Թուրքական սերիալն էլ քաղաքականություն է

ԷՍՍԵ | | November 13, 2012 7:41

Ամբողջ աշխարհում սերիալներն այսօրվա հեռուստաեթերի անբաժան մասն են: Սերիալների արտադրության ոլորտը բավականին շահավետ է համարվում, քանի որ նման նախագծերը կարողանում են մեծ լսարան ապահովել: Բացառություն չէ նաև Թուրքիան, որտեղ հեռուստաալիքները լավ հմտացած են սերիալների արտադրության բնագավառում և նկատելի հաջողություններ են ունենում: Եվ քանի որ թուրքական միջավայրում գերիշխող գաղափարախոսությունը ազգայնականությունն է, զարմանալի չէ, որ թուրքերն իրենց քարոզչության և քաղաքական շահերի համար  չեն զլանում օգտագործել նաև սերիալը: Չէ՞ որ սերիալներ նայում է երկրի բնակչության մեծամասնությունը կազմող հասարակ ժողովուրդը: Հենց նրանք են դառնում հիմնական թիրախային խումբը:

Այս առիթով արժե հիշատակել թուրքական մի սերիալ, որն աննախադեպ հաջողություն ունի Թուրքիայում, թյուրքալեզու երկրներում, ԱՊՀ տարածքում և նրա սահմաններից դուրս: Խոսքը ,Muhteşem yՖzyılե («Հրաշալի  դար») սերիալի մասին է, որն արդեն երկրորդ տարին է` հեռուստացույցի առջև է պահում միլիոնավոր հեռուստադիտողների:

«Հրաշալի դարը» պատմում է օսմանյան սուլթան Սուլեյման Կանունիի    կառավարման ժամանակաշրջանի` XVI դարասկզբի մասին, երբ Օսմանյան կայսրությունը մեծ զարթոնք էր ապրում: Այն ցույց է տալիս օսմանյան բանակի հաջող արշավանքները, հաղթանակներն ու նվաճումները: Սերիալում գլխավոր կերպարներից է նաև կայսրության սադրազամ (ներկայիս վարչապետի պաշտոնն է), սերասքեր (բանակի գլխավոր հրամանատար) Իբրահիմ փաշան, որը ծագումով Հունաստանի հյուսիսային շրջանի Փարգա գյուղից էր, ձկնորսի որդի: Մանուկ հասակում նա գերի է ընկել և տարվել Մանիսայում գտնվող սուլթանական պալատ: Այնտեղ, ծանոթանալով դեռևս երիտասարդ Սուլեյմանի հետ, դարձել է նրա ամենամտերիմ ընկերը, հետագայում ստացել վերոհիշյալ բարձր պաշտոնները:

Սերիալը նաև բարձրացնում է սուլթանական հարեմի վարագույրը: Ցույց են տրվում հարեմական կյանքի բազմաթիվ մանրամասներ ու ապրումներ: Սերիալում կենտրոնական տեղ է զբաղեցնում նաև պայքարը սուլթանի կանանց միջև` նրա սիրտը գրավելու համար: Հյուրեմը` Սուլեյմանի երկրորդ կինը, թերևս Օսմանյան կայսրության պատմության մեջ հիշատակվող ամենահայտնի կանանցից մեկն է: Ունենալով ոչ թուրքական, այլ սլավոնական ծագում` նա կարողացավ դառնալ սուլթան Սուլեյմանի սիրելի կինը և այդպիսով հասնել իր բոլոր նպատակներին. ձեռք բերեց իշխանություն, դիրք, կարողացավ սուլթանական գահը ապահովել իր որդու` Սելիմի համար: Վարկած կա, որ հենց նրա պատճառով կործանվեց Օսմանյան կայսրությունը, քանի որ նրա երկրորդ որդին` Սելիմը, սուլթան դարձավ ոչ օրինական ճանապարհով (Հյուրեմի սադրանքների պատճառով սուլթան Սուլեյմանը սպանել տվեց իր ավագ որդուն` Մուստաֆային, որն էլ պետք է հաջորդեր իրեն) և քանի որ, մեղմ ասած, անտաղանդ քաղաքական գործիչ էր, կայսրությունը տարավ անկման ճանապարհով, իսկ նրանից հետո կառավարած սուլթանները նույնպես աչքի չընկան հաջողություններով:

Հարկ է նշել, որ սերիալը  նկարահանված է բարձր մակարդակով. դերասանական փայլուն խաղ, սցենարային հետաքրքիր լուծումներ: Այս պարագայում զարմանալի չէ սերիալի նման հաջողությունը: Ստամբուլում սուլթանական Թոփքապ պալատը տեսնելու համար երկար հերթեր են գոյանում, տարբեր երկրներից եկած զբոսաշրջիկ կանայք, հիացած Հյուրեմ սուլթանի կերպարով, ուզում են րոպե առաջ լուսանկարվել նրա պատվին կանգնեցված աղբյուրի մոտ, ֆիլմի կանանց կրած զարդերի նմանակումները շուկայում ամենից շատ վաճառվողներից են: Սա արդեն խոսում է այն մասին, որ սերիալը մեծ ազդեցություն ունի իր լսարանի վրա և հարմար միջոց է սերմանելու որոշ գաղափարներ:

Սերիալի նկարահանման համար ծախսվում են մեծ գումարներ, այն գովազդվում է երկրով մեկ, ստամբուլյան փողոցներում կարելի է տեսնել սերիալի հերոսների հագուստներով շրջող կերպարների, բազմաթիվ պաստառներ և գովազդներ: Սա նշանակում է, որ պետությունը շահագրգռված է, որ սերիալը մեծ մասսայականություն ունենա: Ինչո՞ւ:

Սերիալում մեզ ցույց են տալիս հզոր, հարուստ, խոշոր կայսրություն, որը գրեթե միշտ հաղթում է պատերազմներում և հաջողում դիվանագիտության ոլորտում: Սուլթան Սուլեյմանը ներկայացված է որպես ուժեղ, արդար և խելացի տիրակալ: Իհարկե, պատմական հենքով հանդերձ, շատ են նաև չափազանցությունները: Բայց քանի որ միջին կրթություն ունեցող խավը, առավել ևս արտասահմանյան հեռուստադիտողը լավ ծանոթ չէ կամ ընդհանրապես տեղյակ չէ Օսմանյան կայսրության պատմությունից, ամեն ինչ ընդունում է որպես բացարձակ ճշմարտություն: Հետևաբար,օտարի աչքին և՛ Օսմանյան պետությունը, և՛ նրա սուլթանները դառնում են օրինակելի կերպարներ` արժանի հիացմունքի: Եվ քանի որ ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, կայսրության ժամանակների թուրքական պետության փառքը, մեծարումը փոխանցվում է նաև այսօրվա Թուրքիային և նրա ղեկավարներին:

Ահա ինչպես  կարելի է ընդամենը մի սերիալի օգնությամբ ազգային հպարտության զգացում արմատավորել և պետության իմիջ ձևավորել, հետևաբար և բազմաթիվ կողմնակիցներ ձեռք բերել:

Ակներև է, որ սերիալը քաղաքական ենթատեքստ ունի, որը շատ արդյունավետ է գործում: Սերիալի քաղաքականացված լինելու մասին է խոսում վերջերս Սալոնիկի ուղղափառների առաջնորդի կոչը հավատացյալներին չդիտել այդ սերիալը: Սա նշանակում է, որ սերիալի թաքցրած վտանգը սկսել է բացահայտվել և անհանգստություն առաջացնել:  Ի դեպ, այն դիտում են նաև Հայաստանում, հետևաբար հայ հեռուստադիտողը ևս ակամա դառնում է թուրքական քարոզչության թիրախը:

Սակայն, «Հրաշալի դարում» նաև բացթողումներ կան, թերևս, անխուսափելի բաղթողումներ: Ցույց է տրվում, թե ինչպես են սուլթանի որդիները իրար կոկորդ կրծում գահին տիրանալու համար, դիմում եղբայրասպանության: Պարզ տեսնում ենք նաև, թե ինչպես է կինը կարողանում իրենով անել սուլթանին, դարձնել նրան իր շահերի կամակատարը` դրդելով նրան սպանել սեփական որդուն: Սա էլ է Թուրքիայի անցյալի անքակտելի մասը և դժվար է զատել այն ընդհանուր հյուսվածքից, որքան էլ  այդ հյուսվածքն ամուր քաղաքական ու քարոզչական հենք ունենա:

 

 Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Դիտվել է 4739 անգամ:
Print Friendly

Leave a Reply