ՀՅԴ-ն իր պլատֆորմի շուրջ համախմբվելու կոչ է անում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 8, 2012 13:04

ՀՅԴ-ն դեռևս չգիտի ինչպես կմասնակցի նախագահական ընտրություններին, բայց արդեն մշակել է մի պլատֆորմ, որի վրա համախմվելու կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին խոսեցին ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը և  Աղվան Վարդանյանը:

Իրենց ներկայացրած պլատֆորմի համաձայն ՀՅԴ-ն առաջարկում է բացառել ընտրակաշառքը, պետական-վարչական ռեսուրսի օգտագործումը, անցում կատարել խորհրդարանի ընտրության 100 տոկոս համամասնական սկզբունքի, մինչև 2015թ. ավարտը նախաձեռնել Սահմանադրական փոփոխություններ` կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու նպատակով, հստակ տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, ապահովել դատական իշխանության լիարժեք անկախությունը, սոցիալական քաղաքականության հիմքում դնել կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը, արտաքին քաղաքականության մեջ որդեգրել ազգային-պետական այնպիսի ուղեգիծ, որի գերխնդիրն է հայկական պետականության անկախության, անվտանգության և ինքնուրույնության ապահովումը, ՀՀ և ԼՂՀ միջև կնքել ռազմաքաղաքական դաշինք և նմանատիպ այլ լավ-լավ բաներ, որոնք ամրագրված էին ընդամենը 7 կետով:

Իսկ թե ինչպես է պատկերացնում ՀՅԴ-ն այս երզանանքերի ի կատար ածումը, Արմեն Ռուստամյանն ասաց, որ համախմբվածության մեջ. “Մենք վաղուց հայտարարել էինք այն մասին, որ որպեսզի այս ընտրություններն  իսկապես իմաստ ունենան, դրանք պետք է դառնան նախ մրցակցային, իսկ դրա համար պետք է հնարավոր դարձնել մեր առկա ընդդիմադիր զանգվածի համախմբումը”:

Նա նաև նշեց, որ այս պլատֆորմի բովանդակությունը բնորոշ է իրենց` ազգային կուսակցության տեսակին, բխում է իրենց ազգային նպատակներից, սոցիալ դեմոկրատական մեր էությունից, և, որ ամենակարևորն է, այստեղ իրենք արձանագրել են նվազագույն այն անհրաժեշտ խնդիրները, որոնց լուծումը անհարժեշտ է, որպեսզի կարողանան այս իրավիճակը փոխել:

“Ես վստահ եմ, որ մենք ձևակերպել ենք այն խնդիրները, որոնք մեր հասարակությանը կհամախմբեն”,-ասաց Ռուստամյանը:

Վահե Մակարյան

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply