Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 8, 2012 14:02

Նոյեմբերի 7-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Դավիթ Նարմանիայի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպան Մանուկյանը շնորհավորեց զրուցակցին խորհրդարանական ընտրություններում նախարարի կողմից ներկայացվող քաղաքական ուժի հաղթանակի եւ կառավարության ձեւավորման կապակցությամբ` հույս հայտնելով, որ Վրաստանի նոր կառավարությունը շահագրգիռ կլինի Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացման գործում:
Անդրադառնալով նախարարության նախկին ղեկավարության հետ ձեւավորված սերտ համագործակցության արդյունավետությանը ինչպես օպերատիվ լուծում պահանջող հարցերում, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացմանն առընչվող հեռանկարային ծրագրերի իրագործման ընթացքում` ՀՀ դեսպանը, մասնավորապես, ընդգծեց նման գործելաոճի շարունակականության պահպանման եւ առավել ընդլայնման կարեւորությունը: Նախարար Նարմանիան պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ ձևավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան:
Զրուցակիցները քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, մասնավորապես` Հայաստանում նախատեսվող հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ Վրաստանի իշխանությունների կողմից որպես առաջնահերթ հռչակված Ախալցիխե-Բաթումի ավտոճանապարհի շինարարության հնարավորություններն ու ժամկետները: Դեսպան Մանուկյանն ընդգծեց ձմռանն ընդառաջ Վերին Լարսի հատվածում ճանապարհային անցողունակության հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացման կարեւորությունը, ինչը հնարավորություն կտա նվազեցնել այդ հատվածով երթեւեկող Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների հնարավոր բարդությունները` կապված եղանակային անկանխատեսելի զարգացումների հետ: Դավիթ Նարմանիան խոստացավ ապահովել բոլոր անհրաժեշտ գործողությունները նշված անցակետի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:
ՀՀ դեսպանն ու նախարարը պայմանավորվածություններ ձեռք բերեցին ընթացիկ եւ հեռանկարային համագործակցության ապահովման համար անհրաժեշտ հաղորդակցության եղանակների վերաբերյալ:

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply