Ինչ տվեց մերոնց Մեքսիկա գնալը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | November 13, 2012 7:01

Օրերս Մեքսիկայի Կանկուն քաղաքում կայացավ մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի համաժողովը, անցկացվեցին կազմակերպության նախագահի, այն միավորող մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների նախագահների ընտրություններ: Հայաստանից մասնակցում էին մեր երկրի մարմնամարզության, գեղարվեստական մարմնամարզության, ակրոբատիկայի ֆեդերացիայի ներկայացուցիչներ` ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության պատասխանատուներ Շուշանիկ Հարությունյանը և Գայանե Ներսիսյանը: Վերջինս Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչն է:

«106 երկրների պատվիրակներ էին մասնակցում: Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան  միավորում է մի քանի մարզաձևերի ֆեդերացիաներ` մարմնամարզության, գեղարվեստական մարմնամարզության, աերոբիկայի, ցանցացատկի, մինի ցանցացատկի, ակրոբատիկայի, ակրոբատիկական  ցատկերի: Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Բրունո Գանդին: Ակրոբատիկայի ֆեդերացիայի նախագահը նույնպես մնաց նույնը` ԱՄՆ-ի ներկայացուցիչ Տոնիա Կասը: Բելգիացի Ռոզի Թայմսը դարձյալ կշարունակի վարել այդ կազմակերպության տեխնիկական կոմիտեի տնօրենի պաշտոնը: Իսկ ահա գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը փոխվեց: Այդ պաշտոնը ստանձնեց Նատալյա Կուզմինան (Ռուսաստան): Նա փոխարինեց Լեհաստանի ներկայացուցիչ Մարիա Շիշկովսկային: Լարված էր պայքարը հատկապես մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար ընտրություններում: Վիկտոր Տիտովը ներկայացնում էր Ռուսաստանը,  Ադրիանու Ստոյկան` Ռումինիան, իսկ Գանդին` Իտալիան: Թեժ մրցակցություն էր, այն տևեց երեք օր»,- ասաց Հարությունյանը:

Պարզաբանվեց, որ մեր երկրի ներկայացուցիչների մասնակցությունը կարևոր է եղել, քանի որ ընտրվողները, ծրագրեր ներկայացնելով, խոստումներ են տվել, որպեսզի իրենց աջակցեն և ձայներ ստանան: Մերոնք  մի շարք գործնական հանդիպումներ են ունեցել և հարցեր կարգավորել: Խոսքը ոչ թե նյութականի կամ մարզագործիքներ ստանալու մասին է, այլ` մասնագիտական օգնության: Նորընտիր ղեկավարները խոստացել են սեմինարներ կազմակերպել, հրավիրել դրանց մասնակցելու Հայաստանի մասնագետներին, նաև օգնել, որպեսզի մեր երկրի ներկայացուցիչները մարզվեն արտասահմանյան պետությունների ուժեղ հավաքականների հետ համատեղ:

Գայանե Ներսիսյանն էլ տեղեկացրեց, որ Գեղարվեստական մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նորընտիր նախագահը վստահեցրել է, որ առաջիկայում կազմակերպությունն իր միջոցներով Հայաստան կգործուղի մասնագետի, որը տեղում սեմինար կանցկացնի մարզիչների համար: Նախատեսվում է նաև հնարավորություն ստեղծել մեր երկրի նազելիների համար, որպեսզի նրանք հետագայում դրսում պարապեն, Ռուսաստանի հավաքականի մարզուհիների հետ համատեղ և այդ երկրի բարձրակարգ մարզիչների ղեկավարությամբ նախապատրաստվեն կարևոր ստուգատեսներին:

«Մեզ կօգնեն, որ քայլեր անենք, և միայն այդ ճանապարհով կարող է մարզաձևը զարգանալ Հայաստանում: Այլ ելք չունենք»,- ասաց Ներսիսյանը:

 

Դիտվել է 1498 անգամ:
Print Friendly

Leave a Reply