Գյումրիում ոստիկանությունն ընդեմ քաղաքը տնակներից ազատմա՞ն (video)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 8, 2012 9:46

Առաջին հայացքից թվում է, թե Գյումրին վագոն-տնակներից ազատման գործում պիտի շահագրգռված լինեին բոլորը, այդ թվում առաջին հերթին բնակիչները, ապա տեղական ու հանրապետական իշխանությունները:

Սակայն 2010թ.-ից Գյումրիում ընթացող բնակբաշխման գործընթացի մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բնակարան ստացած անօթևան բազմաթիվ ընտանիքներ տնակների քանդման ժամանակ երբեմն հանդիպում են արհեստածին խոչընդոտների և որ ամենացավալին է դրանց հաղթահարման գործում նրանք մնում են անօգնական վիճակում:

Իսկ, աղետի գոտում ՀՀ կառավարության բնակարանների բաշխումը կանոնակարգող որոշումներով սահմանված կարգի համաձայն, նոր բնակարան ստացած ընտանիքները, որպեսզի կարողանան իրենց նոր բնակարանները սեփականաշնորհել պետք է քանդեն իրենց տնակները և ազատեն տարածքները, ինչպես նաև այդ փաստը պիտի հիմնավորվի տեղական իշխանությունների կողմից տրված համապատասխան գրավոր տեղեկանքով: Ավելացնենք, որ յուրաքանչյուր բնակբաշխման գործընթացի ժամանակ Գյումրիում ձևավորվում են հատուկ շինարարական բրիգադաներ, ովքեր բնակարաններ ստացած ընտանիքներից գնում են ժամանակավոր կացարանները, դրանք քանդում և վաճառում են որպես շինանյութ: Այդ գործարքները շահավետ են նաև բնակարան ստացած ընտանիքներին, ովքեր տնակների վաճառքից ստացած գումարները օգտագործում են բնակարանամուտի ծախսերը հոգալու և նոր բնակարանը կահավորելու համար որևէ անհրաժեշտ գույք գնելու նպատակով:

Տնակները քանդելու գործում երբեմն խոչընդոտում են այն անձինք, ովքեր տարիներ առաջ գյումրեցու խոսքերով ասած, «շան մսի գնով» ձեռք են բերել քաղաքի երբեմնի հզոր հիմնարկ-ձեռնարկություններն ու երկրաշարժից հետո Գյումրիում նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններից ժամանած և վերականգնողական աշխատանքներ իրականացրած շինարարների կողմից թողած հիմնարկությունների գույքն ու բանվորական հանրակացարանները: Խնդիրը նրանում է, որ այդ տարածքներում տեղադրված վագոն-տնակներում բնակվող անօթևանները, երբ բնակարաններ են ստանում և փորձում են իրենց տնակները քանդել, հայտնվում են այդ տարածքների սեփականատերերը և պահանջում են տնակները իրենց հանձնել, պատճառաբանելով, թե իրենք տարածքները գնել են այնտեղ տեղադրված տնակներով հանդերձ: Իհարկե նման պարագաներում լինում են շատ անօթևան ընտանիքներ, ովքեր էլի փառք են տալիս Աստծուն, որ իշխանությունները տարածքների և տնակների հետ միասին նաև իրենց չեն վաճառել…

Բնականաբար ցավալի է, որ Գյումրիում որոշ մարդիկ խափանում և քաշքշոցների մեջ են ներքաշում 24 երկար ու ձիգ տարիներ բնակարանամուտի ուրախությանը սպասած ընտանիքներին:

Նման վիճակում է հայտնվել նաև «Շիրակ կենտրոնի» այսօրվա տեսանյութի հերոսը, ով 24 տարի խոնավ ու ցուրտ տնակներում բնակվելուց հետո օրերս վերջապես Մուշ-2 թաղամասում իր երկու երեխաների և տարեց մոր հետ բնակարան է ստացել և փորձել է քանդել իր տնակը, սակայն նրա` Արմենուհի Մաթոսյանի կիսաքանդ տնակի վրա Գյումրու ոստիկանության կողմից կալանք է դրվել:

Հ.Գ. Տեսանյութը www.shirakcentre.org վեբ կայքում հրապարակելուց անմիջապես հետո ՀՀ Գյումրու դատախազությունից հայտնեցին, որ արդեն իսկ տեսանյութում արծարծված փաստերի ուսումնասիրություն է իրականացվում իրենց կողմից:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Դիտվել է 727 անգամ:
Print Friendly

Leave a Reply