Օբաման վերընտրվեց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | November 8, 2012 13:53

Ամերիկայի Միացյալ Նահանգներում նոյեմբերի 6-ին  անցկացվեցին նախագահական ընտրություններ: Ընտրությունների նախնական արդյունքներով` ԱՄՆ 45-րդ նախագահ ընտրվեց գործող դեմոկրատ նախագահ և նախագահի թեկնածու Բարաք Օբաման: Նա ստացավ 538 ընտրողներից 275-ի աջակցությունը:

 ԱՄՆում ընտրություններն այլ կերպ են անցկացվում

 

ԱՄՆ-ում նախագահ են ընտրում ոչ թե ուղիղ համաժողովրդական քվեարկությամբ, այլ Ընտրողների կոլեգիայի միջոցով, որտեղ յուրաքանչյուր նահանգ, իր բնակչության թվի հարաբերակցությամբ, ընտրալիազորներ ունի:

Ընտրողների կոլեգիայում 538 անդամ է: Նախագահական ընտրություններից հետո կոլեգիան հավաքվում է նիստի, և յուրաքանչյուր ընտրող մեկ ձայն տալիս է նախագահին, մեկ ձայն` փոխնախագահին:

Ընտրողի առաքելությունն է արտահայտել ժողովրդի կամքը: Հաղթող է հռչակվում այն թեկնածուն, որը կստանա առնվազն 270 ընտրողի աջակցությունը: Ընտրողը, փաստորեն, «ընտրալիազոր» է, որին շարքային ընտրողը լիազորում է քվեարկել կոլեգիայում: ԱՄՆ-ի պատմության ընթացքում կոլեգիան երեք անգամ նախագահ է ընտրել այն թեկնածուին, որը ժողովրդից ստացած քվեներով զիջել է մրցակցին:

Հետաքրքիր է նաև այն մեխանիզմը, որով թեկնածուն ապահովում է ընտրողների աջակցությունը. ամեն նահանգ ունի օրենսդիրների թվով ընտրողներ, ուստի մեծ նահանգներն ունենում են ավելի շատ թվով ընտրողներ:

50 նահանգներից 48-ում ժողովրդական քվեարկությամբ մեծամասնություն ստացած թեկնածուն մեխանիկորեն շահում է բոլոր ընտրողների ձայները: Բացառությունը միայն Մեյն և Նեբրասքա նահանգներն են, որտեղ քվեները բաշխվում են ըստ կոնգրեսական ընտրատարածքների:

ԱՄՆ-ում կան «կարմիր-հանրապետական» և «կապույտ-դեմոկրատական» նահանգներ, բայց կան նաև այսպես կոչված «չկողմնորոշված» նահանգներ (swing state), որտեղ թեկնածուներից և ոչ մեկը հստակ աջակցություն չունի. քաղաքական վերլուծաբանների համոզմամբ` հենց դրանք էլ լուծում են ամերիկյան ընտրությունների հանելուկը:

Ընտրություններն ավարտվեցին. նախնական արդյունքները մեծ փոփոխություններ չեն կրի

 

Նոյեմբերի 7-ին` Երևանի ժամանակով առավոտյան ժամը 8-ին, փակվել են ընտրատեղամասերը վերջին «չկողմնորոշված» նահանգներում, և այդ պահից արդեն գրեթե հստակ հայտնի է ԱՄՆ-ի 45-րդ նախագահի անունը:

Ձայների հաշվարկին մասնակցում են ազգային մեդիահոլդինգներ CNN-ը, Fox-ը, NBC-ն, CBS-ը և АР-ն: Նրանց հրապարակած տվյալները դե ֆակտո համարվում են քվեարկության նախնական արդյունքներ, որոնց հիման վրա էլ հայտարարվում է ընտրությունների հաղթողը:

Պաշտոնապես վերջնական արդյունքները հրապարակվում են նահանգների ընտրական հանձնաժողովներում  բոլոր քվեաթերթիկների հաշվարկից և նահանգի կառավարության պետքարտուղարի կողմից այդ տվյալները ստուգվելուց հետո, սովորաբար` ընտրություններից  մի քանի օր, նույնիսկ մի քանի շաբաթ անց:

CNN հեռուստաալիքը  հայտնում է, որ ըստ նախնական արդյունքների` Միացյալ Նահանգների գործող նախագահ,  դեմոկրատ Բարաք Օբաման նախագահական ընտրություններում ստացել է  275 պատվիրակի քվե՝ վերընտրվելու համար անհրաժեշտ 270-ի փոխարեն:

Մինչ այդ` երևանյան ժամանակով ժամը 07.30-ի դրությամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում էր, որ ձայների նախնական հաշվարկի և exit-poll-ի համաձայն՝ Օբաման առաջատար է «տատանվող» նահանգների մեծ մասում:

Այս փուլից հետո յուրաքանչյուր նահանգի ընտրողները դեկտեմբերի 17-ին  կանցկացնեն իրենց քվեարկությունը, որի ընթացքում էլ պաշտոնապես կընտրեն նախագահին: Ընտրողների քվեարկության արդյունքները դեկտեմբերի 26-ին կհանձնվեն ԱՄՆ Կոնգրեսին և 2013 թ. հունվարի 6-ին Վաշինգտոնում կհրապարակվեն 2 պալատների  համատեղ հատուկ նիստում:

Այս անգամ Օբամայից սպասելիքներ չունենք

 

Այլևս բոլորի համար էլ պարզ է, որ Բարաք Օբաման վերընտրվեց: Հետևաբար այն բոլոր կանխատեսումները, որ անում էին մինչ ընտրությունները աշխարհի տարբեր երկրների վերլուծաբանները, թե ինչ կլինի, երբ ԱՄՆ նախագահ ընտրվի Միթ Ռոմնին, այլևս էական չեն: Քանի որ Բարաք Օբամայի վերընտրվելը նշանակում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն չի լինի: Համենայն դեպս, այդ կարծիքին են վերլուծաբանները:

Հիշենք, որ նախորդ ընտրությունների ժամանակ, երբ առաջին անգամ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվեց Բարաք Օբաման, նա ԱՄՆ հայ համայնքին խոստացել էր, որ կօգտագործի «գենոցիդ» բառը և կաջակցի հայերին` Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում: Սակայն նա պաշտոնավարման ամբողջ ընթացքում չկատարեց իր խոստումը, այլ միայն օգտագործեց հայերեն «Մեծ եղեռն» բառակապակցությունն ու Թուրքիայում էլ հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ ինքը հայտնել է իր կարծիքը, և այդ կարծիքը չի փոխել:

Ուստի այս ընտրությունների ժամանակ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտարարել էր, որ չի աջակցի նախագահի թեկնածուներից և ոչ մեկին. Օբամային` խոստումը չպահպանելու պատճառով, իսկ Ռոմնիին, քանի որ նա նույնիսկ համայնքի հետ բանակցություններ չի վարել:

Այնուամենայնիվ, ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ղեկավար Քեն Հաչիկյանը հաղորդագրություն է տարածել ԱՄՆ նախագահական և Կոնգրեսի  կայացած ընտրությունների վերաբերյալ:

«Մենք շնորհավորում ենք նախագահ Օբամային, նաև  նախկին նահանգապետ Ռոմնիին` լավ քարոզարշավի համար: Շնորհակալություն ենք հայտնում նաև ամերիկահայ ընտրողներին, որոնք ընտրության գնացին` ընտրելու տեղական այն թեկնածուներին, որոնք աջակցում են մեզ համայնքին հուզող հարցերում»,- ասված է այդ հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Կոնգրեսի թեկնածուներից, որոնց սատարում է համայնքը, մեծ առավելությամբ հաղթել են Բոբ Մենենդեսը, Ադամ Շիֆը, Էդ Ռոյսը, Ֆրենկ Փալոնեն և այլք:

Ինչևիցե, եթե նախորդ նախագահական ընտրություններից հետո մենք` հայերս, ունեինք նախագահ Օբամայի խոստումը Ցեղասպանության հարցերի վերաբերյալ, ապա այս ընտրություններից հետո ոչ մի խոստում էլ չունենք: Հետևաբար, մնում է միայն հետևել, թե ինչ արդյունք կտա կոնգրեսականների հետ համագործակցությունը, որը նախաձեռնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Դիտվել է 1460 անգամ:
Print Friendly

Leave a Reply