Եվս մեկ գիրք Հայոց ցեղասպանության մասին թուրքերենով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 8, 2012 10:25

    «Aras» հրատարակչությունը լույս է ընծայել ֆրանսիացի պատմաբան Ռայմոնդ Հ. Գևորգյանի և Փոլ Բ. Փաբուջյանի համատեղ աշխատության թուրքերեն տարբերակը «Հայերը Օսմանյան կայսրությունում 1915 թվականից առաջ» վերնագրով: Այս մասին հաղորդում է «Hyetert»-ը:

Գիրքը, որը 20 տարի առաջ հրատարակվել է Ֆրանսիայում, այսուհետ կդրվի Թուրքիայի ընթերցողների սեղանին: Այն պատմում է 1915 թվականից առաջ հայ բնակչության բնակավայրերի մասին, որոնց թիվը անցնում է 2900-ից: Տեղեկություն է տրվում նաև հայ բնակչության թվաքանակի մասին, ինչպես նաև մոտ 1000 լուսանկարով ներկայացվում են հայերին պատկանող եկեղեցիները, դպրոցները, վանքերը, հին և նոր անունները, քարտեզներ և այլն:

Երկու մասից բաղկացած գրքի առաջին գլխում պատմվում է 19-րդ դարի երկրորդ կեսին հասարակական կյանքում, կրթության բնագավառում, տնտեսության և քաղաքականության մեջ հայերի ներգրավվածության մասին, երբ Օսմանյան կայսրությունը արդիականացման փուլ էր թևակոխում:

«Մարդիկ և նրանց ապրած հողերը» վերնագրով գլխում Օսմանյան կայսրությունում բնակվող հայությունը բաժանվում է ըստ գյուղերի և ավանների`Ստամբուլ, Իզմիր, Իզմիթ, Անկարա, Սըվաս, Տրապիզոն, Կայսերի, Ադանա, Դիարբեքիր, Էրզրում, Վան…

Գիրքը ներկայացնում է 1915 թվականից առաջ Օսմանյան կայսրությունում բնակվող մի հին ժողովրդի մանրամասն պատկերը, որը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ենթարկվեց կոտորածների և այսօր ամբողջովին ջնջված է աշխարհագրական այն տարածքներից, որտեղ ժամանակին ապրել է:

 

Դիտվել է 724 անգամ:
Print Friendly

Leave a Reply