվյալ պաշտոնական կայքի` այս մեթոդներից, ըստ էության, միայն մեկն է (մաքuային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդ) որոշվում և հայտարարագրվում հայտարարատուի կողմից: Մաքսային օրենսգրքով սահմանված է նաև, որ մաքսային մարմիններն իրավունք ունեն ներկայացված փաստաթղթերի անարժանահավատ լինելու դեպքում այս մեթոդով հաշվարկված մաքսային արժեքը չընդունել որպես հիմք մաքսային վճարներ հաշվարկելիս, որի դեպքում կիրառվում են մաքսային արժեքի որոշման մյուս մեթոդները:

«Մաքuային uահմանով տեղափոխվող ապրանքի մաքuային արժեքը գործարքի գինն է, այuինքն` այն գումարը, որը փաuտացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ներմուծման երկիր արտահանելու նպատակով ձեռք բերելու և մինչև Հայաuտանի Հանրապետության մաքuային uահմանը տեղափոխելու համար»,- նշվում է պաշտոնապես:

Համենայն դեպս, այդպես պետք է լինի նաև միջազգային համաձայնագրերով Հայաստանի ստանձնած պարտավորություններով, քանի որ ամբողջ աշխարհում այդպես է ընդունված: Փաստորեն, ըստ այս մեթոդի, պետությունը` ի դեմս մաքսավորների, վստահում է գործարարներին, նրանց չի վիրավորում` չհավատալով և կանխավ նրանց մեղադրելով զեղծարարության մեջ և ընդունում է գործարարի կողմից մաքսավորներին ներկայացված փաստաթղթերում նշված ձեռքբերման արժեքը և այն ծախսերը, որոնք անդրադարձել են ներկրվող ապրանքի արժեքի վրա:

Առավել ևս, որ  գոյություն ունի հետբացթողումային վերահսկողություն հասկացությունը. «Հետբացթողումային հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման օրինականության ստուգման, այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների հաշվառման, ինչպես նաև մաքսային վճարների հաշվարկման և վճարման ճշտության ստուգման նպատակներով` հայտարարագրում նշված տեղեկությունների արժանահավատությունը ստուգելու միջոցով»: Ասել է թե` սկզբում հավատում են, հետո ունեն ստուգելու հնարավորություն, ու եթե ստուգումները պարզեն, որ ինչ-որ բան սխալ է արվել կամ թաքցվել է, ապա պատասխանատվության են ենթարկում տվյալ խախտումները թույլ տված սուբյեկտին:

Ակնհայտ է մի բան. կառավարությունը թղթի վրա, այսինքն` պաշտոնական փաստաթղթերով այս սկզբունքներին է հետևում, սակայն իրականում մաքսակետերում այլ բան է արվում: Եվ մաքսային արժեքի որոշման մեթոդների բազմազանությունը հանգեցնում է նրան, որ մաքսավորները «մանյովրների» մեծ հնարավորություն են ստանում:

 

Դիտվել է 2301 անգամ:
Print Friendly

Leave a Reply