1988 թ.-ի երկրաշարժից հետո բնակարաններից զրկված երկու ընտանիքի կնվիրաբերվի բնակելի տարածք
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | November 8, 2012 9:14
ՀՀ կառավարությունը մտադիր է «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի թիվ 3 և Երևան քաղաքի Աճառյան թիվ 20/3 հասցեների հանրակացարաններում բնակվող ՀՀ քաղաքացիներին նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:
Բնակելի տարածք նվիրելու մասին այս որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում: Այն վերաբերում է Գյումրիի թիվ 3 հանրակացարանի 6-րդ բնակարանում բնակվող Սողոյանների և Երևանի հանրակացարանի թիվ 322, 323 սենյակները զբաղեցնող Վարդանյանների 4-ական անձից բաղկացած ընտանիքներին: Վերջինները դիմել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` հայտնելով, որ 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո զրկվել են բնակարաններից, Հայաստանի Հանրապետությունում չունեն սեփականության իրավունքով որևէ անշարժ գույք, գտնվում են սոցիալապես անապահով վիճակում, չունեն աշխատանք, և խնդրել են իրենց նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները` մշտական բնակության վայր ունենալու հույսով:
Ըստ որոշման նախագծի, Պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն ենթակա են իրականացման նվիրառու հանդիսացող բնակիչների կողմից:
Փաստինֆո»






Facebook
Tweet This
Email This Post
